Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում տեղի ունեցող գործընթացներն իրենց մեջ երկարատև խնդիրների արմատներ են կրում. «Փաստ»

Հոկտեմբեր 20,2026 10:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Ֆրանսիայում ավագ դպրոցականների և ուսանողների զանգվածային բողոքի ցույցերն ու դասադուլները հոկտեմբերի սկզբին ստացել են այնպիսի մասշտաբ, որի մասին սկզբում քչերն էին մտածում։ Շարժումը ծնվել է որպես տեղային դժգոհություն Փարիզի մերձակայքի դպրոցներից, որտեղ ուսուցիչների և ուսման գործընթացի հետ կապված խնդիրներ կային։ Մի քանի օրում բողոքը Իլ-դը-Ֆրանսից տարածվեց Լիոնի ու այլ քաղաքների վրա, դպրոցականներին միացան ուսանողները՝ պահանջելով ավելի շատ միջոցներ համալսարանների համար, իսկ հոկտեմբերի 1-ին Օբերվիլիեում և 2-ին Լիոնում երթերը վերաճեցին բախումների ոստիկանության հետ։ Հոկտեմբերի 6-ին և 8-ին անցկացվեցին համազգային մոբիլիզացիայի օրեր, իսկ 13-ին կրթության ոլորտի հիմնական արհմիությունները, կրթական կառույցները կոչ արեցին գործադուլի՝ դպրոցականների շարժումը վերածելով ամբողջ կրթական համակարգի բողոքի։

Առաջին հայացքից թվում էր, թե շարժումը պետք է ընթանա Ֆրանսիային վաղուց ծանոթ սցենարով. որևէ կոնկրետ հարցի շուրջ բռնկված դժգոհությունը մի քանի շաբաթ աղմկում է, կառավարությունը փոքր զիջումներ է անում, և փողոցն աստիճանաբար դատարկվում է։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ է։ Շարժումն արագորեն քաղաքական երանգ է ստացել, ընդդիմությունն ու իշխանությունը փոխադարձաբար մեղադրել են միմյանց, իսկ խաղաղ հանրահավաքները վերաճել են ավերածությունների, բախումների՝ ընդգրկելով մասնակիցների անհամեմատ մեծ շրջանակ, քան թեմայի շահառուներն են:

Իրականում այս ամենի պատճառները շատ ավելի խորն են, քան ձախի ու աջի քաղաքական մրցակցությունը կամ ուղղակի դպրոցականների բողոքը։ Այն լավագույնս երևում է երկրի տնտեսական, սոցիալական ու ֆինանսական պատկերում։ Պետության ծախսերը տարիներ շարունակ գերազանցում են հարկային եկամուտները, և հավաքված պարտքն արդեն հասել է աստղաբաշխական չափերի։ Այս տարվա առաջին եռամսյակում այն կազմում էր շուրջ 3,54 տրիլիոն եվրո՝ ՀՆԱ-ի 117,5 %-ը, ֆինանսների նախարարության կանխատեսմամբ՝ 2026-ի վերջին կհասնի ՀՆԱ-ի 119,3 %-ի, իսկ 2027-ին՝ 121,7%-ի։ Սա Ֆրանսիայի INSEE վիճակագրական ինստիտուտի՝ 1995 թվականից կիրառվող ներկայիս մեթոդաբանությամբ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է և գրեթե կրկնակի գերազանցում է Եվրամիության սահմանած 60 %-ի ուղենիշը։ Բյուջեի դեֆիցիտը, որ 2025-ին կազմել էր ՀՆԱ-ի 5,1 %-ը, այս տարի կանխատեսվում է 5,4 %, այն դեպքում, երբ եվրոպական կանոններով թույլատրելի առավելագույնը 3 %-ն է, և Ֆրանսիան արդեն երկու տարի գտնվում է Եվրամիության հատուկ հսկողության տակ։ Խնդիրն ավելի է խորանում նրանով, որ պարտքի սպասարկումը թանկանում է. նրա միջին ենթադրյալ տոկոսադրույքը 2020-ի 1,25 %-ից 2025-ին հասել է մոտ 2 %-ի, այսինքն՝ ավելի ու ավելի մեծ գումար է գնում ոչ թե դպրոցներին ու հիվանդանոցներին, այլ վարկատուներին։

Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է մոտ 54 միլիարդ եվրոյի բյուջետային ջանքերի մասին, որպեսզի 2027-ին դեֆիցիտը իջնի մինչև 5 %, բայց վերլուծաբանների գնահատմամբ՝ դա միայն կդանդաղեցնի վատթարացումը, այլ ոչ թե կկայունացնի պարտքի հարաբերակցությունը։

Փաստացի Ֆրանսիան հայտնվել է մի իրավիճակում, երբ պարտքերն աճում են, տնտեսությունը գրեթե չի զարգանում, իսկ աճող ծախսերը ստիպում են կրճատել հենց այն ոլորտները, որոնց վիճակն անմիջականորեն զգում են քաղաքացիները՝ դպրոցը, առողջապահությունը, հանրային ծառայությունները։

Եվ սա միայն Ֆրանսիայի խնդիրը չէ. այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Իտալիայում, մասնավորաբար՝ Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում, Բոլոնիայում և Ջենովայում, ցույց է տալիս, որ ալիքը դուրս է գալիս ազգային սահմաններից։ Նորից՝ խաղաղ ցույցերը վերաճեցին խանութների թալանի, բախումների: Ի դեպ, Իտալիայի համար նման բախումները, ըստ էության, նոր չեն։ Գարնանը Հռոմում արհմիությունների կազմակերպմամբ առնվազն 15 հազար մարդ դուրս էր եկել ռազմականացման ու կյանքի թանկացման դեմ։ Այսինքն՝ Իտալիայում թանկությունը, բնակարանային ճգնաժամը, կրթական բարեփոխումները և պատերազմի ու սպառազինության թեման միահյուսվել են մեկ ընդհանուր դժգոհության մեջ։

Այս շարժումների նոր բնույթն այն է, որ դրանք հաճախ չունեն ղեկավար կենտրոն, ձևավորվում են սոցիալական ցանցերում, բաղկացած են հիմնականում երիտասարդներից ու անչափահասներից և արագ արմատականանում են այնպես, որ դժվար է վերահսկել ոչ միայն կառավարությանը, այլև հենց արհմիություններին ու կուսակցություններին։ Այդպիսի շարժման հետ բանակցելը շատ ավելի բարդ է, քան դասական արհմիության, ուստի այն անկանխատեսելի է իշխանությունների համար։ Ե՛վ Ֆրանսիայում, և՛ Իտալիայում ձերբակալվածների մեջ շատ են անչափահասները, ինչը խոսում է սերնդային ճեղքվածքի մասին. երիտասարդները, որ ժառանգում են պարտքեր, թանկացած կյանք և խարխլված դպրոցներ, ավելի ու ավելի քիչ են վստահում հին միջնորդներին։

Այնպես որ, Եվրոպայում տեղի ունեցող գործընթացներն իրենց մեջ երկարատև խնդիրների արմատներ են կրում։ Եվրոպական համակարգը, որ կառուցվել էր էժան ռուսական էներգիայի, ամերիկյան անվտանգության հովանու, բաց համաշխարհային շուկաների և էժան վարկերի վրա, այսօր միանգամից ճաք է տվել գրեթե բոլոր հենասյուների մակարդակով։ Էներգիան թանկացել է, անվտանգությունը չի կարելի այլևս փոխանցել ուրիշներին, առևտրային աշխարհը մասնատվում է, իսկ փոխառության արժեքը բարձրանում է։ Ժողովրդագրական ծերացումը ճնշում է աշխատաշուկան ու թոշակային համակարգերը, ներգաղթը լուծում է դրա մի մասը, բայց ծնում է նոր քաղաքական հակասություններ, իսկ երիտասարդ սերունդը ավելի ու ավելի պատրաստ է փողոց դուրս գալու։ Ճգնաժամը երկարատև է, նախապատմությունը՝ տարիների, սակայն արագ լուծում չկա։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031