
Հեղինե Պետրոսյանի հետ դատարան ներկայացավ նրա շահերը ներկայացնող իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա Aravot.am-ին ասաց, որ անպայման բողոքարկելու են դատարանի այս որոշումը:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղ Բաբայանը այս տարվա հունիսի 5-ին իր որոշմամբ մերժել էր Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ եւ նա պահանջել էր վերացնել քննիչի այդ որոշումը: Քննիչը դատարան էր բերել այս տարվա մարտի 28-ի ՀՔԾ-ի այն որոշումը, որով Լեռնային Ղարաբաղում Հայկ Մովսիսյանի մահվան հետ կապված քրեական գործի վարույթը կարճելու եւ պաշտոնատար անձանց գործողությունների հետ կապված քրեական գործ հարուցելու գործերը միացվել էր մեկ վարույթում:
Հեղինե Պետրոսյանը չի հավատում, որ իր որդին ինքնասպան է եղել Շուշիի մեկուսարանում: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ խցում եղել են 8 հոգի՝ «քնած», դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 12.50-1.00-ի ընթացքում (դա այն ժամն է, երբ հավանական չէ, որ ազատազրկվածները կարող է խորը քնով քնած լինեն):
Կարդացեք նաև
Նա հայտնեց, որ որդու ձեռքի մատը, ոտքի բութ մատը ջարդված են եղել, լյարդի շրջանում եղել են կապտուկներ: Մայրը զրկված է եղել ԼՂՀ դատախազության քննչական մասում իրականացված նախաքննության նյութերին ծանոթանալու, հարցեր առաջադրելու հնարավորությունից: Այս պահին էլ նա զրկված է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից, քանի որ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել:
Հեղինե Պետրոսյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում, երբ դատավոր Աղաբեկյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել որդուն, որդու վերջին խոսքն է եղել՝ «Ես մեղավոր չեմ, ես հիվանդ եմ»: Այդ երեխան փակ տարածության մեջ չէր կարող մնալ եւ ունեցել է հոգեկանի հետ կապված խնդիրներ:
Քրեական գործերով վերաքննիչ դատարանը արդարացրել է Հայկ Մովսիսյանին՝ ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա:
Հ. Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ թե Ղարաբաղում եւ թե այստեղ համոզիչ բացատրություն չեն տալիս որդու մահվան հետ կապված եւ ինչպես հետաքննությունը, այնպես էլ նախաքննությունը, հասանելի չէ իր ընտանիքի համար:
Ի դեպ, երեկ դատական նիստի ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ դիակի կրկնակի փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Հայկ Մովսիսյանի աջ նախաբազկի վրա առկա է եղել քերծվածք մինչ մահը, այսինքն` մինչ մահանալը Հայկ Մովսիսյանը մեկուսարանում ենթարկվել է բռնության:
Իր միակ որդուն կորցրած Հեղինե Պետրոսյանը չի բացառում նաեւ արտաշիրման հնարավորությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































