Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնիքների սահմանագծին». ներկայացվեց բանաստեղծ, երգահան Վահան Անդրեասյանի նոր ժողովածուն

Հոկտեմբեր 21,2026 21:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ բանաստեղծ, երգահան Վահան Անդրեասյանի (Տեր Թովմա) «Գաղտնիքների սահմանագծին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

Գիրքն ընթերցողին հրավիրում է խոհափիլիսոփայական ճամփորդության՝ փորձելով բացահայտել մարդկային գոյության, ինքնության և տիեզերքի անտեսանելի ծալքերը:

«Առավոտի» հետ զրույցում Վահան Անդրեասյանը (Տեր Թովմա), անդրադառնալով ժողովածուի առանցքային գաղափարախոսությանն ու փիլիսոփայությանը, նշեց.

«Գիրքն այս գաղտնի աշխարհի մասին է, որը շատ դժվար է ճանաչել: Եվ ըստ էության, մենք՝ մարդիկս, այս աշխարհը չենք ճանաչում. ոչ այս աշխարհը, ոչ տիեզերքը: Շատ բաներ ենք հայտնագործել, հայտնաբերել, բայց արդյոք այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Ես միշտ հիշում եմ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի խոսքը՝ «Ճշմարտությունը ինչ-որ տեղ մոտերքում է»: Ես էլ նույն կարծիքն ունեմ: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը ոչ միայն չենք ճանաչում, այլև հայտնաբերում ենք, գործում ենք օրենքներ, որոնք չգիտենք՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ:

Մարդու միտքը շախմատի տախտակի նման է. ինքը կարող է տարբեր քայլեր անել, որոնք կբերեն անհաջողության, կամ նույնիսկ եթե բերեն հաղթանակի, և հաղթանակի վրա ինքը սկսի նորից աշխատել ու քայլեր անել, դա դեռ չի նշանակում, որ ինքը ճշմարտության ճանապարհի վրա է: Տրամաբանությունն այնպիսի բան է մարդու կյանքում, որ նա կարող է իր տրամաբանությամբ շարժվել, բայց միևնույն է՝ չլինել իրականության մեջ: Ահա դրա մասին է երգը/խոսքը, որ մենք անընդհատ մոտենում ենք գաղտնիքներին, բայց չենք կարողանում սահմանագիծը հատել»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև գրքի խմբագիր Շանթ Մկրտչյանը՝ արժևորելով ժողովածուի բազմահարթ բնույթը, ինքնության պահպանմանն ու խորքային շեշտադրումներին ուղղված հայեցակարգային մոտեցումները:

Շանթ Մկրտչյանն իր խոսքում ընդգծեց, որ ժողովածուն աչքի է ընկնում բազմաշերտ հարթություններով. այն անդրադառնում է ինչպես անհատականության ձևավորմանն ու կենսագրական փուլերին (ծնունդ, հասունացում), այնպես էլ ազգային ու մշակութային ինքնության պաշտպանության կարևոր հարցադրումներին:

Խմբագրի խոսքով՝ հեղինակին հաջողվել է յուրահատուկ տեսանկյունից արծարծել խորքային շեշտադրումներ, որոնք ընթերցողին թույլ են տալիս հպվել այն հայեցակարգային արժեքներին, որոնք մնում են մեզանից հետո:

Արգինա Փահլևանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել