«Այս համաժողովը կարևոր հնարավորություն է քննարկելու ՀՀ տնտեսության, ներդրումային միջավայրի, տեխնոլոգիական զարգացման և երկարաժամկետ մրցունակության համար կարևորագույն ոլորտներից մեկը՝ հանքարդյունաբերությունը։ Այսօր հանքարդյունաբերության դերը համաշխարհային տնտեսության մեջ էականորեն փոխվում է։ Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականներով՝ կրիտիկական հանքային ռեսուրսների պահանջարկը շարունակելու է աճել։ Միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա մոտ 7 մլն տոննայով»,- այսօր ՀՀ հանքարդյունաբերության երրորդ ֆորումի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի հանքարդյունաբերության երկար պատմություն և միջազգային շուկաներում պահանջված մետաղներ՝ պղինձ ու մոլիբդեն։
«Մեր խնդիրը պարզապես ավելի շատ հանքարդյունաբերություն ունենալը չէ, այլ որակապես նոր հանքարդյունաբերություն ձևավորելը։ Այսօր երկրների մրցունակությունը որոշվում է ոչ միայն բնական պաշարներով։ Կանխատեսելի կարգավորումները, կայուն հարկային միջավայրը, արդյունավետ պետական կառավարումը և ներդրողի համար հասկանալի քաղաքականությունը նույնքան կարևոր են։
Հայաստանն այս առումով ունի և՛ իրական հնարավորություններ, և՛ անելիքներ։ Տարածաշրջանային խաղաղության և կապուղիների ապաշրջափակման օրակարգը կարող է էականորեն փոխել Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը։ Ավելի բաց ու փոխկապակցված տարածաշրջանում Հայաստանը կարող է ձգտել ոչ միայն հումք արտահանող երկրի դիրքին, այլև ձևավորել ավելի լայն հանքարդյունաբերական ու արդյունաբերական էկոհամակարգ»,- նշեց փոխվարչապետը։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































