«Նախկինում մենք ընդամենը չափում էինք վտանգված տեսակների առկայությունը, իսկ հիմա մեզ հետաքրքրում են նաև էկոհամակարգային ծառայությունները և դրանց առողջ վիճակը։ Սա ընդգծում է հանքի կախվածությունը ջրից և բնական համակարգերից առհասարակ։
Փորձում ենք գտնել, և մեզանից խնդրում են ներկայացնել, էկոհամակարգային ծառայություններին վերաբերող փաստեր ու ապացույցներ՝ ոչ թե պարզապես նշել, թե քանի քառակուսի մետր հող է օգտագործվել կամ քանի ծառ է տնկվել, այլ ավելի շատ ապացույցներ ներկայացնել այդ լանդշաֆտների ապագա դիմակայունության վերաբերյալ»,- այսօր ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ ասաց կենսաբազմազանության, բնության վերականգնմանն ուղղված ռազմավարությունների և կայուն զարգացման ոլորտների միջազգայնորեն ճանաչված փորձագետ Պիպա Հովարդը։
Նա նկատեց, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններն արդեն հիմա պետք է ունենան ելակետային տվյալներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ ռիսկեր պետք է հաշվի առնել հանքի շահագործումից մինչև հանքի փակում։
«Մեզ հետաքրքրում է էկոլոգիայի վերականգնումը, ոչ թե ծառ տնկելը՝ որպես ինքնանպատակ գործողություն»,- ասաց Հովարդը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ բավարար չէ միայն ռիսկերը բացահայտելը, անհրաժեշտ է նաև համապատասխան միջոցառումներ իրականացնել դրանք վերացնելու ուղղությամբ։
«Ենթադրենք՝ կա կախվածություն ջրից։ Ինչպե՞ս եք կառավարում ջրային ռեսուրսները։ Արդյո՞ք ներդնում եք ջրային շերտի կառավարման նախաձեռնություններ, ունե՞ք կենսաբազմազանության գործողությունների արդյունավետ պլան։ Այս ցուցանիշները վերաբերում են բիզնեսի և գործառնական դիմակայունությանը»,- նշեց նա։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ասաց, որ հանքարդյունաբերությունը բարձր ռիսկայնությամբ գործունեության տեսակ է, և դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է համապատասխանի այդ ռիսկայնությանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում առկա են խնդիրներ՝ կապված ելակետային ճշգրիտ տվյալների և հետևանքների արձանագրման հետ։ Գործող կարգավորումների շրջանակում հիմնականում արձանագրվում են արդեն առաջացած հետևանքները, իսկ ռիսկային իրավիճակները բացահայտվում են տնտեսավարողներին այցելելու և տեղում իրավիճակն ուսումնասիրելու արդյունքում։
«Այս խնդիրը լուծելու համար նախաձեռնել ենք 2026 թվականին ստեղծել օբյեկտիվ և թվային վերահսկողության համակարգ։ Արդյունքում պետք է ունենանք ոչ թե հետևանքների արձանագրման, այլ ռիսկերի վաղ կանխարգելման համակարգ»,- ասաց Մարտիրոսյանը։
ԶՊՄԿ տնօրենի տեղակալ Արմեն Ստեփանյանն էլ ասաց, որ պոչամբարներ ունեցող բոլոր հանքավայրերի դեպքում պոչամբարների կայունության ապահովումը հանքարդյունաբերող ընկերությունների առաջնահերթություններից է։
Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես է հանքարդյունաբերողը գնահատում պոչամբարի կայունությունը և դրա հետ կապված ռիսկերը, ինչպես նաև ինչպես է վերահսկում ջրային ռեսուրսները՝ ոչ միայն աղտոտման, այլև ջրօգտագործման տեսանկյունից։
Ըստ նրա՝ կարևոր է նաև գնահատել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ջրառը նվազեցնելու և ջրային ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու համար՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




















































