Երևանում տրվեց «Արևելյան գործընկերության երկրներում գերազանցության զարգացման համար արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում» (WARIE) նախագծի պաշտոնական բացման մեկնարկը: WARIE (Widening AI Research and Innovation for Excellence in the Eastern Partnership)-ը խոշոր միջազգային նախագիծ է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Horizon Europe» ծրագրի շրջանակներում, ունի ավելի քան 4,2 միլիոն եվրո բյուջե և նախատեսված է 48 ամիս տևողությամբ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց նախագիծը, որը, նրա ձևակերպմամբ, միտված է խթանելու ԱԳ երկրներում արհեստական բանականության ոլորտի գիտական հետազոտությունների և նորարարությունների ընդլայնմանը՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի առաջատար համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների կարողությունների զարգացման միջոցով:
Նախարարը փաստեց, որ ներկայացված 284 հայտերից ընտրվել է 10 տոկոսը, որոնցից մեկն էլ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ ներկայացված նախագիծն է: Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ նախագիծը միավորում է 13 գործընկեր կազմակերպությունների, և հայկական կողմը հատկապես կարևորում է, որ ներկայացված է նաև Երևանի պետական համալսարանը, իսկ միջազգային գործընկերները ներկայացնում են Վրաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի գիտակրթական հաստատությունները:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծեց ծրագրի կարևորությունը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն էլ շեշտեց՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան չունեն նավթի, գազի պաշարներ, բայց դրա փոխարեն ունեն ուղեղներ, որոնց միջոցով և այս ծրագրի շնորհիվ կկարողանան լուծել ապագայի մարտահրավերները:
Կարդացեք նաև
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ԵՊՀ-ն ԱԲ գործածման հետ կապված ընդունել է որոշակի կանոնակարգեր: Նա նշեց, որ ԵՊՀ-ն արդեն երկրորդ ծրագրին է մասնակցում: Ասաց, որ բացի ծրագրի արդյունքներից կարևոր են նաև այն կապերը, որոնք հետագայում դառնում են նոր ծրագրեր:
Aravot.am-ը ծրագրի համակարգող, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն 48 ամիս տևողությամբ այս ծրագրից, և ո՞րն է լինելու դրա ամենամեծ ռազմավարական ձեռքբերումը Հայաստանի համար: «Ռազմավարական ձեռքբերումը նոր կարողությունների զարգացումն է, որը վերաբերում է թե՛ գիտությանը, թե՛ նորարարությանը, թե՛ երիտասարդների պատրաստմանը, որոնք կօգտագործեն արհեստական բանականության գործիքները, հմտությունները»,– ասաց Հրաչյա Ասծատրյանը:
Հարցրինք՝ փաստաթղթում նշվում է 6 գերազանցության կենտրոնների հիմնման մասին, որտե՞ղ են դրանք տեղակայվելու և ինչպե՞ս են նպաստելու տեղական գիտնականների աշխատանքին: «Դրանք հիմնվելու և տեղակայվելու են մասնակից կազմակերպություններում, ԵՊՀ-ում, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ ինչպես է ծրագիրը նպաստելու «ուղեղների արտահոսքի» կանխմանը և երիտասարդ հետազոտողներին Հայաստանում պահելուն, Հրաչյա Ասծատրյանն այսպես արձագանքեց. «Երիտասարդ հետազոտողները գնում են, որպեսզի գտնեն ավելի լավ միջավայրեր, ու քանի որ արդեն իսկ համագործակցելու ենք այդ միջավայրերի հետ, հուսանք՝ դա կնպաստի արտահոսքի կանխմանը, քանի որ փորձում ենք ստեղծել համանման միջավայրեր»:
Իսկ ինչպես է նախատեսվում ծրագրի շրջանակներում ստեղծված ԱԲ լուծումները կիրառել տեղական բիզնեսում կամ պետական համակարգում: Ի պատասխան Հրաչյա Ասցատրյանը նշեց. «Գերակա ուղղություններից մեկն առողջապահությունն է, մյուսը՝ գյուղատնտեսությունը, բնականաբար, կան նման կազմակերպություններ, որոնք իրականացնում են, օրինակ, դեղերի մոդելավորում, նոր դեղերի հայտնաբերում…. Մենք կարծում ենք, որ հետազոտությունները կարող են կիրառվել առողջապահական, գյուղատնտեսական,տիեզերական հետազոտությունների ոլորտներում: Օրինակ՝ տիեզերքի առումով ունենք գործընկեր կազմակերպություններ, ինչպես Թուլուզի համալսարանը, որտեղ գտնվում են եվրոպական ամենամեծ ընկերությունները, ինչպես Airbus-ը, որը աշխարհի խոշորագույն ավիաշինական ընկերություններից մեկն է: Մենք օգտագործում ենք նաև մեր գործընկերների ռեսուրսները: Իսկ ընդհանրապես ծրագրի հետ կապված կարևոր շեշտադրումն այն է, որ ստեղծենք այն կրիտիկական մասսան, որը առաջ կտանի Հայաստանը արհեստական բանականության ոլորտում, դա է մեր հիմնական ցանկությունը, տեսլականը և հեռանկարը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































