Արթիկ խոշորացված համայնքում, որտեղ հոկտեմբերի 25-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում ընտրապայքարի են դուրս եկել չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկի՝ Անանիկ Ոսկանյանի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանի, «Հայրենիք» կուսակցությունը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Լևոն Վահրադյանի և «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ գործարար Արթուր Աստոյանի գլխավորությամբ, վախի մթնոլորտ է տիրում։
«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու, ներկայիս ավագանու անդամ, գործարար Արթուր Աստոյանը, դիմելով Արթիկի բնակիչներին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ որքան էլ փորձել են խանգարել իրեն, հետ պահել իր առջև դրված նպատակից, այնքան ավելի շատ է համոզվել, որ ճիշտ ուղու վրա է։
Նա նաև պարզաբանել է, թե ինչու է առաջադրվում, ինչ անելիքներ ունի։ Թեկնածուի համար կարևոր է ոչ միայն այն, որ երիտասարդները, երեխաներն ապրեն գեղեցիկ, բարեկարգ քաղաքում ու գյուղերում, համայնքի միջոցները բաշխվեն արդար ու հավասար սկզբունքով․ մի բնակավայրում անհամեմատ ավելի շատ աշխատանք չկատարվի, իսկ մյուսը տարիներով մնա անտեսված, այլ չլինեն «յուրայիններ» ու «օտարներ»։
«Ուզում եմ, որ մեր համայնքում չլինի ստի, վախի և ատելության մթնոլորտ։ Չլինի մարդկանց «յուրայինների» ու «օտարների» բաժանելու մոտեցում։ Չլինեն արտոնյալներ», -գրել է նա։
Կարդացեք նաև
Aravot.am-ը Արթուր Աստոյանին հարցրեց՝ ո՞վ ու ինչպե՞ս է խանգարել իրեն, որ չառաջադրվի և ինչպե՞ս է արտահայտվում վախի մթնոլորտը։
Թեկնածուն ասաց, որ փորձել են խանգարել տարբեր մեթոդներով, տարբեր խողովակներով, ընդհուպ մինչև անհիմն ձերբակալությամբ (նրան հունիսի 6-ին դատարանի դահլիճից ազատ են արձակել՝ անհիմն համարելով մեղադրանքը), փորձել են վախեցնել, ազդել իր որոշման վրա, բայց ինքը մտել է ընտրապայքարի մեջ, քանի որ դրա իրավունքը թերևս ամենաշատն ունի, բնիկ արթիկցի է, ողջ կյանքն ապրել ու արարել է հարազատ քաղաքում ու հիմնախնդիրները ոչ միայն լիարժեք պատկերացնում է, այլ բազմաթիվ սոցիալական ծրագրերի հեղինակ է։
«Այո՛, կա վախի մթնոլորտ, որն ակնհայտ դարձավ անգամ ընտրացուցակ կազմելիս, որքան էլ ցավալի է, պիտի նշեմ, որ աշխատանք ունեցող մարդիկ վախ ունեն, կաշկանդված են, դրա համար չեն համալրում մեր ցուցակը»,-ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ թեկնածուների թվաքանակով ամենաճոխը «Քաղաքացիական պայմանագիրն» է․ ավագանու 81 թեկնածու ունի, «Ապրելու երկիր» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները 31 թեկնածուներ ունեն, ամենաքիչը՝ սպորտի ու երիտասարդության հարցերով նախկին նախարար Լևոն Վահրադյանի գլխավորած ցուցակն է՝ 19 հոգի։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուների մեծ մասը աշխատանք չունի, իսկ աշխատանք ունեցողները «Վոլյում գրուպ» ՍՊ-ից են, որը զբաղվում է աշխատանքային, բանվորական ձեռնոցների արտադրությամբ և որի հիմնադիրը հենց Արթուր Աստոյանն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































