«Անցած եռամսյակի ընթացքում չի արձանագրվել ֆիզիկական բռնության ոչ մի դեպք լրագրողի կամ լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ: Ինչու եմ սա ընդգծում, որովհետև այսպիսի եռամսյակներ շատ քիչ են լինում, բացի այդ՝ այս տարվա ընթացքում նկատվում է խախտումների նվազում, եւ եթե սա դառնա միտում, ուրախալի կլինի»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով 2026 թվականի երրորդ եռամսյակային զեկույցը՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Աշոտ Մելիքյանը նաև հավելեց. «Եռամսյակի ընթացքում արձանագրել ենք 12 դեպք, երբ խախտվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը, 2 դեպք էլ, երբ ճնշման, անհարգալից վերաբերմունքի տեսքով ազդեցություն է եղել լրագրողի վրա: Եթե համեմատենք իրավիճակը երեք եռամսյակներին, կտեսնենք, որ առաջին և երկրորդ եռամսյակներում ֆիզիկական բռնության 1-ական դեպքեր են գրանցվել, իսկ անցած եռամսյակում նման դեպքեր չեն եղել:
Եթե համեմատում ենք տարատեսակ այլ ճնշումների քանակը, ապա կրկին նվազում ենք տեսնում, եթե երկրորդ եռամսյակում այդ ճնշումների թիվը 31 էր, ապա երրորդ եռամսյակում՝ 20 : 2025թ. նույն ժամանակահատվածի տվյալների հետ համեմատելով՝ տեսնում ենք, որ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն այն ժամանակ 23-ն էին, հիմա 12-ը, այսինքն՝ ամեն դեպքում դրական դինամիկա կա: Դա պայմանավորված է նրանով, որ հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներ չեն եղել: Երբ սկսվեցին 9-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները, թեպետ որոշ լարվածություն կար, բայց դրանք լրագրողների հետ հիմնականում կապ չունեին: Մեծ հաշվով կոնֆլիկտային իրավիճակները նվազել են»:
Կարդացեք նաև

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2026 թվականի երրորդ եռամսյակային զեկույցին նվիրված ասուլիս
Աշոտ Մելիքյանը միեւնույն ժամանակ հավելեց. «Բայց ես չէի ասի, որ պետք է վարդագույն ակնոցով նայենք իրավիճակին, որովհետև կան փաստեր, որոնք քննարկման և լուծման կարիք ունեն: Առաջին հերթին ուզում եմ նշել ԱԺ 9-րդ գումարման աշխատանքները սկսելու նախաշեմին ընդունված որոշումը, որը կոչվում է՝ «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշում… Այն, ինչ 5 տարի առաջ ընդունվել էր 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների նախաշեմին՝ Ալեն Սիմոնյանն էր ստորագրել, որը շոկային էր սահմանափակումների առումով, հիմա որոշումը վերցրել ու Ռուբեն Ռուբինյանն է ստորագրել, ինչը գրեթե նույն սահմանափակումներն է նախատեսում»:
ԽԱՊԿ նախագահն անդրադարձավ նաև ԶԼՄ-ների եւ լրագրողների դեմ դատական հայցերին. «Դա բավականին խնդրահարույց է, քանի որ շանս կա, որ այս տարի դրանց թիվը կարող է հասնել անցած տարվա գրեթե ռեկորդային ցուցանիշին: Երրորդ եռամսյակի ընթացքում ավելի շատ են դատական հայցեր ներկայացրել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների, քան երկրորդ և առաջին եռամսյակներում: Դատական հայցերի ընդհանուր քանակը 44 է: Ի դեպ, առաջին եռամսյակում այդ թիվը 14 էր, երկրորդ եռամսյակում՝ 12, երրորդ եռամսյակում՝ 18: Բայց տարին դեռ առջևում է, եւ այսպես շարունակվելու դեպքում կունենանք նույն պատկերը, ինչ անցյալ տարի, երբ դատական հայցերի թիվը 63 էր»:
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































