«Կառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրը, որն իրականացվելու է պետության և մասնավոր հատվածի համագործակցության և համաֆինանսավորման սկզբունքով»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը 2027-2028 ուսումնական տարվանից կներդրվի ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում՝ նպատակ ունենալով զարգացնել ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում միջազգայնորեն մրցունակ կրթական և գիտահետազոտական կարողությունները բարձրագույն կրթության երեք մակարդակներում (բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորանտուրա):
«Նպատակ ունենք բուհերում ձևավորելու մշտական գիտական միջուկ, այն է՝ մինչև 3 ավագ գիտնականներ՝ հրավիրված, 12 և ավելի դոկտորանտ հետազոտողներ, 60 և ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնականներ: Ծրագրի ամբողջական գործարկման փուլում աշխատելու է նաև 15 հետազոտողներից ձևավորված թիմ: Առաջին փուլում նպատակ ունենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերազինել ենթակառուցվածքով, այսինքն՝ այնտեղ գործող խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիան վերազինել և վերաձևակերպել որպես Ֆիզիկական արհեստական բանականության և հետազոտական լաբորատորիա:
Երկրորդ լաբորատորիան կստեղծվի արդեն իսկ ծրագրի շրջանակներում մշակվող չափանիշներին համապատասխան ընտրված՝ համագործակցող բուհերից մեկում: Առաջին փուլում նախատեսված է պետության կողմից 168.4 մլն դրամի ֆինանսավորում: Հիմնականում այն ուղղվելու է գիտնականների ՝ բազային վարձատրությանը, իսկ մասնավոր համագործակցությամբ ներդրված միջոցները լրացնելու են այդ արդյունքները՝ միջազգային մրցունակ աշխատավարձ ապահովելու համար»,- ի թիվս այլնի նշեց Անի Վիրաբյանը:
Կարդացեք նաև
Հայ գիտնականների միության (Armenian Society of Fellows) նախաձեռնությամբ ստեղծված ARCS.ai ռոբոտաշինության և արհեստական բանականության հետազոտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Անիկ Մարգարյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, երբ տրվել է ծրագրի մեկնարկը, մշտադիտարկում են իրականացրել՝ հասկանալու համար, թե այս պահին ինչ ունակություններ՝ կրթական, հետազոտական կարողություններ կան:
«Այդ սկզբունքով ընտրվել են 3 բուհերը՝ ԵՊՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարանները: Եթե խոսում ենք ֆիզիկական արհեստական բանականության մասին, ապա պետք է դիտարկել մեր ինժեներական կրթական կարողությունները և արհեստական բանականության հետ կապված կարողությունները: Պոլիտեխնիկական և ամերիկյան համալսարանների պարագայում ունենք բավականին լավ ձևավորված ինժեներական կրթական համակարգ՝ և՛ բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, հաշվողական ռեսուրսների առումով նախընտրելի էր աշխատել ԵՊՀ-ի հետ՝ պայմանավորված սուպերհամակարգչի գոյությամբ և գործարկմամբ, ինչպես նաև արդեն գործող լաբորատորիաներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































