Ռուսաստան հայկական արտադրանքի մեծ մասի ներմուծման արգելքը որևէ կերպ չի անդրադարձել խանութների դարակների վրա։ Հայկական ապրանքների տեղը զբաղեցրել են վրացականները։
Առևտրային պատերազմից ամենաշատը շահել է հենց Վրաստանը, հետևում է АЦ «Акценты» վերլուծական զեկույցից, որը պատրաստվել է Ռուսաստանի արտաքին առևտրի գերատեսչություններից մեկի համար։
Ըստ զեկույցի՝ Թբիլիսին և Մոսկվան երկկողմ առևտրում միանգամից մի քանի վիճակագրական ռեկորդ են թարմացրել։
Արժեքավոր ձկնատեսակներ
Կարդացեք նաև
2026 թվականի հունիսին Ռուսաստանը Վրաստանից սառեցված իշխան ձկան գնումներն ավելացրել է շուրջ 1,6 միլիոն դոլարով, ինչը 9 անգամ գերազանցում է անցյալ տարվա հունիսի ցուցանիշը (184 հազար դոլար)։ Դա բացարձակ պատմական առավելագույնն է։ Ավելին, հունիսի արդյունքներով Ռուսաստանը դարձել է աշխարհում վրացական իշխանի միակ գնորդը՝ ամբողջությամբ գնելով այս կատեգորիայի արտահանման ամբողջ ծավալը։
Հատապտուղներ և մրգեր
Վրաստանից մրգերի սեզոնային ներմուծումը նույնպես բազմամյա ռեկորդներ է սահմանել։ Բալի և քաղցր բալի մատակարարումներն աճել են գրեթե 30 անգամ՝ 21 հազար դոլարից հասնելով 607 հազար դոլարի։ Աճել են նաև դեղձի և նեկտարինի մատակարարումները (հունիսին՝ 580 հազար դոլար)։
Ընթացիկ սեզոնում (2025 թվականի օգոստոսից մինչև 2026 թվականի մայիս) Վրաստանն արտաքին շուկաներ է մատակարարել 23,6 հազար տոննա խնձոր, որից 22,2 հազար տոննան (ավելի քան 94%-ը) գնացել է Ռուսաստան։ ՌԴ արտահանումը ծավալով աճել է 30%-ով, իսկ արժեքով՝ 53%-ով՝ հասնելով 17,4 միլիոն դոլարի։
Բանջարեղեն
Հունիսին Ռուսաստանը Վրաստանից ներմուծել է 290 հազար դոլարի լոլիկ, ինչը երկու անգամ ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Իսկ ահա կարտոֆիլի գնումները նվազում են ցույց տվել․ ներմուծումը կրճատվել է մեկ երրորդով՝ շուրջ 926 հազար դոլար։
Ըմպելիքներ
Կիսամյակի արդյունքներով Ռուսաստանը ներմուծել է 46,4 միլիոն դոլարի վրացական հանքային ջուր (նախորդ տարվա 41,8 միլիոն դոլարի դիմաց)։ Դա նույնպես պատմական առավելագույնն է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։
Ռուսաստան վրացական գինու ներմուծումը նույնպես աճել է՝ կիսամյակում հասնելով 70 միլիոն դոլարի։ Ռուսաստանը վստահորեն պահպանում է թիվ 1 գնորդի կարգավիճակը (համեմատության համար՝ երկրորդ տեղը զբաղեցրած Լեհաստանը գինի է գնել ընդամենը 1,5 միլիոն դոլարով)։
Հունիսին վրացական խնձորի հյութի ներմուծումը Ռուսաստան աճել է 8 անգամ՝ հասնելով 389 հազար դոլարի։ Միաժամանակ քաղցր գազավորված ըմպելիքների գնումները նվազել են 22%-ով (շուրջ 5,4 միլիոն դոլար), ինչը վկայում է պահանջարկի տեղաշարժի մասին՝ հօգուտ բնական հյութերի և հանքային ջրերի։
Ռուսաստանցի ներմուծողների արագ հարմարվողականությունը ցույց է տվել մանրածախ առևտրի բարձր ճկունությունը, ասվում է АЦ «Акценты» զեկույցում։ Վրաստանը, փոխադարձ առևտրում պրագմատիկ դիրքորոշում զբաղեցնելով, փաստացի ստացել է Հարավային Կովկասի գլխավոր պարենային հանգույցի կարգավիճակը՝ օպերատիվորեն փակելով ռուսական շուկայի կարիքները Հայաստանի փոխարեն։
Թարգմանությունը՝ News.am-ի


















































