Իրավաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Ահա և ԵՂԱՎ ԱՅՆ, ԻՆՉ ԵՍ ԲԱԶՄԻՑՍ ԱՍԵԼ ԵՄ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼ – ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդգար Հովհաննիսյան) ԿԱՐՃԵԼ Է Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Սա նշանակում է այն, որ, ըստ դատարանի, ինքն ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ քննել թեմակալ առաջնորդի նշանակման ու պաշտոնից ազատման հարցը, որը Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և կազմում է Եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասը: Հենց այդ հիմքով էլ առաջին ատյանի դատարանը ավարտել է գործը…
Դատարանը նաև վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։ Սա իր հերթին անչափ կարևոր է, քանի որ այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ ԽՈՉԸՆԴՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆ մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոս: Այլ խոսքերով ասած՝ եթե այս վճիռը օրինական ուժ ստանա, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քննվող քրեական գործը ևս պետք է կարճվի:
Դատարանը արձանագրել է, որ եկեղեցու հոգևոր իշխանության ձևավորումը, հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը ՉԵՆ ԿԱՐՈՂ ՆՈՒՅՆԱՑՎԵԼ սովորական աշխատանքային հարաբերությունների հետ և ենթարկվել աշխարհիկ դատարանների վերահսկողությանը՝ անտեսելով Եկեղեցու կանոնական իրավունքը։ Եկեղեցու ինքնավարությունը ոչ թե արտոնություն է, այլ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք։
Կարդացեք նաև
Վերջում նշենք, որ խիստ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ դատարանը էական է համարել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսի ուխտադրության հանգամանքը՝ որպես հոգևոր, այլ ոչ թե աշխարհիկ հարաբերությունների առաջացման հիմք: Ամեն ինչ հստակ է՝ դրանք աշխատանքային հարաբերություններ չեն, դրանք հոգևոր հարաբերություններ են, որոնց մեջ անձը մտնում է ոչ թե աշխատանքային հարաբերություններին բնորոշ հիմքով, այլ՝ ՍԵՓԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻՆ բավարարում տալու մղումով:
Սա ՄԱՔՈՒՐ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է՝ ժամանակակից ժողովրդավարական երկրին և աշխարհիկ պետությանը բնորոշ իրավունքի ոգուն ու տառին համապատասխան:



















































