Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Հենց միահեծան ցարի կամ կայսրի պես է այսօր իրեն դրսևորում այս մարդը. «Փաստ»

Հոկտեմբեր 17,2026 10:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Եթե տարիներ առաջ որևէ մեկին ասեին, թե սոցիալական ցանցում կատարած գրառման համար մարդը կարող է ձերբակալվել, հետո անգամ կալանավորվել, նա բարձր կծիծաղեր և կասկածներ կհայտներ նման միտք արտահայտողի հոգեկան հավասարակշռության վերաբերյալ։ 2018 թվականից հետո մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ սա ոչ միայն տեսականորեն հնարավոր է, այլ նաև իրականություն։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած անձի հետ գործ ունենք։ Ի դեպ, նաև բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված։ Վստահ է՝ այս կամ այն բանը ոչ ոք չի կարող այնպես անել, ինչպես ինքն անձամբ։ Հենց միահեծան ցարի կամ կայսրի պես է այսօր իրեն դրսևորում այս մարդը՝ բառի բուն իմաստով բացարձակապես կառավարման ունակություններ չունեցող անձը, որ այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Նա ընդամենը տիրապետում է աղքատիկ մի շտեմարանի, այն է՝ պատիժ, վախեցնել, ահաբեկել և ամենագռեհիկ բառապաշարով փորձել նսեմացնել իր դիմաց կանգնած արժանապատիվ քաղաքացիներին։ Կարծում եմ՝ ո՛չ ավելացնում, ո՛չ պակասեցնում եմ իրողությունը։ Հատկապես որ, կարծես թե, նա պարծենում է իր արարքներով։ Այնպես չէ, որ նա ինչ-որ բան թաքուն է անում կամ հետո, քիչ թե շատ հոդաբաշխ, ինչ-որ բացատրություններ է տալիս։ Հակառակը՝ կարծես թե ժամանակ է ծախսում նրա վրա, որ փնտրի և գտնի այնպիսի խոսքեր, որոնք իր անմեղսունակ մտածելակերպով պետք է վիրավորեն դիմացինին։ Իրականում ես պետք է հոգեբանական ճշմարտություն ասեմ։ Երբ մարդը խոսում է, կապ չունի՝ ում կամ ինչի մասին, իր բառապաշարը, խոսույթը նախ և առաջ բնութագրում է իրեն։ Եվ ահա, այն բոլոր բառերը, ածականները, որոնք նա վերագրում կամ «շպրտում» է դիմացինի դեմքին, բնութագրում են այդ անձնավորությանը։ Այդ մասին ասվում է նաև Եվրոպայի խորհրդի զեկույցում. այո՛, Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքներով ունեցել է մեծամասնություն (ճիշտ է, ոչ իր ցանկացած սահմանադրական մեծամասնությունը), բայց ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է խաբեությամբ, ամենակոշտ, կոպիտ ճանապարհով և անցած տարիների բոլոր կեղծիքներին գումարել է իրենը»։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն, ըստ մեր զրուցակցի, ահազանգում են, որ կալանքը Հայաստանում դարձել է պատժի միջոց։ «Այս արձանագրումներն ամոթ են բերում ոչ միայն այդ անձնավորությանը, այլև նրա ողջ վարչակազմին։ Նրա վարչակազմն ունի ավելի ցածր մակարդակ, քան ինքը։ Երբ մարդը մի բան է անում, շատ անգամ ինքն իրեն կողքից չի տեսնում, բայց կողքից տեսնող վարչակազմը, որն, ինչպես արդեն հասկացել ենք, խիղճ ու ամոթ չունի, գոնե մի քիչ խելք պետք է ունենա, որ կարողանա հօգուտ իրենց իշխանության, հօգուտ անձամբ իրենց՝ ինչ-որ ձևով զսպի այդ անզուսպ, գռեհիկ և, կրկնում եմ, նախ և առաջ իրենց խայտառակող այդ կեցվածքը»,-նկատում է Լարիսա Ալավերդյանը։

Օրերս հրապարակված ԵԽԽՎ զեկույցի մասով զգացողությունները ևս տարբեր են։ Այո, հնչել են բավականին դիպուկ արձանագրումներ, բայց, օրինակ՝ հարց է բարձրացվում, որ եթե ԵԽԽՎ-ն խնդիր է նկատել ԲՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արձանագրված խախտումների մասով, ապա ինչո՞ւ չի առաջարկել որևէ լուծում գտնել քաղաքացիների և քաղաքական ուժի խախտված իրավունքների վերականգնման համար։ Նույնը նաև Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների ձերբակալությունների և կալանավորումների մասով։ Անդրադարձ այս հարցին կա, բայց, ըստ փորձագետների, դիտարկումներն առավել շեշտակի պետք է լինեին։ Իրավիճակն այս առումով «փրկեցին» ԵԽԽՎ մի քանի պատգամավորներ, որոնք քննադատեցին Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրողությունները։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել