Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հերթական շոուն է կազմակերպում՝ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների փաստերն ակնառու են»․ Մեսրոպ Առաքելյան

Հոկտեմբեր 20,2026 15:14 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նիկոլ Փաշինյանը հերթական շոուն է կազմակերպում, երեկվանից երեւի արդեն մի 10 հատ գրառում է արել այդ մասին։ Սա իր կողմից կիրառվող հայտնի տեխնոլոգիա է։ Վերջում էլ կասի՝ տեսա՞ք, ընդամենը երկու հոգի բողոքեց, կեցցե ժողովրդավարությունը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն առաջարկին, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուները կամ ընտրողները, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կարող են դիմել իրեն։

«Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ մյուս կողմից էլ սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում պետական ինստիտուտները չեն աշխատում, եւ ֆեյսբուքյան էջերը դարձել են պետական կառավարման համակարգի մեխը։

«Բա ո՞ւր են իրավապահ մարմինները, ո՞ւր են ընտրական հանձնաժողովները։ Եթե Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսում է, նշանակում է՝ կա խնդիր։ Եվ փոխանակ հայտարարի, որ մարդիկ դիմեն իրավապահ մարմիններին, որ գաղտնիությունը երաշխավորվում է, գրառումներ է անում։ Օրինակ՝ տարբեր ընդդիմադիր ուժերի տասնյակ թեկնածուներ տաբեր համայնքներում գրանցվելուց հետո ինքնաբացարկ են հայտնել։ Այսինքն՝ մարդիկ գրանցվել են որպես թեկնածու, բայց չգիտես ինչու՝ մի քանի օր հետո որոշել են դուրս գալ ընտրապայքարից։ Հիմա հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին՝ գնացեք մի հատ ուսումնասիրեք՝ այդ ինչո՞ւ են որոշել այդ մարդիկ դուրս գալ ընտրապայքարից, կարո՞ղ է ճնշումներ են գործադրվել նրանց վրա կամ վախեցրել են։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը փոխանակ պետական համակարգն օգտագործի՝ նման պրոցեսները պետական համակարգի գործառույթների շրջանակներում ուսումնասիրելու համար, հերթական անգամ նման քայլ է անում։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի հասկանում պետական համակարգի գործառույթները եւ զբաղված է քարոզչական PR-ով, որ՝ տեսեք, ընտրություններին մնացել է մի քանի օր, ճնշումներ չկան։ Այսինքն՝ անլուրջ է այս ամենը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներին, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ ճնշումների մասին բազմիցս խոսել են։ «Բազմաթիվ անձանց մինչեւ ընտրությունները տարբեր ձեւերով ճնշել են, շարունակում են ճնշել, վախեցնել, «բացատրական աշխատանք» տանել, թե ձեր ինչի՞ն է պետք։ Մի մասի մոտ անուղղակի վախի մթնոլորտ են տարածում։ Այսինքն՝ այդ ոճով բոլոր համայնքներում գրեթե նման միջադեպերի առնչվել են եւ մեր թիմակիցները, եւ վստահ եմ՝ ընտրություններին մասնակցող այլ ուժերը:

Մեր թիմակիցների մեծ մասը դիմացել է եւ դիմանում է այս ամեն ինչին, որովհետեւ սա մեր համար նոր չէ: Փարաքարում, Ալավերդիում մենք այնպիսի բաներ ենք տեսել, որ այս ճնշումները մեզ համար նորություն չեն։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը թող չխոսի ժողովրդավարությունից՝ իր մարզպետներով, համայնքի ղեկավարներով, ուժային կառույցներով։ Նոյեմբերյանի համայնքապետին, որ 30.000 դրամ ենթադրյալ չարաշահման համար ձերբակալում են, Նոյեմբերյանից բերում-հասցնում են Երևան, դա ինչի՞ մասին էր: Այն, որ Ալավերդիում ընտրված համայնքապետի նկատմամբ այդքան ոստիկանով՝ փոխոստիկանապետի գլխավորությամբ հակաօրինական օպերացիա արեցին եւ օրենքով ընտրված համայնքապետից խլեցին իշխանությունը, դա ինչի՞ մասին էր։ Նման փաստերը այնքան ակնառու են, եւ Նիկոլ Փաշինյանը հիմա ստեղծում է տպավորություն, եվրոպական դիտորդներն էլ կարձանագրեն, թե՝ 3-4 նամակ ստացանք, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ էր։ Այդ տեքստով կամփոփի իր երեկվանից սկսած այս շոուն»,- հավելեց նա։

Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուներ է առաջադրել Մեղրի, Գորիս, Ջերմուկ, Մարտունի, Դիլիջան, Արթիկ համայնքներում։

«Գալիք կիրակի անցկացվելիք ՏԻՄ ընտրությունները մեզ համար շատ կարեւոր են քաղաքական առումով՝ ՔՊ-ին իշխանությունից զրկելու որտեղ հնարավոր է, թուլացնելու նրա դիրքերը։ Ինչպես նաեւ մեզ համար կարեւոր է ներկայացված լինել այդ համայնքներում, մեր քաղաքացիների կողքին, համայնքների խնդիրները բարձրաձայնել, փորձել լուծումներ տալ եւ ցույց տալ, որ մեր կուսակցության գործունեությունը, որ չի սահմանափակվում միայն Երեւանով: Եվ մենք համայնքներում լինում ենք ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ մենք համայնքներում ենք ամբողջ 5 տարիներին՝ մեր թիմակիցների ներկայացվածության միջոցով»,- հավելեց Մեսրոպ Առաքելյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031