Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյան. «Ներողամիտ եղեք»

Դեկտեմբեր 28,2015 15:34

Նախարարը խոսեց իր ունեցվածքի մասին

Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում ներողություն խնդրեց լրագրողներից՝ իրար երբեմն ճիշտ չհասկանալու եւ իրարից նեղանալու համար. «Ներողամիտ եղեք, եկող տարի ավելի թափանցիկ ենք աշխատելու, ձեր հետ ավելի սերտ ենք աշխատելու: Ընդունում եմ ես ձեր քննադատական խոսքերը: Եկող տարի կաշխատենք ավելի սերտ համագործակցել»:

Նա մաղթեց առողջություն, ընտանիքներում խաղաղություն. «Մեր երկրի տնտեսությունը թող հզորանա, մարդկանց եկամուտներն ավելանան»:

Նախարարը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են վերամշակման հետ կապված. «Ուզում ենք պայմանագրային հարաբերություններ ստեղծել արտադրողի եւ վերամշակող կազմակերպության միջեւ»:

Լրագրողների դիտարկմանը՝ ձկնաբույծներից դժգոհություններ են հնչում, որոշ տնտեսություններ փակվել են՝ նախարարը արձագանքեց. «Ավելի շատ բացվել են, քան փակվել, այնպես չի, որ միայն փակվում են: Տնտեսություններ կան, որոնք փոքր են, փակվում են»:

Aravot.am-ի հարցին՝ 2015-ը դժվար տարի էր տնտեսության համար, ճգնաժամային տարի էր, այդուհանդերձ, Ձեր ներկայացրած հայտարարագրով, Ձեր ունեցվածքը ավելացել է, ոչ թե պակասել: Եթե Ձեր կինը 2011-ին ուներ 980 հազար դրամ, հիմա հայտարարագրում է 20 մլն-ից ավելի գումար, ընդ որում Ձեր կնոջ տարեկան աշխատավարձը 2 մլն 344 հազար դրամ է: Կբացատրե՞ք, ինչպե՞ս է դա եղել:

Նախարարը պատասխանեց. «Գույքի վաճառք ենք ունեցել, գույքի վաճառքից ավելացել է»:

Հարցին՝ Ձեզ այս տարի հաջողվե՞ց վարչապետի, կառավարության պահանջները բավարարել, որովհետեւ գյուղացիներից հնչեցին դժգոհություններ՝ նախարարը պատասխանեց. «Մենք ոչ մեկի պահանջները չենք բավարարում, մենք քաղաքականություն ենք իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: Դժգոհություններ միշտ եղել են, կան եւ հետագայում էլ են լինելու: Բավարարված չի գյուղացին, չի կարողանում իր ընտանիքի խնդիրները բավարարել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031