Լրահոս
Օրվա լրահոսը

Բանվորը մնացել էր աղբատար մեքենայի հետնամասի բունկերի մեջ ու մահացել

Նոյեմբեր 25,2017 15:00

Թուրքագետ «Սանիթեքի» պատասխանատուն ասել էր,
թե անվտանգության կանոններ չեն եղել

«Հավաքարարների գործով» Կենտրոնի դատարանը խիստ պատիժներ սահմանեց «Կենտրոն մաքրության» տասներեք աշխատակիցների նկատմամբ, մինչդեռ, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից անմեղ հռչակվեց եւ դադարեցվեց քրեական հետապնդումը «Սանիթեքի» աշխատակիցներից մեկի նկատմամբ:

2015թ. ապրիլից «Սանիթեք» ՍՊ ընկերության վարորդների ղեկավար Վահե Փայտյանը դատաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ որեւէ պարտականություն ինքը չի ունեցել: Նա հավաքագրել է վարորդներին, ստուգել է նրանց վարորդական ունակությունները մեքենայի շահագործման հետ կապված, լրացրել է երթուղիների թերթիկները եւ ուղարկել նրանց աղբ հավաքելու: Նրա վրա աշխատանքի անվտանգության պահպանման, աշխատողների առողջության հարցերի հետ կապված պարտականություններ դրված չեն եղել: Իսկ գործի նյութերում առկա «Հինո» մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական գրքույկի մասին պատասխանատուն տեղյակ չի էլ եղել, քանի որ այդ գրքույկն արաբերեն էր եւ չէր կարողացել կարդալ:

Վ. Փայտյանը մեղադրվել էր, որ չի ապահովել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքի պաշտպանությանը վերաբերող մի շարք հոդվածների պահանջները, մասնավորապես, հրահանգավորումներ չի անցկացրել նույն ընկերության աշխատակիցներ՝ վարորդ Հովհաննես Խաչատրյանի եւ բանվոր, Զովունիի բնակիչ, տուժող Նորայր Նուրիջանյանի հետ, ինչի արդյունքում 2016թ. դեկտեմբերի 25-ին Երեւանի Սիլիկյան թաղամասի հարեւանությամբ գտնվող աղբավայրում «Սանիթեքի» «HINO» մակնիշի աղբատար ավտոմեքենայի հետ աղբաթափման աշխատանքներն իրականացնելիս խախտվել են անվտանգության կանոնները:

Ըստ փորձագետների, ավտոմեքենայի հիդրավլիկ համակարգի միացված լինելու պայմաններում բանվոր Նորայր Նուրիջանյանը մտել է փաթեթավորման բունկերի մեջ, որի ժամանակ էլ պատահաբար միացել է փաթեթավորման գլանը եւ Ն.Նուրիջանյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային վնասվածք, որի հետեւանքով Ն.Նուրիջանյանը մահացել է:
Տուժողի իրավահաջորդը նրա քույրն էր, որն ասել էր, թե դժբախտ պատահարի ժամանակ «եղբայրը մահացու վնասվածքը ստացել է աղբահանության ընթացքում ավտոմեքենայի տեխնիկայի հետ աշխատելու ժամանակ»:

Աղբատարի վարորդը ավտոպարկի տնօրենի կողմից մեկ անգամ է հրահանգավորվել: Դեպքից հինգ օր առաջ էր սկսել վարել «Հինո» մակնիշի 817 OM 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Իր հետ երկու բանվոր էին սպասարկում Դավիթաշեն վարչական շրջանը՝ կազմակերպում փողոցներում եւ բակերում տեղադրված աղբարկղերի աղբահանումը: Աշխատանքն սկսվել է յուրաքանչյուր օր՝ ժամը 19:00- 21:00-ն ընկած ժամանակահատվածում եւ ավարտվում էր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում: Ըստ վարորդի, «Գիշերվա ընթացքում առնվազն երկու անգամ մեկնում են աղբավայր, իսկ աղբը շատ լինելու դեպքում՝ մի քանի անգամ: Հիմնականում մեկնում եւ աղբը դատարկում են «Նուբարաշենի» աղբավայրում, լինում են դեպքեր, երբ աղբը դատարկում են Սիլիկյան թաղամասի հարեւանությամբ գտնվող աղբավայրում»:

Տուժողը դեկտեմբերի 24-ի ժամը 20:00-ից աշխատատեղում է եղել: Դեպքի օրը, ըստ վարորդի, երբ ավտոմեքենայի աղբատարը լցվել է, ժամը 05:00-ի սահմաններում, կրկին մեկնել են Սիլիկյան թաղամասին հարակից աղբավայր. «Ճանապարհին բանվորներից Մարատը քնած էր: Հասնելով աղբավայր` դիրքավորեցի մեքենան, ապա իջա ավտոմեքենայից: Դուրս եկավ նաեւ Նորայրը եւ վարորդի խցի հետնամասում դրսային հատվածում առկա կարգավորիչով բարձրացրել է մեքենայի հետեւի բացվող հատվածը, ապա բացվող հատվածի արտաքին մետաղական մասի կարգավորիչներով բացել եւ թափել է աղբը: Նորայրը հայտնեց, որ ավարտել է դատարկումը, եւ ես մեքենան մի քանի մետր առաջ վարեցի, որպեսզի աղբը չխանգարի Նորայրին՝ մնացած աղբն ավտոմեքենայից մաքրելու համար: Նորայրը բարձրացավ վերեւ՝ բացվող հատվածի հետնամասի աջ կողմում հատուկ կանգնելու համար նախատեսված հատվածը, բացվող հատվածի ներսում առկա աղբի մնացորդները մաքրելու նպատակով: Այդ ժամանակ իջա մեքենայից, մինչեւ Նորայրն աշխատանքը կավարտեր: Նորայրն իմ տեսադաշտից դուրս էր: Սովորականի նման սպասեցի՝ մինչեւ Նորայրը վերջացնի, փակի հետնամասի բացվող հատվածը եւ շարժվեն: Այդ ժամանակ լսեցի Նորայրի գոռոցը, վազքով մոտեցա դեպի վերջնամաս եւ նկատեցի, որ Նորայրը վերջնամասի աղբատար հատվածում ընկած է, իսկ վակուումային սեղմիչը միացված է եւ սեղմում է նրան: Կանգնեցի վերջնամասի վրա, անջատեցի վակուումային սեղմիչի կարգավորիչը եւ սեղմիչը հետ բերեցի, որպեսզի կարողանամ Նորայրին դուրս հանել: Նորայրին պառկեցրել եմ գետնին, ապա ձայն եմ տվել վարորդի խցում քնած մյուս բանվորին` Մարատին, եւ շտապօգնություն կանչել»: Ի դեպ, իրենց մոտ ժամանած շտապօգնության աշխատակիցները հետազոտելուց հետո պարզել էին, որ Նորայրը մահացել է:

Վկա Մարատն էլ, որը քնած է եղել դեպքի ժամանակ, ցուցմունք էր տվել, թե առհասարակ խուսափում է աղբատար ավտոմեքենայի տեխնիկան գործածել, քանի որ չի տիրապետում դրանց, եւ չի գործածել: Նա նաեւ հայտնել էր, թե բացի տարբերանշանով հագուստից, ընկերության ոչ մի աշխատակցի կողմից աշխատանքների կատարման ընթացքում տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորում երբեւէ չի ստացել եւ անհատական պաշտպանական միջոցներ երբեւիցե իրեն չի տրամադրվել:

Այս գործով վկա էր ճանաչվել մեկը՝ Արմեն Սարգսյան անուն-ազգանունով: Ըստ դատարանի, քրեական գործում առկա չէր որեւէ փաստաթուղթ, որ Ա. Սարգսյանը հանդիսանում է «Սանիթեք» ՍՊ ընկերության աշխատակից եւ Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն: Դատարանի ուշադրությունն էր գրավել այն, որ առգրավում կատարելու մասին 2016թ. օգոստոսի 29-ի արձանագրության համաձայն՝ «Սանիթեք» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Լ.Սահակյանին քննիչն առաջարկել է կամովին հանձնել բացառապես ընկերության հաստիքացուցակը, հրամանագիրքը, «Սանիթեք» ՍՊ ընկերության եւ «Ինթերնեյշնլ լոջիսթիկս» ՍՊ ընկերության միջեւ կնքված պայմանագրերը, «Սանիթեք» ՍՊ ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագիրը՝ Աջափնյակ վարչական շրջանում աղբահանություն իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ Վ. Փայտյանի, Ն. Նուրիջանյանի, Մ. Սարգսյանի, Հ. Խաչատրյանի եւ Ա. Այվազյանի աշխատանքային պայմանագրերը, իսկ հրամաններ, առավել եւս՝ Վահե Փայտյանին կամ որեւէ այլ անձի ընկերության աշխատակիցների աշխատանքի անվտանգության եւ առողջության հարցերով պատասխանատուի պարտականություններ վերագրված լինելու վերաբերյալ փաստաթուղթ ընկերությունից առգրավելու վերաբերյալ որոշում չի կայացվել, հետեւաբար, այդպիսի փաստաթուղթ «Սանիթեք» ընկերությունից չի պահանջվել: Դատախազը պահանջում է վարորդների պատասխանատուին մեղավոր ճանաչել, համաչափ պատիժ նշանակել:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

24.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930