Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչով է ավարտվում ավտորիտարիզմը

Հոկտեմբեր 21,2026 13:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Առայժմ Հայաստանի համար ամենաիրատեսական սցենարն է բռնապետի բնական մահը

Նիկոլ Փաշինյանը մինչեւ իր վերջին շունչը պայքարելու է իշխանության համար: Վերջին՝ կեղծված ընտրությունները դա միանշանակ ապացուցեցին: Այդ առումով նա նման չէ Ռոբերտ Քոչարյանին, որն իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին (չնայած հիմա դրա համար, կարծես թե, ափսոսում է), ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին, որոնք հրաժարական տվեցին. առաջինը՝ «պալատական», երկրորդը՝ «հեղափոխական» ճնշման տակ: Նրա՝ «աթոռին սվաղվելու» հարյուրապատիկ ավելի ուժեղ «ցեմենտը» պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Դրանցից առաջինը, թերեւս, այն է, որ Փաշինյանին հարյուրապատիկ ավելի տխուր ճակատագիր է սպասում, երբ (եթե) նա զրկվի իշխանությունից: Դա էլ իր հերթին ունի շատ պարզ պատճառ. ոչ մի նախորդ ղեկավար Հայաստանին այն մասշտաբի աղետ չի բերել, որ բերել է Փաշինյանը:

Ինչ են ասում պատմությունն ու քաղաքագիտությունը՝ ո՞ր դեպքում է վերջ դրվում ավտորիտար կառավարմանը եւ շանս լինում, որ կսկսվեն ժողովրդավարական բարեփոխումները: Նախ՝ իհարկե, վերապահում է արվում, որ ավտոկրատի հեռացումը պարտադիր կերպով չի հանգեցնում ռեժիմի փոփոխությանը: Այնուամենայնիվ, թվարկենք, թե որոնք կարող են լինել բռնապետի հեռացման խթանները. 1/ ավտոկրատի բնական մահը (Հայաստանի պարագայում՝ առայժմ ամենահավանական ելքը), 2/ զանգվածային ապստամբություն կամ հեղափոխություն՝ քիչ հավանական է, 3/ ռազմական հեղաշրջում՝ գրեթե բացառված է, 4/ պալատական հեղաշրջում՝ չկան դրա «ակտորները»-կատարողները, 5/ պայմանավորվածություններ վերնախավում՝ բացառված է՝ Փաշինյանն ընդունակ չէ հանուն պետության զիջել իր իշխանության թեկուզ մեկ միլիմետրը, 6/ պարտություն պատերազմում եւ պետության կազմաքանդում՝ երկուսն էլ արդեն տեղի ունեցավ՝ հենց Փաշինյանի «ջանքերով», 7/ արտաքին ուժեղ ճնշում՝ տեսականորեն հնարավոր է՝ չնայած առայժմ նման բան չի նշմարվում: Դրա մասին՝ վերջում, բայց առայժմ անդրադառնանք «հիմնական» տարբերակին:

Տեսությունն այդ առումով առաջարկում է հիմնական երեք տարբերակ։

1/ Բռնապետը գնում է, ինստիտուտները եւ հիմնական կանոնները՝ մնում։ Ստալինի մահվանից հետո խորհրդային համակարգը պահպանվեց, ռեժիմի բնույթը մնաց նույնը, դրսեւորումներն ավելի մեղմ դարձան։ Կարող են նաեւ «մեղմացումներ» չլինել. Նիազովի մահվանից հետո Բերդիմուհամեդովն, ըստ էության, ամեն ինչ թողեց նույնը, միայն փոքր-ինչ «թեթեւացրեց» անձի պաշտամունքը։

2/ Ավտոկրատի մահը խթանում է կատաղի պայքար վերնախավում։ Այդպես եղավ Չինաստանում, երբ Մաո Ցզեդունից հետո Հուա Գոֆենը հեռացրեց իշխանությունից «չորսի բանդան» եւ վերջ տվեց «մշակութային հեղափոխության» ամենաարտառոց դրսեւորումներին։ Ռեպրոսիվ ռեժիմը չի փոխվել եւ պահպանվել է առ այսօր։

3/ Բռնապետի մահը խթան է դառնում նոր ղեկավարության եւ հասարակության համար՝ իրական բարեփոխումներ անցկացնելու համար։ Այդ (բնականաբար՝ ամենացանկալի) սցենարն իրականացվել է Իսպանիայում՝ Ֆրանկոյի մահվանից հետո։

Բարբարա Գեդեսը, Ջոզեֆ Ռայթը եւ Էրիկա Ֆրանցը «Ինչպես են աշխատում դիկտատուրաները» (How Dictatorships Work) (2018թ.) գրքում մանրամասնորեն նկարագրել են այն դժվարությունները, որոնք առաջանում է ավտոկրատի մահվանից հետո։ Մասնավորապես, նշվում է, որ բռնապետն իր իշխանության ժամանակ վերացնում է պոտենցիալ հակառակորդներին, արգելակում է ինքնուրույն քաղաքական լիդերների աճը, իրեն է ենթարկեցնում իշխող կուսակցությունը, բանակը եւ հատուկ ծառայությունները։ Այդ բոլոր հատկանիշները, ինչպես տեսնում եք, Հայաստանում առկա են։ Դրան պետք է ավելացնել դատարանների, քննչական մարմինների «սեփականաշնորհումը»։ Ստացվում է պարադոքսալ վիճակ. բռնապետն ասում է՝ «պետությունը ես եմ», բայց նրա գնալուց հետո պարզվում է, որ պետության գործունեության կենսունակ մեխանիզմներ չկան։ Այնպես որ՝ այն բազմաթիվ բաներին, որոնք քանդել է Փաշինյանը, ավելանում են պետության ինստիտուտները, որոնց կենսունակությունը դժվար կլինի վերականգնել նրա գնալուց հետո։

Երկու խոսք արտաքին ճնշման մասին։ Այն չի լինելու Ռուսաստանից, ինչպես միամտաբար կարծում են որոշ ընդդիմադիրներ։ Թեեւ Փաշինյանը Պուտինի աչքի լույսը չէ, նա Ռուսաստանին միանգամայն ձեռնտու է։ Բազմիցս գրել եմ, թե ինչու։ Եթե ճնշում լինի, ապա՝ Արեւմուտքից։ Կեղծված ընտրությունները, սաստկացող ռեպրեսիաները, աճող կոռուպցիան, «մշակութային հեղափոխությունը», ՀԱՍԵ առաջնորդին փոխելու խելահեղ հավակնությունները՝ այդ ամենը եվրոպացիներն ու ամերիկացիները որոշ հանգամանքներում կարող են Փաշինյանի «երեսով տալ»։ Ո՞ր հանգամանքներում։ Երբ կդադարի փաստացի պատերազմը ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ, եւ Փաշինյանն այլեւս պետք չի գա որպես «ֆորպոստ»։

Հ.Գ. Բնականաբար, ոչ մեկի մահը չեմ ցանկանում, բոլորին առողջություն ու երկար կյանք եմ ցանկանում։ Այստեղ ներկայացվում էին տեսական սցենարները։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել