Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես բնության հանդեպ հավատացյալ եմ». Հրանտ Թադևոսյան

Նոյեմբեր 10,2017 17:57

Հայաստանի բնության պետական թանգարանը նշում է ծննդյան 65 ամյակը: Նոյեմբերի 10-ին թանգարանում տեղի ունեցավ Հրանտ Թադևոսյանի՝ Թաթոսի՝ «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով ցուցահանդեսը: Այն ուղեկցվեց ՀՀ բնապահպանության փոխնախարարի, նկարչի և թանգարանի անձնակազմի ողջույնի խոսքերով և Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաների պարային ելույթներով։

Վարպետի խոսքերով թանգարանում ցուցահանդես անելու միտք վաղուց կար, և որոշեց թանգարանի ծննդյան օրն էլ ներկայացնել այն: «Ներկայացրել եմ այն գործերը, որոնք բնությունից վերցրած կտորներ ու պատառիկներ են։ Սկզբից պետք է քեզանով անես բնության մի հատված և հետո նոր սկսես աշխատել»,- պարզաբանեց նկարիչը: Նա նաև նշեց, որ ոչ մի նկար հենց այնպես արված չի: «Հայաստանի որ մաս էլ գնաս, նկարելու բան կա: Ես ամեն օր հասցնում եմ և նկարել, և ցախ հավաքել, և խորոված անել, մի բաժակ էլ խմել ու ինքս ինձ շնորհավորել՝ օրը լիարժեք կերպով ավարտելու համար»,-պատմեց նկարիչը և հավելեց, որ նկարները որևէ ենթատեքստ չունեն, ուզում է՝այցելուները յուրովի ընկալեն այն: «Ես բնության հանդեպ հավատացյալ եմ , ավելի շատ եմ հավատում, քան հավատացյալը՝ աստծուն»,-ավելացրեց նա:

ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը Aravot-ի հետ զրույցում նշեց, որ վարպետի աշխատանքներին ծանոթ է եղել դեռ վաղուց, բայց ցուցահանդեսային ձևաչափով սա առաջին անգամն էր: «Տպավորված եմ , ցուցահանդեսը խորհրդանշական է , որովհետև նկարները բացի էսթետիկ հաճույքից կարող են դաստիարակչական մեծ նշանակություն ունենալ, ոչ միայն գեղեցկություն կարող են քարոզել, այլ նաև սեր բնության ու բնաշխարհի նկատմամբ»:

Փոխնախարարի խոսքերով նկարչի աշխատանքները գունային և բնությունը ընկալելու յուրատիպ մոտեցումով միանշանակ տարբերվում են.«Ես պրոֆեսիոնալ չեմ, բայց կատարողական առումով նկարները ինձ համար կատարելությանը մոտ են։ Եվ ներկայացրած գույները , և այն տեսանկյունը, որից ներկայացնում է բնությունը, շատ հոգեհարազատ է: Կարծում եմ՝ գույների կոնտրաստը շատ արտահայտիչ է»։

Անդրադառնալով բնության թանգարանին՝ փոխնախարարը խոսեց հետագայում սպասվող պլանների մասին. «Ամենակարևոր մարտահրավերը, որ մենք ունենք, դա Այ Թի(IT) լուծումներով և նոր կոնցեպտով թանգարան ունենալն է : Մենք պատրաստվում ենք հրաժարվել խրտվիլակներ պատրաստելուց և անցնել ավելի ինտերակտիվ և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանային լուծումների, որը ոչ միայն կդաստիարակի երեխաներին, այլ նաև կբացառի այն ընկալումը, որ կարելի է թեկուզ ընկած կենդանուն վերափոխել, մշակել և դարձնել խրտվիլակ»,-նշեց նա:

Բնության թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Սամսոնյանի խոսքերով՝ նկարչի աշխատանքները կյանքով լեցուն են. «Չնայած իր տարիքին՝ Հրանտ Թադևոսյանի նկարներում կյանք կա։ Կան նկարիչներ , ովքեր լավ են նկարում, բայց իրենց նկարներում մթություն կա, իսկ Հրանտի դեպքում վառ գույներ են ամենուր, այս ծաղիկները և այս պատկերները, ամեն ինչից թվում է՝ ոնց որ հայոց աշխարհը ոտքերիդ տակ լինի»,-իր կարծիքը հայտնեց նա։

Կարինե Կիրակոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930