Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ոսկե հուշամեդալ՝ ռուսական շոուբիզնեսի աստղերին նվագակցող տաղանդավոր երաժշտին

Հոկտեմբեր 18,2026 00:03 Share
Աջակցեք aravot.am-ին

«Գյումրու օր» տոնակատարության շրջանակում այսօր «Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալ» հանձնվեց կլարնետահար, դուդուկահար Նորայր Բարսեղյանին։
59-ամյա երաժիշտը սկսել է նվագել 14 տարեկանից, սկզբում կլառնետ, այնուհետ՝ դուդուկ։ 14 տարի աշխատել է ժողգործիքների պետական անսամբլում ու հենց այնտեղ էլ սկսել է նաև դուդուկ նվագել։

«1999 թվականին տեղափոխվեցի Մոսկվա, մինչև հիմա Մոսկվայում եմ, ռուսական  գրեթե բոլոր աստղերի հետ աշխատել եմ՝ Մաքս Ֆադեևի, Սոսո Պավլիաշվիլիի, Ավրաամ Ռուսսոյի, Իրինա Ալեգրովայի,  Վլադիմիր Պրեսնյակովի, Ուսպենսկայայի հետ։ Շատ շատերի հետ եմ աշխատել, վերջին տարիներին շատ հաճախակի եմ գալիս Գյումրի, աղջիկներս  տեղափոխվել են Հայաստան, այնպես որ վերջին ժամանակները՝ ամսվա կեսը Գյումրիում եմ», -ասում է երաժիշտը։

Համացանցում մի հետաքրքիր պատմություն կա նրա մասին։ Նրա հայրը՝ Վոլոդյան ևս երաժիշտ է, նա դեմ է եղել, որ որդին երաժիշտ դառնա։ Տանը թեև միշտ կլառնետ ու դուդուկ եղել են, սակայն հայրը թաքցրել է երաժշտական գործիքները։

Նորայրի հորեղբոր տղան մի օր կլառնետ է բերում նրանց տուն, տալիս Նորայրին։ Հայրը օրերից մի օր պատահական լսում է որդու նվագը ու հասկանում, որ նա երաժշտական մեծ տաղանդ ունի, չի կարելի նրան հետ պահել երաժիշտ դառնալու մտքից։

Նշենք, որ Նորայր Բարսեղյանը մեծ ճանաչում ունի, նա դուդուկով նվագակցել է Իրինա Ալեգրովայի «Մամա» երգի ձայնագրմանը, նմանապես Սոսո Պավլիաշվիլիի՝ Ռուսաստանում շատ սիրված ու մեծ տարածում գտած «Սպասում է քեզ վրացին» երգի ձայնագրությանը։

Նա թողարկել է  «Դուդուկի վերածնունդ» ալբոմը, որտեղ հավաքել է հայ կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով  հայ ժողովրդական երաժշտությունների վրա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել