Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը՝ Գեղամյանի առնչությամբ. «Շպիոններին դատում են»

Հուլիս 07,2014 15:25

Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի ռուսամետ պահվածքը քննադատության տեղիք է տվել: Բաքվում պարոն Գեղամյանը, խոսելով հայ-ադրբեջանական հնարավոր բարեկամական հարաբերությունների մասին, անդրադարձել էր Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու Եվրասիական միությանն անդամակցությանը:

Մասնավորապես պարոն Գեղամյանը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել էր, թե ինչքան մենք կուզենայինք, որ Ադրբեջանն էլ անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, կուզեր, որ ադրբեջանցիները Հայաստանում իրենց զգային ինչպես իրենց տանը, հայաստանցիներն էլ Բաքվում իրենց լավ զգային:

HayrikyanԱրտաշես Գեղամյանի պահվածքի առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպիսի տեսակետ հայտնեց. «Այդպես Եվրասիական միության մասին խոսում են միայն ռուսական ինտեգրացման գործակալները: Այդ ուղղությամբ խոսակցությունը անհեթեթ ու անհեռանկար է, որովհետեւ որեւէ կայսերապաշտությանն աջակից դառնալը ի վերջո վնասակար է: Իսկ գործակալն ուրիշ ինչի՞ց պիտի խոսեր: Ես հայտարարել եմ՝ նրանք, ովքեր Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը կողմ են, դրանք ԿԳԲ-ի գործակալներ են կամ ռուսական կայսերապաշտության գործակալներն են: Այդ գործակալի տեսակետի հետ ես բանավեճի մեջ չեմ մտնում: Գործակալը գործակալ է, շպիոններին դատում են, լրտեսներին դատում են: Նրանց հետ բանակցություններ չեն վարում»:

Safaryan_14-16
«Ժառանգության» անդամ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ այսօրվա հիմնական խնդիրները, մարտահրավերները թողնել եւ գնալ Բաքվում խոսել ուրիշ բաներից, պարզապես ոչ համարժեքություն է. «Այն էլ գնալ պատմական հոդվածներ բացել, խոսել Քսենոֆոնից եւ Հերոդոտոսից, խոսել, թե որը ինչքան է Հայաստանի անունը նշել եւ այլն, չփորձել մտահոգությունները բարձրացնել Ադրբեջանի պահվածքի հետ կապված, չհասնել բանաձեւերում դատապարտումների, որոնք միջազգային կառույցներում եւ դիրքորոշումներում գնահատական են դառնում… Բոլոր երկրներն էլ ուզում են, որ միջազգային հանրության անունից ինչ-որ գնահատականներ լինեն եւ օգնեն պետական նշանակության իրենց խնդիրներում: Բա մենք գնանք եւ Բաքվում խոսենք Ղրիմի խնդիրների՞ց, ՌԴ-ի շահե՞րը սպասարկենք: Չեմ ուզում ասել, որ հայկական պատվիրակությունը, մասնավորապես Արտաշես Գեղամյանը այնքան ռոմանտիկ են, որ իսկապես հավատում են առանց սահմանների Կովկասին, որ ադրբեջանցիները գան, իրենց զգան ինչպես իրենց տանը, մենք էլ մեզ Բաքվում շատ հարմարավետ զգանք: Չեմ ուզում ասել, որ նա ուտոպիստ է եւ հավատում է դրան, կարծում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պիտի լինեն Եվրասիական միության անդամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031