«Հանքարդյունաբերությունը և կրիտիկական մետաղների արդյունաբերությունը շատ կարևոր ժամանակաշրջան են ապրում, հատկապես՝ Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանքարդյունաբերության երրորդ ֆորումի մասնակից, «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Գեղամյանը։
Գեղամյանի խոսքով՝ հանքարդյունաբերական ֆորումի՝ Հայաստանի և հանքարդյունաբերության ոլորտի համար ունեցած օգուտները բազմաշերտ են։
«Բարձրանում է Հայաստանի տեսանելիությունը միջազգային դաշտում»,- նշեց նա։
Գեղամյանը կարևորեց նաև ՀՀ-ԱՄՆ սերտ համագործակցությունը՝ որպես դրա կարևորագույն փաստաթուղթ նշելով կրիտիկական մետաղների վերաբերյալ ստորագրված հուշագիրը։
Կարդացեք նաև
Այս համատեքստում նա ընդգծեց ֆորումի կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս տարբեր տեսանկյուններից քննարկել առկա հարցերը, ոլորտում առկա մտահոգությունները, ներդրումային էկոհամակարգը և այն խնդիրները, որոնց կարող են բախվել ներդրողները։
Նրա խոսքով՝ այս ամենը նպաստում է հանքարդյունաբերական համայնքի ձևավորմանը։
«Եվ սա մեր պետության շահերից է բխում»,- եզրափակեց Գեղամյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































