«Նախաձեռնության նպատակը պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային պետական կոմիտեն, որոնք գործում են ՏԿԵ նախարարության ենթակայությամբ, վերանվանել համապատասխանաբար պետական ակտիվների կառավարման կոմիտեի և հողի ու ջրի կոմիտեի՝ ենթակայությունը ՏԿԵ կառույցից կառավարության ենթակա կառույց դարձնելով»,- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը՝ տեղեկացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն այս առիթով ասաց՝ այնպես չէ, որ նոր հեծանիվ եք հորինել․ ժամանակին նման բան եղել է․ «Այսինքն՝ ութ տարի աշխատել մի տարբերակով և հետ գալ նախկինների տարբերակին, բավականին երկար ժամկետ է»։
Այնուհետև հարցրեց՝ չեք գտնո՞ւմ, որ ջրային կոմիտեի հետ կապված կար շահերի բախում ութ տարի շարունակ․ «Հիշում եմ, երբ ջրային կոմիտեն գյուղնախարարության ենթակայության տակ էր, Արմավիրի մարզում էի աշխատում, ջրի խնդրի դեպքում գյուղապետերը ոտքի էին կանգնում անմիջապես իրենց գյուղացիների հետ միասին, գյուղացիների ձայնը բարձրացնողներն էին։ Հիմա, որ գնացել է կառավարության ենթակայության տակ, ո՞ր մի համայնքի ղեկավարը ռիսկ կանի դուրս գալ այն կազմակերպության ղեկավարի դեմ, որի ղեկավարը նաև իր ղեկավարն է։ Ինչի՞ պետք է չմտածենք, որ դիտավորյալ արված է, որ շահերի բախում լինի, և տեղում խեղդվեն խնդիրները»։
Առնակ Ավետիսյանը հակադարձեց՝ շահերի բախում նաև ինստիտուցիոնալ մակարդակում չկա․ «Համայնքները ՏԻՄ մարմիններ են և ազատ են իրենց գործողություններում ու հարցերի բարձրացման մեջ»։
Կարդացեք նաև
Դավիթ Ղազինյանն ասաց՝ իրավական առումով ճիշտ եք ասում, բայց նաև նկատեց․ «Չկա մի մարդ, որ մտածում է, որ համայնքի ղեկավարները մարզպետի կամ ՏԿԵ նախարարության՝ ոչ իրավական առումով ենթակայության տակ չեն։ Մենք բոլորս հո լավ հասկանում ենք, որ մարզպետների ազդեցություն կա համայնքների վրա․ ամեն ինչով կախման տակ են ընտրովի մարմինները մարզպետներից՝ սուբվենցիոն ծրագրերից, դոտացիաներից սկսած»։
Առնակ Ավետիսյանը վստահեցրեց՝ նախկինին չենք վերադառնում․ «Կառույցները կամ լինում են նախարարության կամ կառավարության ենթակայության տակ։ Կախված նպատակներից և ֆիքսված քաղաքական ուղղություններից դրանց համար ընտրվում է համապատասխան ենթակայության տարբերակն ու ձևը։ Աշխատանքի արդյունավետ կազմակերպման եղանակներից մեկն է»։
Ըստ Դավիթ Ղազինյանի՝ միևնույն է, հին համակարգն են դարձնում՝ բերելով կառավարության ենթակայության տակ․ «Յոթ տարի ո՞վ է գնահատել արդյունավետությունը։ Մի ավանդույթ է ձևավորվել այս երկրում, որ մեկը մի վատ բան է անում, հանում են գործից, ասում՝ գնա։ Եթե տանում եք կառավարության ենթակայության տակ, պետք է կարողանաք հարցը լուծել, համայնքներին հանգիստ թողնել ամեն մի փոքր հարցով։ Այսօր ընտրված համայնքի ղեկավարը խնդիր ունի, չի կարող անկախ գործել, էլ չեմ ասում՝ վարչապետին տրվել է լիազորություն համայնքի ընտրված ղեկավարի փոխարեն պաշտոնակատար նշանակել։ Դուք պետք է լինեն այն առաջնային մարմինը, որ գնաք, ասեք՝ ախպեր՝ սա չի կարելի, սա իրավական չէ, սա ժողովրդավարություն չէ»։
Հանձնաժողովն ընդունեց նախագիծը։ Այն կներառվի գալիք լիագումար նիստերի օրակարգում։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































