Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գործազուրկների և կուսակցությունների տարափ` Գյումրու և Վանաձորի ընտրություններում

Օգոստոս 30,2016 13:12

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակից կուսակցությունների պակաս չի զգացվի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)` ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների վերաբերյալ տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Վանաձորում առաջադրվել է 8, իսկ Գյումրիում 11 կուսակցություն:

Վանաձորում քաղաքապետի պաշտոնի համար մրցելու են ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Համախմբում», ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Գյումրիում` «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Բալասանյան դաշինք», Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ), «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմբում», ՀԱԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Վանաձորում ԲՀԿ-ն ներկայացրել է ավագանու 28 հոգանոց ցուցակ, որում ներառված են 6 կանայք: Վանաձորի քաղաքապետի` ԲՀԿ-ական թեկնածուն Այծեմնիկ Օհանյանն է` Վանաձորի Բժշկական կենտրոնի բժիշկ, նախկին ավագանի:

ՀՀԿ-ի թեկնածուն «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանն է: Իշխող կուսակցության ցուցակը 68 հոգանոց է` իգական սեռի 16 ներկայացուցիչներով: Ցուցակի 2-րդ տեղում Վանաձորի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատար Գուրգեն Խաչատրյանն է, 3-րդ հորիզոնականում` Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը:

«Լուսավոր Հայաստանը» ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 35 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր, կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը: Կանայք 8-ն են: Այս ցուցակում հայտնի պաշտոններ զբաղեցնողներ համարյա թե չկան, ներգրավված են ուսուցչուհիներ, աշխղեկ, դասախոս, ատամնաբույժ, նաև տնային տնտեսուհի:

Վանաձորում «Համախմբումը» հանդես է եկել 33 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է ՎՊՀ դոցենտ Վահան Ղույումչյանը: Ցուցակը ներառում է 11 իգական սեռի ներկայացուցիչ: «Համախմբման» ներկայացրած ցուցակն աչքի է ընկնում հատկապես նրանով, որ այստեղ ներառված անձանց թվում շատ են գործազուրկները:

ՀԱԿ-ի ցուցակը ևս 33 հոգանոց է, կանանց թվով զիջում է «Համախմբում» կուսակցությանը` 9 իգական սեռի ներկայացուցիչ: ՀԱԿ-ի` Վանաձորի քաղաքապետի թեկնածուն «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանն է: Այս ցուցակում ևս մեծ է գործազուրկների թիվը:

ՀՅԴ-ն Վանաձորում հանդես կգա ավելի ընդլայնված` 38 հոգանոց ցուցակով: 12 կանայք ներառող ցուցակում ներգրավված գործազուրկների թիվն, ի տարբերություն նախորդ երկու կուսակցությունների, անհամեմատ քիչ է: ՀՅԴ-ի` Վանաձորի քաղաքապետի թեկնածուն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի պատասխանատու Նելսոն Մամուլյանն է:

«Հայկական վերածնունդը» հանդես է գալիս բավականին ընդգրկուն ցուցակով` 70 հոգանոց` 19 կանանցով: Վանաձորի քաղաքապետի թեկնածուն ավագանու անդամ Արկադի Փելեշյանն է: Այս ցուցակում ևս մեծ թիվ են կազմում գործազուրկները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը անդամների թվով զիջում է մյուսներին. 21 հոգի: Կանայք 6-ն են: Քաղաքապետի թեկնածուն Վահագնաձորի հիմնական դպրոցի ուսուցիչ Արամ Խաչատրյանն է:

Գյումրիում առաջադրված 11 կուսակցություններից է «Ալյանսը»: 23 հոգանոց ցուցակը գլխավորում է գործազուրկ Արմեն Բադալյանը: Գործազուրկների թվով ռեկորդային է այս կուսակցության ցուցակը` 23 անդամից 17-ը գործազուրկ են:

«Բալասանյան դաշինքը» առավելագույն թվով անդամներով ցուցակ է ներկայացրել` 99 հոգի: Այն գլխավորում է Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այս դաշինքում ընդգրկված են ՀՀԿ, ՀՔԴՄ-ն: Փաստորեն, Գյումրիում իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, ինքնուրույն հանդես չի գալիս, այլ հանդես է գալիս դաշինքով:

ԲՀԿ-ի ցուցակը 49 հոգանոց է, այն գլխավորում է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանը: Այս ցուցակում ընդգրկված են նաև թոշակառուներ:

ԳԱԼԱ-ն հանդես է գալիս 24 հոգանոց ցուցակով: Գյումրիի քաղաքապետի թեկնածուն ԳԱԼԱ հ/ը, հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանն է: Ցուցակի 2-րդ տեղում Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբի խորհրդի նախագահ, «Ասպարեզ» օրաթերթի և www. asparez.am կայքի խմբագիր, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն է: 3-րդ հորիզոնականում www.galatv.am կայքի գլխավոր խմբագիր Քրիստինա Մկրտչյանն է:

«Գյումրեցու ոգի» և «Գործարար» կուսակցությունները հանդես են եկել 16 հոգանոց ցուցակներով:

«Համախմբումը» Գյումրիում ևս հանդես է եկել 33 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է Հ.Ժ.Հ. ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ասոյանը:

Գյումրիում ՀԱԿ-ն առաջադրել է քաղաքապետի կին թեկնածու: 22 հոգանոց ցուցակը գլխավորում է Եպրաքսյա Մեխակյան ա/ձ, Շրջապատ շաբաթաթերթի հիմնադիր Եպրաքսյա Մեխակյանը: 2-րդ հորիզոնականում լրագրող Արման Գալոյանն է:

ՀՅԴ-ի 33 հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը, այս ցուցակում շատ են կրթության ոլորտի ներկայացուցիչները:

«Հայկական վերածնունդի»`Գյումրու քաղաքապետի թեկնածուն ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է: Կուսակցությունը ներկայացրել է 90 հոգանոց ցուցակ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործազուրկ Արթուր Համբարձումյանը: Ցուցակում ընդգրկված է նաև «Արարատնյուզ» կայքի խմբագրի օգնական Էմմա Պալյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031