Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ Անդրանիկ Մարգարյանի անունով անվանակոչել Ազգալդյանի համար նախատեսած փողոցը»

Նոյեմբեր 25,2017 15:27

Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով անհամաձայնություն է հայտնում Երեւանի ավագանու առաջիկա նիստում ներառված այն որոշման նախագծին, որով առաջարկվում  ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչվել Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչեւ Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը: Նախաձեռնությունը մերժում է ավագանու ՀՀԿ խմբակցության այս առաջարկը, քանի որ նշված փողոցը հանդիսանում է չորրորդային կարեւորության փողոց:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունն առաջարկում է Լենինգրադյան փողոցն անվանակոչել Ազգալդյանի անունով, ինչը մերժել են իշխանությունները: Ընդ որում, ՀՀԿ-ի առաջարկած փողոցն Ազգալդյանի անունով անվանափոխելուն դեմ չեն Ազգալդյանի հարազատները:

Այս առնչությամբ  նախաձեռնության անդամ Լեւոն Զաքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ազգական ասելով նկատի ունեն քրոջը: Նա ստորագրահավաքի ժամանակ ստորագրել եւ իր հետ բերել է բավականին ստորագրություններ, որ անվանափոխվի Լենինգրադյան փողոցը: Վերջերս լուրեր տարածվեցին, որ նա համամիտ է նաեւ այդ 4-րդական փողոցին: Բայց ամսի 21-ին նաեւ իմացանք, որ նրան համոզել են ասելով, թե ընդդիմադիրները նույնպես կողմ են:

Իհարկե, կան նաեւ բոլոր 8932 ստորագրությունները, որոնք մենք կրկնօրինակել եւ պահել ենք, այդ թվում տիկին Ազգալդյանինը եւ Լենինգրադյան փողոցի բազմաթիվ բնակիչներինը»:

Մեր այն հարցին, եթե Երեւանի ավագանին ընդառաջ չգնա նախաձեռնության կոչին՝ ավագանու նիստի օրակարգից հանել ՀՀԿ-ի առաջարկը, ի՞նչ քայլեր կնախաձեռնեն, Լեւոն Զաքարյանն այսպես պատասխանեց.«Քաղաքապետարանն, այսպես, թե՝ այնպես, արդեն խախտել է օրենքը, քանի որ հունվարի 19-ին, երբ մենք դիմումով եւ 8932 ստորագրությունով ու բոլոր հիմնավորումներով մտանք քաղաքապետարան, նրանք պարտավոր էին հարցը 4 ամսվա ընթացքում դնել նիստի: Անելու բան կարծես էլ չկա, ուղղակի կսպասենք Ազգալդյանին արժանի իշխանությունների»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ ինչպե՞ս կմեկնաբանի իշխանությունների, հատկապես քաղաքային իշխանությունների այս քայլը, օրինակ՝ մենք քաղաքի տարբեր կենտրոնական հատվածներում հանդիպում ենք Հայ Մեծերի մեծադիր պաստառներում տեսնում են նաեւ Անդրանիկ Մարգարյանի դիմանկարը, միթե՞ Ազգալդյանն իր ներդրումով արժանի չէ նման մեծարման, Զաքարյանը պատասխանեց. «Սկսենք նրանից,  որ ՀՀԿ ավագանին, ինչպես եւ իրենց ամբողջ կուսակցությունը, հարցը տարավ որպես հակառուսական քայլ, չնայած նրան, որ Ռուսաստանը վաղուց Լենինգրադը անվանափոխել է Սանկտ- Պետերբուրգի: Ներկա իշխանավորները ունեն նախօրոք վախի սինդրոմ ,այսինքն՝ նախապես վախում են Ռուսաստանի արձագանքից: Դե ինչ վերաբերվում է հայ մեծերին, ապա եթե Անդրանիկ Մարգարյանը հայ մեծերի շարքում է, ապա ես առաջարկում եմ Ազգալդյանի համար նախատեսած փողոցը անվանակոչել հենց Մարգարյանի անունով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ.

Նախաձեռնության հայտարարությունն ամբողջությամբ՝

Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին նախաձեռնության հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու առաջիկա նիստում, ՀՀԿ խմբակցության առաջարկով, օրակարգում ներառվել է Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցի անվանակոչման հարցը: Ըստ ՀՀԿ խմբակցության առաջարկի՝ Լեոնիդ Ազգալդյանի անվան պիտի անվանակոչվի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը, որը հանդիսանում է չորրորդային կարևորության փողոց:

Մենք կտրականապես մերժում ենք Լեոնիդ Ազգալդյանի անվամբ որևէ, նույնիսկ երկրորդային փողոցի անվանակոչումը: Սա համարում ենք «պծիչկա» դնելու մոտեցում և հասարակական պահանջը վիժեցնելու քաղաքականություն: Իհարկե Լեոնիդ Ազգալդյանի հարազատների կարծիքը կարևոր հանգամանք է, բայց Լեոնիդ Ազգալդյանը վերջին 25 տարիների ընթացքում, որպես ազգային արժեք, պատկանում է ողջ հայությանը և նրա անունով փողոց անվանակոչելու հարցը դուրս է հարազատների որոշման շրջանակներից: Այսպիսով` արձանագրում ենք, որ ՀՀԿ-ն այս անցուդարձի ընթացքում շարունակ նշելով պատմության կարևորության մասին, փաստորեն հրաժարվում է արժանավույնս արժևորել մեր իրական պատմությունը և այդ պատմությունը կերտողներին:

Իրականում Լեոնիդների անունը երկրորդելով՝ հենց իրենք են հայտնվում վատ իրավիճակում, քանի որ ազգը ճիշտ գնահատում է իր հերոսին և նաև այդ հերոսին նսեմացնելու փորձ անողներին:
Կոչ ենք անում Երևանի քաղաքի ավագանուն զերծ մնալ Լեոնիդ Ազգալդյանի անվամբ որևէ երկրորդային փողոցի անվանակոչում անելու գործընթացից և այդ առաջարկը հանել ավագանու նիստի օրակարգից:
Նաև հաշվի առնելու հասարակական պահանջը, որը դրսևորվել է թե մոտ 9000 ստորագրությունների տեսքով, թե վերջերս Երևանի կենտրոնում կայացած բազմամարդ երթով, կոչ ենք անում լսել ժողովրդի պահանջը և իրականացնել համարժեք անվանակոչություն:

Մաղթում ենք ձեզ վերոնշյալ պահանջի բավարարման իրականացման կամք: Իսկ Հայաստանին՝ արժանի և պետական բարձր մտածողություն ունեցող վերնախավ:

ԱՍԲ նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930