Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Earth.Org կայքում 2026 թ–ի հոկտեմբերի 16–ին:
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովին մասնակից բանակցողների քննարկումների առանցքում հաճախ խոշոր ցուցանիշերն են. քանի՞ թիրախ է շեղվել սահմանված ուղուց կամ ժամկետներից, և որքա՞ն ֆինանսավորում է անհրաժեշտ դրանք իրագործելու համար։ Այդ թվերի հետևում, սակայն, ընթանում է մի կարևոր փոփոխություն. պետությունները գյուղատնտեսությունն այլևս չեն դիտարկում սոսկ որպես կենսաբազմազանության կորստի պատճառ, այլ դիտարկում են այն որպես խնդրի լուծման հիմնարար գործոն։ ՊԳԿ–ի նոր վերլուծությունը, որն ընդգրկում է Կենսաբազմազանության 78 ազգային ծրագրերը, վկայում է, որ երկրների նախանշած բոլոր գործողությունների ավելի քան մեկ երրորդն առնչվում է գյուղատնտեսական պարենային համակարգերին։
Այն իրական առաջընթաց է։ Առանց պարենի արտադրության եղանակների փոփոխության՝ անիրատեսական է հասնել կենսաբազմազանության համաշխարհային նպատակներին։ Գյուղատնտեսությունը կենսաբազմազանության ծրագրերում ներառելը գործընթացի առավել դյուրին մասն է։ Շատ երկրներ դեռևս չունեն ինստիտուցիոնալ անհրաժեշտ կարողություններ և գործնական աջակցություն՝ իրենց նպատակներն ու պարտավորությունները ֆերմերային տնտեսություններում, անտառտնտեսություններում և ձկնային տնտեսություններում շոշափելի փոփոխությունների վերածելու համար։ Նրանք նաև չունեն Կենսաբազմազանության գլոբալ շրջանակին համապատասխանեցված ազգային տվյալներ հավաքագրման և մշտադիտարկման համակարգեր, ինչը դժվարացնում է գնահատել, թե որ միջոցառումներն են արդյունավետ, և արդյոք առանձին ծրագրերի արդյունքները միասին ապահովում են շոշափելի առաջընթաց։
Եթե ցանկանում ենք, որ COP17–ն իրական ազդեցություն ունենա, անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել ստանձնած պարտավորությունները գործողությունների վերածելու վրա․ ֆինանսավորումը պետք է ուղղել այն կենսական, թեև նվազ տեսանելի ու գրավիչ համակարգերի փոխակերպմանը, որոնք ապահովում են այդ ծրագրերի իրագործումը։
Կարդացեք նաև
Արդյունավետ մշտադիտարկումը օգնում է կառավարություններին որոշելու, թե որ ոլորտներին է անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնել, և երբ է պետք վերանայել գործողությունների ընթացքը։ Դա նաև մեծացնում է ֆինանսավորողների վստահությունը առ այն, որ ներդրումներն ապահովում են ակնկալվող արդյունքները՝ նպաստելով հետագա ջանքերի և ֆինանսական միջոցների ուղղմանն այն ծրագրերին, որոնք արդեն իսկ ապացուցել են իրենց արդյունավետությունը։
Մադագասկարի օրինակը ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ այդ ծրագրերը գործնականում կիրառելու համար, և ինչ է տեղի ունենում, երբ բացակայում են որոշ կարևոր բաղադրիչներ։ Երկիրը մշակել է ազգային ճանապարհային քարտեզ՝ կենսաբազմազանության պահպանությունը գյուղատնտեսության, անտառտնտեսության, անասնապահության և ձկնորսության ոլորտներում ներառելու նպատակով։ Այս տարի երկիրն ընդունել է ռազմավարություն՝ մինչև 2035 թվականը խիստ վտանգավոր թունաքիմիկատների կիրառումն աստիճանաբար դադարեցնելու վերաբերյալ․ այդպիսով աղտոտվածության նվազեցմանն ուղղված կենսաբազմազանության պարտավորությունը վերածվում է ազգային մակարդակի կոնկրետ գործողությունների։
Նման քաղաքականությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ֆերմերներն ունեն կենսունակ այլընտրանքներ և դրանք կիրառելու համար անհրաժեշտ աջակցություն։ Մադագասկարի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոենի շրջանում ավելի քան 500 ֆերմեր մասնակցել է կենսաբանական թունաքիմիկատների կիրառման, կոմպոստացման, ագրոանտառային տնտեսության, բրնձի արտադրության բարելավման և առավել կայուն ձկնորսության վերաբերյալ վերապատրաստումների։ Իրականացված ելակետային ուսումնասիրությունն օգնել է պարզելու, թե տեղական գյուղատնտեսական և ձկնորսական գործունեության որ ուղղություններում է իրատեսական ներառել կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման սկզբունքները։ Օրինակ՝ ծովախեցգետինների բտման համար նախատեսված ավազանները ձկնորսներին հնարավորություն են տալիս չորսալու դեռևս չհասունացած ծովախեցգետիններ՝ այդպիսով նվազեցնելով բնական պոպուլյացիայի նկատմամբ ճնշումը։ ՊԳԿ-ի աջակցությամբ գործող տեղամասերից մեկում 2024 թվականից ի վեր բրնձի և խեցգետնի արտադրությունը կրկնապատկվել է՝ ապացուցելով, որ կենսաբազմազանության պահպանությունը բնավ չի նշանակում պարենի արտադրության կրճատում։
Ավելին՝ տնկվել է անտառային և պտղատու ծառատեսակների ավելի քան 60 000 տնկի։ Սակայն ծառատունկը միայն առաջին քայլն էր։ Վերականգնման աշխատանքների վերաբերյալ դասընթացներն ու համայնքային իրազեկման միջոցառումները տեղի բնակիչներին օգնել են պահպանելու և խնամելու նորատունկ ծառերը, ինչի շնորհիվ առանձին տեսակների կպչողականության ցուցանիշը հասել է մինչև 90 %-ի։ Համայնքները նաև հակահրդեհային պաշտպանիչ գոտիներ են ստեղծել անտառվերականգնված տարածքների շուրջ, ստացել պոմպեր և սրսկիչներ՝ հրդեհներին արագ արձագանքելու համար, ինչպես նաև տեղեկացվել են վայրի բնության մեջ հրդեհների հասցրած վնասների մասին, որոնք ուղղակիորեն սպառնում են իրենց ապրուստին և պարենային ապահովությանը։ Մադագասկարի կենսաբազմազանությանը սպառնացող մարտահրավերների ֆոնին այս միջոցառումները կարող են փոքրածավալ թվալ, սակայն հենց նման գործնական քայլերն են վճռորոշ դեր խաղում վերականգնողական աշխատանքների երկարաժամկետ հաջողությունն ապահովելու գործում։
Բնական հրդեհների հաշվետվողականությունը բախվում է համանման խնդրի։ Թեև, կարելի է հաշվառել հակահրդեհային պաշտպանիչ գոտիները, վերապատրաստումներն ու վերականգնված հեկտարները, ազգային զեկույցում բացակայում են ամբողջականացված ելակետային տվյալները, որոնք ցույց կտային՝ արդյոք հրդեհներն ավելի հազվադեպ են դառնում, արդյոք կրճատվում է դրանց ընդգրկման մակերեսը կամ նվազում հասցվող վնասը։
Մադագասկարի թունաքիմիկատների վերաբերյալ ռազմավարությամբ սահմանվում են չափման ենթակա ցուցանիշերը, այդ թվում՝ արդյոք նվազում է խիստ վտանգավոր թունաքիմիկատների օգտագործումը, արդյոք ֆերմերներն անցնում են առավել անվտանգ այլընտրանքների կիրառմանը, և արդյոք նվազում է հողի ու ջրի աղտոտվածության մակարդակը։ Սակայն աղտոտվածության վերաբերյալ ազգային տվյալները դեռևս հատվածական են, իսկ մշտադիտարկման կարողությունները՝ սահմանափակ։ Նմանատիպ խնդիր առկա է նաև բնական տարածքներում բռնկվող / անտառային հրդեհների վերաբերյալ հաշվետվողականության ոլորտում։ Թեև հնարավոր է հաշվառել ստեղծված հակահրդեհային պաշտպանիչ գոտիները, անցկացված վերապատրաստումները և վերականգնված տարածքների մակերեսը՝ հեկտարներով, ազգային զեկույցում բացակայում են միասնական ելակետային տվյալներ, որոնք թույլ կտային գնահատել՝ արդյոք հրդեհները դարձել են ավելի հազվադեպ, նվազել են դրանց ընդգրկած տարածքներն ու պատճառած վնասները։
ՊԳԿ–ի վերլուծության համաձայն՝ Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի միայն 43 %–ն է ներառում գյուղատնտեսական պարենային համակարգերին առնչվող գործողությունների կատարողականի գնահատման ցուցանիշեր։ Նույնիսկ այն դեպքերում, երբ նման ցուցանիշեր սահմանված են, դրանք հիմնականում արտացոլում են իրականացված միջոցառումների ծավալները, օրինակ՝ ընդգրկված տարածքների մակերեսը (հեկտարներով), մշտադիտարկված տեղամասերի, ստեղծված սերմերի բանկերի կամ շահառու բնակչության թիվը, այլ ոչ թե այդ միջոցառումների իրական ազդեցությունը։ Ցուցանիշերի միայն 3 %–ն է արտացոլում գործելակերպերի փոփոխությունը, ստանդարտներին և հավաստագրման պահանջներին համապատասխանության մակարդակի բարձրացումը կամ պարենային անվտանգության ու ապրուստի միջոցների ապահովման ոլորտում արձանագրված արդյունքները։ Այսպիսով՝ երկրները կարող են պատկերացում ունենալ իրականացվող միջոցառումների ծավալների մասին՝ միևնույն ժամանակ չունենալով հստակ պատկեր, թե արդյոք դրանք հանգեցնում են վարքագծի փոփոխությունների, կենսապայմանների բարելավման կամ չափելի էկոլոգիական արդյունքների։
Մադագասկարի փորձը ցույց է տալիս, որ կենսաբազմազանության պահպանությունը չի կարող դիտարկվել որպես բացառապես շրջակա միջավայրի նախարարությունների պատասխանատվություն։ Առաջընթացի ապահովման գործում պետք է ներգրավված լինեն նաև գյուղատնտեսության, ձկնորսության և անտառտնտեսության ոլորտային կառույցները՝ գործելով նույն ուղղությամբ միտված քաղաքականությունների, տեղական կարողությունների և հավաստի տեղեկատվության հիման վրա։
COP17 համաժողովի քննարկումների առանցքում պետք է լինեն իրագործման բոլոր մեխանիզմները՝ ֆինանսավորումը, կարողությունները, գիտատեխնիկական գործակցությունն ու տեխնոլոգիաների հասանելիությունը։ Այս բոլոր միջոցներն անհրաժեշտ են երկրներին՝ կենսաբազմազանության պահպանության ծրագրերը գործողությունների վերածելու, արդյունավետ մոտեցումները բացահայտելու և հաջողված գործելակերպերի կիրառումն անհրաժեշտ մասշտաբներով ընդլայնելու համար։ Ի վերջո, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ներդրումները միաժամանակ նպաստում են այն բնական համակարգերի ամրապնդմանը, որոնցից կախված են պարենային անվտանգությունն ու դիմակայունությունը։
Կավեհ ԶԱՀԵԴԻ
Կավեհ Զահեդին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի օգնականն է և Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրենը։ Նա ղեկավարում է ՊԳԿ–ի աշխատանքները կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի կայունության և կլիմայական ֆինանսավորման ոլորտներում։



















































