«Գյումրու օր» տոնակատարության առիթով այսօր քաղաքապետարանի դահլիճում հանդիսավորությամբ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացրեցին անվանի քանդակագործ, վաստակավոր նկարիչ, 75-ամյա Սամվել Պետրոսյանին, որը Շառլ Ազնավուրի, Մարալիկի հրապարակում տեղադրված Սողոմոն Թեհլիրյանի ու այլ նշանավոր արձանների քանդակագործն է։
«Գյումրու համայնքի ոսկե հուշամեդալով» պարգևատրեցին Գյումրի բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Դավիթ Սերգեյի Մինասյանին։
Նշենք, որ բժիշկը Երևանից է, աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Նա 10 տարի առաջ է Գյումրի տեղափոխվել՝ Գյումրի բժշկական կենտրոնի երջանկահիշատակ տնօրեն Արմեն Իսահակյանի հրավերով, ով ջանք չէր խնայում իր գլխավորած հիվանդանոցում նոր բաժանմունքներ բացելու, տեխնիկապես հագեցնելու ու մրցակցային դարձնելու համար։
Դավիթ Մինասյանը կատակով, բայց հպարտորեն ասում է․ «Դարձել ենք արդեն գյումրեցի, արմատներ ենք գցել։ Ընտանիքով ենք այստեղ բնակվում»։
Կարդացեք նաև
Նա Գյումրի բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբանության ծառայության ղեկավարն է, երկար ժամանակ այս հիվանդանոցի միակ ինվազիվ միջամտական սրտաբանն էր՝ բազում կյանքներ փրկած։
Հիմա էլ համարվում է այս ոլորտում անփոխարինելի մասնագետ, որը հիվանդանոցի ղեկավարության բնութագրմամբ՝ գիշեր-ցերեկ աշխատում է։
Ինչպես ժամանակին Aravot.am-ն անդրադարձել է, այս բժիշկն արձակուրդ անգամ չի գնում, որ կյանքեր փրկի։
Նրա՝ Գյումրի տեղափոխմամբ, Շիրակի մարզից ու Ջավախքից հիվանդները ստենտավորման համար այլևս մայրաքաղաք չեն հասնում։
Նա 2017 թվականին արժանացել է «Հանրապետության լավագույն սրտաբան» մրցանակին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































