Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատը, եղբայրությունը, սատանան ու Համազասպը

Հոկտեմբեր 17,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի ԱԳ նախարարն ասում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը եղբայրական է, քննարկումները՝ կառուցողական, խնդիրները՝ լուծելի։ Շատերն են ուշադրության արժանացնում այս հայտարարությունը եւ անդրադառնալով դրան՝ հիշեցնում նույն Արարատ Միրզոյանին եւ այն իշխանությանը, որը ներկայացնում է նա, իրենց հակառուսական հայտարարություններն ու հռետորաբանությունը։ Հարց է հնչում, թե ի՞նչ էր այդ ամենը, ինչո՞ւ էր այդ ամենը, եթե հայ-ռուսական հարաբերությունը «եղբայրական» էր։

Ամենեւին չունենալով հավակնություն ու ցանկություն պատասխանել իշխանության փոխարեն, այդուհանդերձ, կարեւոր եմ համարում անդրադառնալ իրավիճակին ու թեմային առհասարակ։ Իսկ ի՞նչն էր կամ ի՞նչն է այդ դյուրահավատության պատճառը, որ Հայաստանի իշխանության «հակառուսականության» հարցում առկա է եղել հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում առհասարակ։ Եթե դա «դյուրահավատություն» չէր, ապա ինչի՞ դրսեւորում է եղել այն սուր ընդդիմախոսությունը, որ ուղղված էր հայ-ռուսական հարաբերությունը «քանդելուն», որ ըստ ընդդիմախոսների՝ արել եւ դեռ անում է Հայաստանի իշխանությունը։ Եվ ի՞նչն է եղել հաշվարկը։ Որ Ռուսաստանը կգնահատի այդ նվիրումը, եւ ինչ-որ կերպ կաջակցի Փաշինյանի դեմ պայքարո՞ւմ։ Թե՞ Հայաստանի հանրությունը կգնահատի վտանգը եւ դրա մասին զգուշացումները։

Ակնառու է մի բան, որ Հայաստանի թե իշխանության, թե նաեւ դրա ընդդիմախոսների մի շոշափելի շրջանակի «շնորհիվ» հայ-ռուսական փոխհարաբերության կարեւոր, նույնիսկ որոշակի օբյեկտիվ եւ օրինաչափ իրողություններից ելնելով՝ անկյունաքարային նշանակության թեման վերածվել է իռացիոնալ-հուզական «բանահյուսության» եւ գործնականում զարկվել տնտեսաքաղաքական տարողունակությունից ու բովանդակությունից։

Դրա շահառուներ կարող են լինել շատերը, բայց ոչ Հայաստանի հանրությունը, ոչ Հայաստանի տնտեսությունը։ Այդ իռացիոնալ-հուզական բանահյուսության ռեժիմն է, որ թույլ է տալիս, օրինակ, պաշտոնական Երեւանին՝ Հայաստանի տնտեսական կարեւորագույն շահերը դնել հայ-ռուսական հարաբերության թեմայով քաղաքական կոնյունկտուրային նենգափոխումների սեղանին՝ որպես խաղադրույք, այն էլ զգալիորեն տանուլ տրվող, եւ մարսել։ Հետո ասել «կախարդական» բառը՝ «եղբայրական», ու ամեն ինչ վերադարձնել ի շրջանս յուր։ Ինչպես 1990-ականների սկզբին Հայաստանում մեծ ֆուրոր առաջացրած ներկայացման մեջ էր սատանան գայթակղում ընչազուրկ գրողին՝ «բայց ես ասացի՝ եղբայր, չէ՞, Համազասպ ջան»։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել