«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է «Արցախ միության» անդամ, Արցախի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
-Պարոն Ավանեսով, հայտնի դարձավ, որ Երեւանում անցկացվող COP17-ի շրջանակներում մերժել են «Արցախ միությանը» տաղավարներ տրամադրել։ Ինչպե՞ս եք գնահատում սա, ի՞նչ նպատակ է հետապնդում սա՝ փորձում են լռեցնե՞լ արցախցիներին ու անտեսե՞լ նրանց իրավունքները։
-Իրականում բավականին աբսուրդային մի երեւույթի հետ ենք մենք բախվել։ COP17-ի հիմնական շեշտադրումը բնիկ ժողովուրդների հետ կապված հիմնախնդիրներին է առնչվում նաեւ։ Եվ այդ համատեքստում մերժել Արցախի բնիկ ժողովրդին ներկայացնող կազմակերպություններին կանաչ գոտում տաղավար տրամադրելը հակասում է եւ COP17-ի գաղափարին, եւ դրա հիմնական խոսույթին՝ բնիկ ժողովուրդներին առնչվող։
-Հայաստանի իշխանությունների քաղաքականությո՞ւնն է սա, այսինքն՝ նրա՞նք են որոշում կայացրել տաղավար չտրամադրել արցախցիներին։
Կարդացեք նաև
-Ցանկացած երկիր, որը հյուրընկալում է նման մակարդակի համաժողովներ, ոչ միայն հանդիսանում է հյուրընկալող երկիր, բնականաբար, ինքը դրանից բխող բավականին արտոնություններ է ունենում, որը պետք է լիարժեք օգտագործվի։ Այդ հարցը պետք է լիարժեք օգտագործել՝ ներկայացնելու բոլոր խնդիրները, որոնց բախվում է տվյալ երկիրը։ Եթե դու հյուրընկալող երկիր ես, բնականաբար ինքդ ես նաեւ որոշում որ կազմակերպություններին տաղավարներ տրամադրել։ Հենց այստեղ է, որ մենք տեսնում ենք Հայաստանի իշխանությունների այդ վերաբերմունքը, որն իրոք հակասում է այն սկզբունքներին, որին միտված է այս համաժողովը։
-Դուք այս օրերին փաստերով ներկայացնում եք այն էկոցիդը, որը տեղի է ունեցել Արցախի տարածքում։ Այսինքն՝ արցախցիները միեւնույն է չեն լռելո՞ւ։
-Հիմա մենք հասկանում ենք, որ մեր այս հրապարակումների շարքը ճիշտ ու ժամանակին արված քայլ էր։ Երբ խոսում ենք էկոհամակարգի ու դրա հետ կապված խնդիրների մասին, միակ մեխանիզմը, որով 100 տոկոսով հնարավոր է պաշտպանել Արցախի էկոհամակարգը՝ Արցախի բնիկ ժողովուրդների ներկայությունն է իր պատմական կենսատարածքում։ Այսօր Արցախի բնիկ ժողովուրդը բռնի տեղահանության է ենթարկվել։ Մենք ունենք գերիներ, որոնք ապօրինի գտնվում են Բաքվի բանտերում։ Մենք փաստերով տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ է Արցախի էկոհամակարգը թիրախավորվում։
2020 թվականի պատերազմի ընթացքում նաեւ արգելված ֆոսֆորային զենք կիրառվեց, որի հետեւանքով ոչ միայն էկոհամակարգն է տուժել, այլ նաեւ այդ անտառներում պատսպարված մեր հայրենակիցները։ Մենք դրա հետ կապված լուսանկարներ եւս հրապարակեցինք։ Արցախի պատմամշակութային լանդշաֆտը եւ էկոլանդշաֆտը իրար հետ փոխկապակցված երեւույթներ են։ Եվ չես կարող առանձին խոսել էկոհամակարգի ու կենսաբազմազանության մասին, դրան զուգահեռ չանդրադառնալ մշակութային լանդշաֆտին։ Արցախի պարագայում մենք ունենք բազմաթիվ գյուղեր, որտեղ իրենց մշակութային լանդշաֆտին զուգահեռ՝ էկոլանդշաֆտ գոյություն ունի։ Սրանք փաստեր են, որոնց հետ պետք է առերեսվել։
Վերջին շրջանում էլ մենք տեսանք՝ մեծ ծավալի հրդեհներ եղան Արցախում, որի վտանգավոր գոտում բազմաթիվ բնակավայրեր ու 100-ից ավելի մշակութային արժեքներ հայտնվեցին։ Մեր այս հրապարակումների շարքի նպատակն այս խնդիրները փուլ առ փուլ բարձրաձայնելն է։
Խոսել էկոհամակարգի խնդիրների մասին ու չանդրադառնալ Արցախի էկոհամակարգի ու մշակութային լանդշաֆտի ոչնչացմանը, անընդունելի է։ Մենք բազմաթիվ գյուղեր ունենք, որոնց ոչնչացվել են ամբողջությամբ, այսինքն՝ իրենց պատմական միջավայրով ու էկոլանդշաֆտով։ Սրանք խնդիրներ են, որոնք համահունչ են COP17-ի օրակարգին։ Եվ թույլ չտալ այս խնդիրները բարձրաձայնել ու ներկայացնել, հնարավորություն չընձեռնել Արցախի բնիկ ժողովրդին իրենց խնդիրները բարձրաձայնելու եւ այդ ճանապարհով միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ հակասում է հենց բնիկ ժողովուրդների հետ կապված ընտրված խորագրին։
Այս դեպքում ստացվում է, որ մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ՝ մի կողմից հայտարարվում է, որ այս համաժողովի առանցքը բնիկ ժողովուրդներն են, մյուս կողմից բնիկ ժողովրդի ներկայացուցիչներին հնարավորություն չի տրվում իրենց խնդիրները հասանելի դարձնել միջազգային հանրությանը եւ հաղորդակից լինել այս համաժողովի գործընթացներին։
Այսինքն՝ փաստացի ոչ միայն մերժում եմ մեկ կազմակերպությանը՝ տաղավար չտրամադրելով, այլ անտեսում են 150 հազար մարդու իրավունքները։ «Արցախ միությունը» ներկայացնելու էր 150 հազար հայերի իրավունքները, որոնք այսօր խախտվում են։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































