Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ-ից դուրս գալու բացասական էֆեկտը շատ մեծ չէ, այ, գազի գնի փոփոխությունը մեր գնահատականներով՝ կարող է տոկոսներով ազդեցություն ունենալ»․ Գևորգ Պապոյան

Հոկտեմբեր 21,2026 15:48 Share
Աջակցեք aravot.am-ին

«ԵԱՏՄ-ից դուրս գալու բացասական էֆեկտը շատ մեծ չէ, գնահատվում է -0,65 տոկոս, այ, գազի գնի փոփոխությունը մեր գնահատականներով՝ կարող է տոկոսներով ազդեցություն ունենալ։ Մի սցենարում 5,7 տոկոս, մյուսում՝ ավելի բարձր»,-փաստմանը ԵԱՏՄ-ից հայտարարում են,  որ հնարավոր է մինչև դեկտեմբեր ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցվի, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հարցին՝ ՀՀ-ն պատրա՞ստ է գազի գնի հնարավոր բարձրացման հետևանքով շուրջ 70 տոկոս թանկացման, Գևորգ Պապոյանն այսպես պատասխանեց․ «Իհարկե, ցանկալի չէ։ Նույնիսկ մեկ տոկոս թանկացումը խիստ անցանկալի է։ Արդյոք դա այնպիսի հետևանք է ունենալու մեր տնտեսության համար, որը հաղթահարել չկարողանանք, այդպես չի լինի»։

Գազի գնի հնարավոր բարձրացման առիթով Գևորգ Պապոյանը միևնույն ժամանակ ասաց․ «Համարելով խիստ անցանկալի գազի գնի բարձրացումը՝ կարծում եմ՝ նույնիսկ շուկայական գնով գազ գնելն ի վերջո տրամաբանական պետք է լինի։ Ադապտացիայով պետք է գնանք, հասնենք դրան։ Իհարկե, լավ կլիներ, որ ճանապարհ անցնենք զուգահեռ․ կանաչ ջրածին զարգացնենք, արևային կուտակիչներ և այլն»։

Խոսելով «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» զեկույցի մասին, որտեղ նշվում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար, Գևորգ Պապոյանն ասաց․ «Այդ զեկույցում մի 50 տոկոսով ուռճացված է ամեն ինչ։ Մնացած մասով այդ զեկույցի թվերին և մեթոդաբանությանը մենք էլ ենք տիրապետում։ Նման վերլուծություն մենք ավելի շուտ էինք արել։ Էկոնոմիկայի նախարարությունը միշտ սթրես թեստեր անում է»։

Զեկույցում կատարված ամրագրման առիթով, թե ՀՀ-ն իր պարտավորությունները բարեխիղճ կերպով չի կատարում ԵԱՏՄ-ի նկատմամբ, Գևորգ Պապոյանն ասաց․ «ՀՀ-ն ԵԱՏՄ նկատմամբ միշտ բարեխղճորեն է կատարել իր բոլոր պարտավորությունները՝ մի բան էլ ավել։ Եվ ես կարծում եմ, որ չկա որևէ պարտավորություն, որ մենք չենք կատարել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031