Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում քարոզարշավն անցել է ընդդիմադիրներին ոստիկանություն հրավիրելով, ընտրացուցակներից թեկնածուների հեռանալով

Հոկտեմբեր 23,2026 20:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Արթիկում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, մի քանի ժամից սկսվում է լռության օրը, 24 բնակավայրերից բաղկացած խոշորացված այս համայնքի բնակիչները կիրակի կընտրեն իրենց համայնքային իշխանությանը։

Այստեղ ընտրապայքարը բավական լարված էր, ընտրապայքարի մեջ են մտել չորս քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահ Անանիկ Ոսկանյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն Արթիկի ավագանու անդամ Արթուր Աստոյանն է․ նա Արթիկի ձեռնոցի գործարանի սեփականատերն է, «Հայրենիք» կուսակցությունը՝ 2018 թվականին ԲՀԿ-ի պորտֆելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Վահրադյանի գլխավորությամբ, և Արթիկի նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որն այս անգամ գլխավորում է «Ազատ դեմոկրատների» ցուցակը։

Ընդդիմադիր թեկնածուները քարոզարշավը մեկնարկելուն պես՝ մեզ հետ զրույցում նշել էին, որ կա վախի մթնոլորտ, ճնշումներ, և դա արտահայտվել է անգամ ընտրացուցակը կազմելիս, աշխատանք ունեցող մարդիկ կաշկանդված են ընդդիմադիրների ցուցակը համալրելու։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցող երեք ընդդիմադիր ուժերի ընտրացուցակներն աստիճանաբար նոսրացել են, ամեն մի ընտրացուցակից 2-4 հոգի դուրս է եկել։

Այսպես՝ Մխիթար Վարագյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել «Քոչար Տրանս» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Քոչարյանը, Հովհաննես Չոփիկյանը, իսկ ավելի վաղ՝ մինչև գրանցումը, ցուցակից հեռացել են Անդրանիկ Ռաֆայելյանն ու Սրապ Մանուկյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակից մինչև գրանցումը դուրս է եկել Թորոս Թորոսյանը, քարոզարշավը սկսվելուն պես՝ հեռացել են Արտյոմ Ավագյանը, Գևորգ Կարապետյանը և Գերասիմ Հովհաննիսյանը։ Նշենք, որ վերջին երեք թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են նույն օրը՝ հոկտեմբերի 2-ին։

«Հայրենիք» կուսակցությունից ինքնաբացարկ է հայտնել Կարեն Մեյրոյանը, որը իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է, որ աշխատանք չունի, ինչպես նաև Յուրիկ Գրիգորյանը, որը ևս իր հայտարարագրում նշել է, որ աշխատանք չունի։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնած թեկնածու չկա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 81 հոգանոց ցուցակից ընդամենը մեկի՝ Աբրահամյան Ալեքսանի գրանցումն է մերժել։

Նշենք, որ Անանիկ Ոսկանյանի գլխավոր մրցակիցը՝ Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը, որը գլխավորում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակը, այսօր ամփոփելով քարոզարշավը, լրագրողներին ասել է, որ քարոզարշավի ընթացքում եղել է վարչական ռեսուրսի կիրառում, ճնշումներ, որոնք արտահայտվել են իր գլխավորած քաղաքական ուժի գործող ավագանու անդամներին անտեղի ոստիկանություն հրավիրելով։

«Հիմքեր չեն եղել ոստիկանություն հրավիրելու, մենք էլ հարցրել ենք, ասել են՝ էլ նման բան չի լինի։ Վարչական ռեսուրսի կիրառում է եղել, սպառնացել են, գնում են, հիմնարկների աշխատողներին ստիպողաբար կանչում են իրենց շոուներին, մարդիկ էլ որ ընդդիմանում են, ասում են՝ դա մարզպետի հրամանն է, բայց մենք լավ տեղյակ ենք, որ մարզպետը նման հրաման չի տվել։ Իրենք իրենց վրայից գցում են մարզպետի վրա, ընդհակառակը՝ մարզպետը նույն վարչապետի հորդորին է միացել, որ բոլորը գնան․ ով ճնշման է ենթարկվում, հակառակ կողմի առաջին համարին ընտրեն»,- լրագրողներին ասել է Մխիթար Վարագյանը։

Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանն էլ իր թիմին հասցեագրված քննադատությունները չի ընդունում։

Նա իր հերթին այսօր հայտարարել է․ «Ես պարզապես «վարչական ռեսուրս չարաշահել» արտահայտությունը չեմ հասկանում, իմաստը չեմ հասկանում, եթե կան կոնկրետ փաստեր, թող ներկայացնեն․ ինձ հետ քարոզարշավին մասնակցել են իմ թիմակիցները, այդ մարդիկ, եթե նույնիսկ համայնքապետարանի աշխատողներ են եղել, գտնվել են արձակուրդում»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031