Լրահոս
Օրվա լրահոսը

«Առ այսօր սպառնալիքով լի զանգերը շարունակվում են, որի պատճառով փախել ենք Հայաստանից»

Հունիս 20,2016 14:00

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին է դիմել
Ռուսաստանի Դաշնությունում ներկայումս բնակվող Դավիթ Ստեփանյանը

Մեր հայրենակիցը տեղեկացնում է, որ ընտանյոք հանդերձ արտագաղթել են, իսկ պատճառը Հայաստանի քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանն է եղել:
Դատախազին ուղղված հաղորդման մեջ Դ. Ստեփանյանը գրում է. «Հովհաննես Երիցյանն իր կապերը դատարաններում, իրավապահ մարմիններում օգտագործելով՝ խարդախությամբ տիրացել է մեր գումարներին, գցելով մեզ ծանր սոցիալական վիճակի մեջ, ինչպես նաեւ շարունակական սպառնալիքներ է հնչեցրել եւ հնչեցնում ինչպես իմ, այնպես էլ ընտանիքիս հասցեին»:

Դ. Ստեփանյանը հայտնում է, որ Հ. Երիցյանի հետ ծանոթացել է 2001 թվականին:
Վերջինը 2003-2004թթ. տոկոսով իրեն է տրամադրել 900 000 դոլար գումար, ասելով, թե դա ԱԱԾ գեներալի գումար է: 10 տարվա ընթացքում, ինչպես պնդել է Դ. Ստեփանյանը, վճարել է 1 միլիոն 498 հազար դոլար: Հ. Երիցյանին ամսական 18 000 դոլարի տոկոս է տվել:

Տոկոսագումար տալը շարունակվել է մինչեւ 2014թ. ապրիլը: Երբ Դ. Ստեփանյանը հայտնել է, թե այլեւս չի կարողանում տոկոս տալ, Երիցյանը պահանջել է մայր գումարը:

«Գրավադնելով եւ վաճառելով իմ եւ կնոջս անվամբ եղած գույքը, մեր ծնողների եւ հարազատների անշարժ գույքը, կարողացանք վերադարձնել 500 000 դոլար գումարը: Երիցյանը որեւէ փաստաթուղթ այդ 500 000 դոլարի ստանալու մասին չտվեց, ընդհակառակը՝ ամոթանք տվեց, որ իրեն չենք վստահում, երբ ինքը Հայաստանի պատվավոր քաղաքացի է, մեծ պաշտոններ զբաղեցրած անձ»,- գրել է Դ. Ստեփանյանը: Վերջինը մի պատճառ էլ ուներ գումարը վճարել չկարողանալու. նա արդեն վեց տարի է, ինչ բուժվում է Մոսկվայի ստրես կենտրոնում:
Հովհաննես երիցյանը, սակայն, շարունակում է պահանջել իր 400 000 դոլար գումարը, եւ ըստ Դ. Ստեփանյանի. «Նա ասում է, թե դա իր հալալ քրտինքն է» եւ որտեղ էլ լինեն Ստեփանյանները, գտնելու է, եթե Դավիթը չկարողանա վճարել, ապա դա ստիպված կլինեն վճարել որդին կամ թոռները:

«Երիցյանը օգտվելով իր գործընկեր, փաստաբան Արտավազդ Այվազյանի ծառայություններից ու կապերից, դիմում են դատարան, եւ պահանջում 250 000 000 դրամ բռնագանձել մեր ընտանիքից, որն իրենց պատճառով արտագաղթել է, դիմել փախուստի:

Դատարանը, սակայն, հաշվի չառավ այն հանգամանքը, որ մենք միլիոն դոլարից ավելի միայն տոկոս ենք նրան տվել»,- նշել էր Դ. Ստեփանյանը:
Մեր հայրենակիցը դիմել է նաեւ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը՝ վաշխառության փաստի հետ կապված:

Ի դեպ, վաշխառության գործերից մեկի ժամանակ կար Վարդան Գինոսյանի ցուցմունքը, որը, ըստ Դ. Ստեփանյանի, նա տվել է ճնշման տակ:
Դ. Ստեփանյանը պնդում է, որ Հակոբ Եղիազարյանին տոկոսով գումար տալու հետ կապ չի ունեցել, եւ որ այդ գումարը տոկոսով տվել է քաղավիացիայի նախկին պետը:
Կյանքի դեմ ուղղված սպառնալիքի հանցակազմով Երեւան քաղաքի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ:

Նկատենք, որ այս տարվա մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Ա. Սարգսյանի գրությամբ մերժվել էր Դ. Ստեփանյանի, նրա եղբորորդու՝ Գ. Ստեփանյանի նույնաբովանդակ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը:
Գ. Ստեփանյանը 1995թ.-ից «Զվարթնոց» օդանավակայանում աշխատեցրել է տարադրամի փոխանակման կետը:

Վերջինիցս էլ Հ. Երիցյանը դատարանով պահանջել է 70 000 000 ՀՀ դրամ գումար, եւ դատարանը, ինչպես հորեղբոր դեպքում էր, այս հայցապահանջը նույնպես բավարարել է:

Հ. Երիցյանը ոստիկանության բաժանմունքում հայտնել էր, որ սպառնալիքներ չի հնչեցրել, եւ որ Դ. Ստեփանյանը գրավադրել է իր եւ հարազատների գույքը բանկում, որպեսզի չվերադարձնի իր գումարները:

Ըստ ոստիկանության հետաքննիչի. «Հ. Երիցյանի գործողություններում բացակայում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, քանի որ նշված հոդվածը պատասխանատվություն է սահմանում միյան սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու համար»:

Փաստորեն, հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չէր իրականացվել:

Հետեւել էր Երեան քաղաքի դատախազին ուղղված բողոքը, ապա հաղորդումը՝ ուղղված գլխավոր դատախազին:

Դատախազի որոշմամբ հարուցված քրեական գործը նշյալ 137 հոդվածի հանցակազմով է: Երեւան քաղաքի դատախազ Ա.Դավթյանը ուշադրություն է հրավիրել հետաքննիչի գործողությունների վրա, արձանագրելով. «Հատկանշական է այն հանգամանքը, որ հետաքննության մարմինը առանց պատշաճ ստուգման եւ գնահատման ենթարկելու Հ. Երիցյանի կողմից հնչեցրած սպառնալիքների կոնկրետությունը, անհիմն եզրակացրել է, որ դրանք չեն կարող պարունակել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու բնույթ: Մինչդեռ, այս առումով էական նշանակություն ունի այն հանգամանքի հստակեցումը, թե Հ. Երիցյանի կողմից հնչեցված «արյուն է թափվելու» արտահայտությունը կոնկրետ ում է ուղղված եղել, ինչպես է այն արտահայտվել, որպիսի պայմաններում միայն հնարավոր կլիներ հիմնավոր հետեւության հանգելու Հ. Երիցյանի հնչեցրած սպառնալիքների կոնկրետության վերաբերյալ»:

Տեղեկացնենք, որ այս հոդվածով նախատեսված արարքի համար պատիժը հետեւյալն է. նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 2 ամիս ժամկետով կամ ազատազրկման՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

18.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930