Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 17-ին ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ տեղի ունեցավ կոմպոզիտոր Էդուարդ Խաղագորտյանի (1930-1983) «Շունն ու կատուն» մանկական կատակերգական օպերայի պրեմիերան։ Այն իրականացվեց Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համագործակցությամբ։ Բեմում էին քոլեջի «Երգեցողություն» բաժնի ուսանողները։
Օպերայի պրեմիերայից հետո Aravot.am-ը զրուցեց Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հետ, որն իր խոսքը սկսեց գոհունակությամբ՝ նշելով, որ օպերային թատրոնի տնօրեն, մաեստրո Կարեն Դուրգարյանը մեծ ուշադրություն է դարձնում մեր մանուկների երաժշտական ու գեղագիտական կրթությանն ու ճաշակի ձևավորմանը, ինչը չափազանց կարևոր է։ Չէ՞ որ հենց նրանք են օպերային թատրոնի ապագա հանդիսատեսը։ Թատրոնի խաղացանկը պարբերաբար համալրվում է փոքրիկներին օպերային արվեստին հաղորդակից դարձնող ներկայացումներով։ Մեր զրուցակիցը բարձրաձայնեց ընդամենը երկու ներկայացման անուն՝ Չայկովսկու «Շչելկունչիկ» և Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետները։ Հետո էլ տիկին Ասատրյանը, մանրամասնելով, փաստեց, որ վերջին շրջանում մաեստրո Դուրգարյանը որդեգրել է նոր ու հեռանկարային մոտեցում՝ մանկապատանեկան լսարանին ուղղված ներկայացումներում ներգրավելով պատանի արտիստներին. «Այդպես կյանքի կոչվեց վաղամեռիկ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը» բալետը՝ իրականացված Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ։ Եվ ահա նոր նախագիծը՝ այս անգամ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի հետ համատեղ» (նկատի ունի «Շունն ու կատուն»)։
Կոմպոզիտոր Էդուարդ Խաղագորտյանը, որը Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում ուսանել է Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ, այս օպերան գրել է 1958 թվականին՝ 28 տարեկանում։ Սա երիտասարդ կոմպոզիտորի առաջին երաժշտաբեմական ստեղծագործությունն է, որը ռուսերենով բեմադրվել է Մոսկվայում 1976 թվականին՝ «Ականջներով գլխարկը» վերնագրով (լիբրետոյի հեղինակներ՝ Վլադիմիր Պոլյակով, Նատալյա Սաց)։ Այնուհետև օպերան տարբեր տարիներին բեմադրվել է Ռուսաստանի և այլ երկրների տարբեր քաղաքների օպերային թատրոններում։
Կարդացեք նաև
Իսկ երևանյան հանդիսատեսի ծանոթությունն այս օպերայի հետ սկսվել էր շուրջ 40 տարի առաջ. հենց այս օպերայի բեմադրությամբ 1988 թվականին իր գործունեությունը սկսեց Երևանի պետական մանկական երաժշտական թատրոնը։ Այն ստեղծվել էր 1987 թվականին՝ Երևանի մանկական ձայնի պահպանման երաժշտական դպրոցի հիման վրա։ Այս ինքնատիպ թատրոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը երջանկահիշատակ Դավիթ Զալյանն էր՝ հիշյալ դպրոցի հիմնադիրն ու երկարամյա տնօրենը։ Թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Արմեն Մելիքսեթյանը, դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը։ Հայաստանի թատերական դաշտում գործող այս եզակի թատրոնի նպատակն էր մանուկների մեջ գեղագիտական ու երաժշտական ճաշակի սերմանումն ու զարգացումը (ցավոք, թատրոնը գոյություն ունեցավ մինչև 1997 թվականը, հետո վերանվանվեց և դարձավ Պետական կամերային երաժշտական թատրոն, որի խաղացանկում մինչև լուծարումը կարևոր տեղ են զբաղեցրել մանկական երաժշտական ներկայացումները, օպերաներն ու մյուզիքլները, ինչպես, օրինակ, «Շունն ու կատուն», «Ձյունե թագուհին», «Մոխրոտիկը» և այլն)։
Երևանի պետական մանկական երաժշտական թատրոնում Էդուարդ Խաղագորտյանի «Մի գլխարկի պատմություն» օպերան բեմադրվեց «Ականջներով գլխարկը» վերնագրով։ Ներկայացման դիրիժորն էր Դավիթ Զալյանը, բեմադրող ռեժիսորը՝ Արմեն Մելիքսեթյանը։
Այս օպերան մանկական երաժշտական թումանյանապատումի վառ էջերից է։ Ասվածի առիթով տիկին Ասատրյանը հիշեցրեց. «Ինչպես հայտնի է, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ մանկական երգեր և օպերաներ։ Շատերին է ծանոթ «Փիսիկի գանգատը» երաժշտական պատկերը, սակայն քչերը գիտեն, որ դրա հեղինակը կոմպոզիտոր Դանիել Ղազարյանն է։ Թումանյանական սյուժեներով են գրվել Կարո Զաքարյանի «Գառնիկ ախպեր», Դանիել Ղազարյանի «Գայլը», «Շունն ու կատուն» և Սուրեն Մուրադյանի «Շունն ու կատուն», Ազատ Մանուկյանի «Չարի վերջը», Երվանդ Սարդարյանի «Պոչատ աղվեսը», Միքայել Միրզայանի «Ծիտն ու սազը», Արեգ Լուսինյանի «Ծիտը», Գևորգ Արմենյանի «Մարոն», Նիկոլ Գալանդերյանի «Չարի վերջը», «Ուլիկը» և «Ծաղիկների երգը», Աշոտ Պատմագրյանի «Շունն ու կատուն» և «Տերն ու ծառան» և այլ մանկական օպերաները, որոնք ժամանակին բեմադրվել են մանուկների ուժերով՝ մեծապես նպաստելով մատաղ սերնդի գեղարվեստական կրթությանն ու գեղագիտական դաստիարակությանը։ Եվ գաղտնիք չէ, որ մանկական երաժշտություն գրելը չափազանց բարդ է։ Խաղագորտյանի օպերան գրված է մանուկների համար հասկանալի ու ընկալելի երաժշտական լեզվով. այստեղ, թերևս, իր դերն է խաղացել նաև այն հանգամանքը, որ կոմպոզիտորը մանուկների համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Ղազարոս Աղայանի ծոռն է։ Իր ողջ կյանքի ընթացքում Խաղագորտյանն ուսումնասիրել է ժողովրդական երաժշտությունը և գրառել դրա նմուշները։ Սա իր անջնջելի ազդեցությունն է թողել նրա երաժշտական լեզվի վրա, որը ներթափանցված է հայ ժողովրդական երաժշտության ինտոնացիոն առանձնահատկություններով։ Կոմպոզիտորը «Շունն ու կատուն» օպերայում կիրառել է ժողովրդական մեղեդիներ՝ ուղղակի մեջբերումների տեսքով։ Այսպես, առաջին գործողության երկրորդ պատկերում՝ «Ուստա Կատվի արհեստանոցում», Ուստա Կատուն և կատուների երգչախումբը երգում են մանկական ժողովրդական «Քեռին էկավ մեր բակը» երգը, որը մեծ ժողովրդականություն է վայելում փոքրիկների շրջանում։ Օպերան ծավալվում է մեկ շնչով. մեծ տեղ են գրավում պարային ռիթմերը (մասնավորապես՝ վալսի ինտոնացիաները), որոնք զուգորդվում են ջազային ռիթմերով»։
Մասնագետի հավաստմամբ՝ «Թեև սա մանկական օպերա է, սակայն այն մեծ հաճույքով կարող են դիտել նաև մեծահասակները։ Թվում է, թե հեքիաթը հասցեագրված է միայն մանուկներին, սակայն այն բոլորի համար է։ Յուրաքանչյուր տարիքում միևնույն հեքիաթի ընկալումն ու մեկնաբանությունը փոխվում են, բայց այն միշտ էլ հաճելի ու շատ սպասված է բոլոր տարիքի մարդկանց համար»։
Մեր զրուցակցի ընկալմամբ ու կարծիքով՝ բեմում արտիստների և ստեղծագործական խմբի ստեղծած մանկական անմիջական մթնոլորտը կլանում է բոլորին։ Ինչ խոսք, Էդուարդ Խաղագորտյանի «Շունն ու կատուն» մանկական օպերայի երևանյան բեմադրությունը, որն իրականություն դարձավ տաղանդավոր դիրիժոր և երաժշտական թատրոնի հմուտ կազմակերպիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի վաստակաշատ տնօրեն Վարազդատ Խաչումյանի հետ համագործակցությամբ, օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի և պատանի արտիստների նվիրական ջանքերով, դարձավ նշանավոր իրադարձություն՝ ներկայացնելով թումանյանական անմահ հեքիաթի թարմ ու արդիական մեկնաբանությունը։
Լիբրետոյի հեղինակը և բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը։
Հանդիսատեսի արձագանքից ելնելով՝ փաստենք, որ հատկապես ինքնատիպ էր օպերայի ֆինալը՝ երկրորդ գործողության երկրորդ պատկերը՝ «Դատավարություն-ֆարս», որտեղ Դիվանբաշին, որը հիշեցնում է մեծ ագռավի, Գդակը հանձնում է Փիսոյին։ Ահա Դիվանբաշու արդարադատությունը, որը ոչ թե դատապարտում է խաբեությունն ու գողությունը, այլ խրախուսում ու քաջալերում։ Այստեղ յուրահատուկ հումորով ու սուր երգիծանքով ծաղրի է ենթարկվում կեղծ արդարադատությունը։ Դիվանբաշին՝ դատավորը, արդարացնում կամ խրախուսում է խաբեբային, ինչը ցույց է տալիս, թե ինչպես է տուժում հասարակական բարոյականությունը, երբ օրենքն ու արդարությունը տեղի են տալիս անբարոյականության առաջ։
Իսկ երաժշտական ղեկավար և դիրիժոր Աթանես Առաքելյանի հմուտ ղեկավարությամբ և օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ Խաղագորտյանի կատակերգական ու հեքիաթային երաժշտությունը վերստեղծեց ներկայացման թումանյանական հումորային մթնոլորտը։ Ժամանակակից լուծումներով աչքի ընկնող բեմադրող նկարիչ Աշոտ Թադևոսյանի գունեղ բեմանկարչությունն ու Աստղիկ Ստեփանյանի ստեղծած վառ զգեստները (հագուստների պատրաստող՝ «Marina Fashion») հանդիսատեսին տեղափոխեցին հեքիաթային աշխարհ՝ Կատվաստան քաղաք։
«Բեմադրության կարևոր առանձնահատկություններից մեկն, ըստ իս, դասական օպերայի և ժամանակակից վիզուալ լուծումների համադրությունն էր, մասնավորապես՝ Սամվել Մալերյանի լուսային ձևավորումը և Դավիթ Բաբայանի տեսապրոյեկցիան։ Այս ամենի շնորհիվ ստեղծված ներկայացումը գրավիչ է բոլոր տարիքների հանդիսատեսի համար։ Ներկայացման հաջողությունն ապահովեցին մեներգիչների, բալետային խմբի (պարերի բեմադրիչ՝ Արա Ասատուրյան) և երգչախմբի փայլուն ելույթները։ Խորհրդանշական էր, որ շուրջ 40 տարի առաջ Դավիթ Զալյանի նախաձեռնությամբ Երևանում բեմական կյանքի ուղեգիր ստացած «Շունն ու կատուն» օպերայի բեմադրության մեջ մանկական երգչախմբի ղեկավարը Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային արվեստի դպրոցի սան ու տնօրեն, տաղանդավոր խմբավար Էմմա Առաքելյանն է», — ասաց մեր զրուցակիցը։
Զրույցի ընթացքում Աննա Ասատրյանը հատկապես նշեց. «Ուզում եմ շնորհավորել իմ հարազատ կրթօջախի՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ներկա և նախկին սաներին՝ մենակատարներ Հայկ Փոդրատչյանին, Սարգիս Նազարեթյանին, Գայանե Հովհաննիսյանին, Մերի Չիթչյանին, Մերի Օհանյանին, Հայկ Սուլթանյանին և Լևոն Հարությունյանին՝ օպերային թատրոնի բեմում իրենց հաջողված դեբյուտի առիթով, վառ խարակտերային կերպարներ ստեղծելու համար»։
Ավարտելով՝ ասենք, որ օպերային թատրոնի խաղացանկը հարստացավ մանուկների և պատանիների համար նախատեսված ևս մեկ հրաշալի բեմադրությամբ։ Այսպիսով՝ Էդուարդ Խաղագորտյանի «Շունն ու կատուն» օպերայի այս նոր բեմադրությունը՝ Ազգային օպերային թատրոնի և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի համատեղ ջանքերով, չափազանց կարևոր և նշանակալից իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում։ Այս բեմադրությունը նշանավորեց մանկական երաժշտական թատրոնի ավանդույթների վերածնունդը և շարունակականությունը՝ ուղղակիորեն կամրջելով անցյալն ու ներկան։ Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ այն հարգանքի տուրք է շուրջ 40 տարի առաջ (1988 թվականին) Դավիթ Զալյանի հիմնադրած Երևանի պետական մանկական երաժշտական թատրոնի գաղափարներին և դրանց վերածնունդը։ Այդ գաղափարներն այսօր նոր շունչ են ստանում՝ շնորհիվ նախկին գործի նվիրյալների հետնորդների և գործընկերների։ Իսկ բեմադրությունը դարձավ մշակութային կառույցների եզակի համագործակցության դրսևորում։
Նախագիծը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են միավորվել երկրի գլխավոր թատրոնը և մասնագիտական կրթօջախը։ Սա հնարավորություն է տալիս երիտասարդ և պատանի արտիստներին մեծ բեմում մասնագիտական փորձ ձեռք բերելու, ներկայացնելու իրենց տաղանդը։ Եվ վերահաստատվեց օպերային թատրոնի ռազմավարության նոր ուղղությունը՝ հանուն մանուկների։
Այս քայլով օպերային թատրոնն ընդլայնում է իր ստեղծագործական ռազմավարությունը՝ կարևոր տեղ հատկացնելով մանկական լսարանին և վերաիմաստավորելով հայկական մանկական օպերային ժառանգությունը։ Այն ապացուցում է, որ բարձր արվեստը կարող է և պետք է հասցեագրված լինի նաև փոքրերին՝ ձևավորելով նրանց գեղագիտական ու երաժշտական ճաշակը։
Հայկական ժառանգության արդիականացման և հանրահռչակման շրջանակներում Էդուարդ Խաղագորտյանի՝ հայկական ժողովրդական ֆոլկլորից սնված և ժամանակակից շնչով համեմված երաժշտությունը ստանում է նորարարական վիզուալ մատուցում՝ ժամանակակից բեմանկարչության, լուսային լուծումների և տեսապրոյեկցիաների կիրառմամբ։
Այս ամենի շնորհիվ՝ Հովհաննես Թումանյանի հավերժական ու միշտ արդիական հեքիաթը ներկայացվում է երեխաների համար հասկանալի, ժամանակակից, գունեղ և տպավորիչ լեզվով։
Սամվել Դանիելյան
Լուսանկարները՝ Ազգային օպերային թատրոնի կայքէջից






















































