Հայաստանում երկրաբանական հետազոտությունների իրական ներուժ կա, սակայն երկիրը դեռևս բավարար չափով ուսումնասիրված չէ։ Միաժամանակ հայտնի է, որ առանց երկրաբանական ուսումնասիրությունների հնարավոր չեն նոր հայտնաբերումները, ծրագրերի իրականացումն ու հանքերի շահագործումը։ Այս ոլորտում բացեր կան, և ծրագրերի պակաս է զգացվում։
Այս մասին այսօր ՀՀ հանքարդյունաբերության երրորդ ֆորումի ժամանակ ասաց Wood Mackenzie խորհրդատվական ընկերության՝ հանքարդյունաբերության և մետաղների գծով փոխնախագահ Վաել Ջաբերը։
Նա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր է կառավարությունը ձեռնարկում՝ ապագայում այդ ջանքերը խրախուսելու համար։
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ Վարդանյանն ասաց, որ երկրաբանական ֆոնդում պահպանվում է տասնամյակների ընթացքում կուտակված երկրաբանական տեղեկատվություն, սակայն այն ներդրումային հնարավորությունների վերածելու համար պետք է հասանելի լինի և ներկայացվի վստահելի ու հասկանալի ձևով։ Նրա խոսքով՝ այդ տվյալները ելակետային տեղեկատվություն կդառնան պոտենցիալ ներդրողների համար։
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն էլ նկատեց, որ Հայաստանն ունի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու, նոր հանքավայրեր ուսումնասիրելու և զարգացնելու ներուժ։
Նրա խոսքով՝ նախկինում կիրառվել են խորհրդային ժամանակաշրջանի տվյալներն ու հանքարդյունաբերության վերաբերյալ մոտեցումները, որոնք հիմնված էին բոլորովին այլ ռազմավարության վրա։
«Ուսումնասիրվել են միայն այն հանքավայրերը, որոնք ունեցել են բարձր պարունակություն։ Ինչ փոխվեց նոր Հայաստանում․ փոխվեց այն, որ տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ այժմ ուսումնասիրվում են նաև շատ ավելի ցածր պարունակություն ունեցող հանքավայրեր, որոնք կարող են շահութաբեր լինել ներդրողների համար»,- ասաց Ալոյանը։
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինն էլ նկատեց, որ վերջին 15-20 տարիների ընթացքում միայն «Լիդիանն» է կարողացել արդյունքի հասնել։
«Երեք տարի է՝ մենք հանդիպումներ ենք անցկացնում։ Այդ ընթացքում որևէ հանք հայտնաբերվե՞լ է՝ ոչ։ Իսկ հայտնաբերված հանքավայրերի լիցենզիաներից որևէ մեկը հանգեցրե՞լ է հանքի շահագործման՝ ոչ։ Շինարարությունը սկսվե՞լ է՝ ոչ։
Եկեք նախ սկսենք հարցի էությունը հասկանալուց։ Իմ ընկալմամբ՝ հարցը միշտ երկու կողմ ունի․ մի կողմից պետությունն է, մյուս կողմից՝ ընդերքօգտագործողը։ Եթե լինեն համապատասխան հարաբերություններ, եթե ֆինանսական մոտեցումից անցում կատարվի ինստիտուցիոնալ մոտեցման, իմ կարծիքով՝ այդ հարաբերություններում լուրջ առաջընթաց կլինի։
Ընդերքօգտագործողները հստակ պատկերացում ունեն այս փոխհարաբերությունների վերաբերյալ․ պետք է երկու կողմն էլ հստակ պատասխանատվություն կրի։ Չի կարող պատասխանատվությունը լինել միայն ընդերքօգտագործողի կողմից»,- ասաց նա։
Խուդոլինի խոսքով՝ օրենքները պետք է այնքան հստակ լինեն, որ ներդրումներ կատարող յուրաքանչյուր ներդրող իր իրավունքների առումով պաշտպանված զգա իրեն։
«Գիտեք, որ ներդրված գումարի վերադարձը տևում է առնվազն 10-15 տարի։ Սա մեծ իներցիայով աշխատող ճյուղ է։ Եթե չլինեն հստակ օրենքներ, որոնք կպաշտպանեն ներդրողների իրավունքները, մենք շարունակելու ենք նույն տեղում դոփել և անընդհատ հանդիպումներ ունենալ։
Հարցադրում եմ ուզում անել՝ հանքարդյունաբերության ոլորտում հարաբերությունների փիլիսոփայության փոփոխության մասին։ Եթե կառավարությանը դա պետք է, ապա պետք է պատասխանատվություն ստանձնի․ օրենքները պետք է շատ հստակ գրված լինեն և հստակորեն կատարվեն։ Որոշման կայացման համար նախատեսված է չորս ամիս, բայց երբեմն պետական մարմիններից մեկ տարի է պահանջվում այդ որոշումները կայացնելու համար»,- ընդգծեց Խուդոլինը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































