Wood Mackenzie խորհրդատվական ընկերության հանքարդյունաբերության և մետալուրգիայի գծով փոխնախագահը Վաել Ջաբերն այսօր ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ ֆորումի ժամանակ ներկայացրեց իրենց ընկերության կատարած հետազոտության արդյունքները՝ նշելով, որ ներդրողները Հայաստանը դիտարկում են որպես հարուստ ընդերք, հմուտ աշխատուժ, էներգետիկ և ջրային ռեսուրսների կառավարման հնարավորություններ ունեցող երկիր։Նրա խոսքով՝ ներդրողները Հայաստանում իրենց լավ են զգում, ինչը դրական ազդակ է։ Միևնույն ժամանակ, հետազոտությունը բացահայտել է նաև մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ երկրաբանական տվյալների որակը և սոցիալական համաձայնությունների ձեռքբերումը։ Ջաբերի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի սոցիալական համաձայնության ձևավորմանը։
Նա նաև անդրադարձավ Հայաստանի՝ դեպի ծով ելք չունեցող երկրի կարգավիճակին՝ նշելով, որ այն կարող է դիտարկվել ինչպես որպես թույլ, այնպես էլ որպես ուժեղ կողմ։ Մասնավորապես, ապագայում Հայաստանը կարող է տարածաշրջանային հանգույց դառնալ հաղորդակցությունների և կապերի ապահովման տեսանկյունից։
Ջաբերի խոսքով՝ Հայաստանի ուժեղ կողմերի գնահատումը ցույց է տալիս, որ երկիրը բարենպաստ դիրքում է, և առկա հնարավորությունները կարող են արագ արդյունքներ ապահովել։
Անդրադառնալով գործարար միջավայրին՝ նա նշեց, որ Հայաստանը ներդրողների համար դիտարկվում է որպես համեմատաբար պարզ և թափանցիկ բիզնես միջավայր ունեցող երկիր։ Միևնույն ժամանակ, իրավական համակարգի և իրավունքի կիրառման հետ կապված հարցերը կարող են խոչընդոտներ ստեղծել։ Սակայն, ըստ նրա, համապատասխան քաղաքականության և ծրագրերի միջոցով հնարավոր է այդ հանգամանքները վերածել ուժեղ կողմերի։
Կարդացեք նաև
Ջաբերն անդրադարձավ նաև հարկաբյուջետային քաղաքականությանը՝ ընդգծելով, որ հարկերն ուղղակիորեն ազդում են ներդրումների շահավետության և ծրագրերի շահութաբերության վրա։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը հնարավորություն ունի այս գործոնները չեզոքից վերածելու ուժեղ կողմերի և զարգացնելու հանքարդյունաբերության ոլորտը, որն ունի դարավոր պատմություն։ Ըստ Ջաբերի՝ Հայաստանն ունի նաև մասնագիտական մեծ ներուժ և հսկայական, դեռևս չիրացված ռեսուրսներ։
«Հայաստանն ունի հնարավորություն՝ ստեղծելու հանքարդյունաբերության կարևոր ճյուղ։ Այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան, և առաջիկա տարիներին ոլորտը կարող է վերածվել տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկի»,- ընդգծեց նա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































