Մարդիկ չեն կարող զրկվել իրենց սեփականությունից, օրենքով նախատեսված բոլոր հնարավոր երաշխիքների շրջանցմամբ
Երևանի քաղաքապետարանը չի կարող անտեսել մարդկանց՝ պետության կողմից տրված սեփականության իրավունքի վկայականները, դատական ակտերը և նրանց կողմից իրականացվող տնտեսական գործունեությունը, իրականացվող գործունեությունից ունեցած հնարավոր ակնկալիքները, եկամուտները։
Այն, ինչ տեղի է ունեցել Շինարարների փողոցում, որևէ ողջամիտ բացատրություն ունենալ չի կարող։ Առանց անհետաձգելի անհրաժեշտության, ոչ աշխատանքային ժամի՝ երեկոյան, մթության պայմաններում, հատուկ տեխնիկայի կիրառմամբ, իրավական երաշխիքների անտեսմամբ, Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանի ղեկավարության կողմից մարդկանց սեփականության օբյեկտները քանդելու փորձը ու դրա ներկայիս շարունակությունը որևէ կերպ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով սեփականության իրավունքը հարգելու պետության պոզիտիվ պարտավորություններին։
Ընդամենն ամիսներ առաջ՝ 2026 թվականի փետրվարի 11-ին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացվում էին որպես ոլորտի լուրջ բարեփոխումներ, որոնք, օրենքի նախագծի հիմնավորման համաձայն, պետք է ապահովեին «օտարվող սեփականության սեփականատերերի համար բավարար երաշխիքներ»։ Այդ բարեփոխումների հիմքում, ի թիվս այլ հիմնավորումների, Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ կայացված վճռիներն էին, որոնց թիվն այս պահին հասնում է մոտ չորս տասնյակի։
Կարդացեք նաև
Մարդկանց սեփականության իրավունքով պատկանող կրպակները հարկադրաբար քանդելու փոխարեն, հատուկ տեխնիկայով կարող եք այցելել Երևանի սրտում գտնվող՝ ք. Երևան, Թումանյան 2-րդ անցուղի, տուն 5, որտեղ, նորմատիվային բոլոր հնարավոր պահանջների խախտմամբ, ինքնակամ վեր է խոյանում 12-հարկանի շենք, մարդկանց սեփականության, կյանքի և առողջության, կանաչ տարածքի և բակի հաշվին։
Առնոլդ Վարդանյան
«Առավոտ» օրաթերթ
16.10.2026



















































