Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռաֆայել Ղազանչյան. «Կենսունակ կերպարները նոր ծնունդներ են նշանավորում…»

Սեպտեմբեր 19,1995 18:08

– Ի՞նչ է գրականությունը։

– Գրականությունը կյանքի արտացոլումն է բազմաթիվ դիտանկյուններից։

– Իսկ արձա՞կը։

– Արձակը տարողունակ ժանր է իր որոշակի չափուկշռով։

– Մեկ բառով ինչպե՞ս կբնորոշեք արձակը:

– Մարդարարություն։

– Այսի՞նքն։

– Ստեղծել մի կերպար, որն ապրի շրջապատող իրականության մեջ։ Իսկ երբ այդ կերպարը գործի բնորոշ հանգամանքներում, ուրեմն նա… ծնվել է:

– Իր ծնունդով այն ազդարարում է նաեւ նո՞ր գրքի ծնունդը:

– Իսկապես, կենսունակ, շնչող կերպարները նոր ծնունդներ են նշանավորում։

– Ձեր մեկ տասնյակի հասնող գրքերում մի տեսակ երկփեղկվածություն չի՞ նկատվում արդյոք, թեմատիկայի առումով։ Ես նկատի ունեմ հատկապես մեր կորած եզերքների Կարոտը եւ ժամանակակից կյանքը պատկերող Ձեր ստեղծագործությունները։

– Նուրբ ընկալում է. հայ ժողովրդի մեծ ողբերգության թեման արմատներիս ծնունդով եւ արյան կանչով է պայմանավորված, իսկ ժամանակակից մարդու կերպարի կողքով պարզապես հնարավոր չէ անտարբեր անցնել։ Չէ՞ որ ձգողականության օրենքը շարունակում է գործել…

– Գիտեմ, որ 90-ին հրատարակված «Առյուծի տարին» պատմվածքների եւ վիպակների Ձեր ժողովածուն արժանացավ Հայաստանի գրողների միության ամենամյա՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի: Ո՞րն է լինելու հաջորդը:

– Ի՞նչ խոսք, այսօր էլ շարունակում եմ ստեղծագործել եւ պատրաստել եմ տպագրության արձակ ստեղծագործություններիս հաջորդ ժողովածուն։ Իհարկե, չեմ կարծում, թե գիրք տպագրելու անբարենպաստ եղանակը երկար շարունակվի։ Օրերից մի օր գուցե թե Աստված գթա եւ… եղանակը բացվի։ Այնպես որ թող յուրաքանչյուր գրող իր զենքը (գիրքը) միշտ պատրաստ ունենա։

– Իսկ նո՞ւյն ոգեւորությամբ եք այսօր ստեղծագործում։

– Այո։ Գիտե՞ք ինչ, գրվելը միշտ էլ գրվում է։ Ես նկատի չունեմ սոսկ սպիտակ թղթին հանձնածը, այլ, որ ավելի կարեւոր. է, խմորումը, այսինքն գրվելիքը:

– Դուք երկար տարիներ աշխատել եք մամուլում, եղել եք «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ,          այնուհետեւ «Նպատակ» թերթի գլխավոր խմբագիր։ Իսկ ա՞յժմ…

– Ժամանակն, իսկապես, երկու գրչի տեր դարձրեց ստեղծագործողին։ Չգիտեմ։ դա ՛լա՞վ է, թե՞ վատ (հետո կերեւա…): Բայց որ առիթ է ստեղծվել բաց նյարդերով բախվել մեր կյանքի ալեբախումներին, չես կարող «երկրորդ» գրիչդ գործի չդնել։ Այսինքն այդ ալեբախումների հետազոտողը լինելով հանդերձ, անմիջականորեն չարտահայտել հույզերդ։

– Հավանաբար, այսօրվա կյանքի պատկերները՝ գրված «երկրորդ» գրչով, հետագայում ատաղձ կդառնան «առաջինի» համար։

– Թերեւս…

– Չգրված ճշմարտություն է՝ հասուն տարիքում նոր ընկերներ ձեռք չեն բերում։ Համաձա՞յն եք

– Հուրախություն ինձ պիտի վկայեմ, որ հաճախ նոր ընկերներն, ասես, կորած ու լավ հների… ճշմարիտ շարունակությունն են։

– Ժամանակին գրական ստեղծագործություններում շատ բան չէր ասվում, այսինքն՝ ասվածը պարզ էր, չասվածը՝ ենթադրելի, այսպես ասած՝ տողատակերում, «ճերմակ տողերում»։ Համամի՞տ եք ինձ հետ:

– Ինչ վերաբերում է ենթատողերին, ապա անշուշտ, դրանք կային եւ ինչ-որ տեղ թուլացնում էին գրական ստեղծագործության արժեքը։ Իհարկե, չի կարելի ասել, թե այն ժամանակ համարձակ կամ ճշմարիտ գրքեր չէին գրվում։ Գրվում էին եւ այսօր էլ պահպանվել են շատ արժեքներ: Պարզապես ենթաշարադրանքն այնպիսին պետք է լիներ, որ կարդացվեր: Եվ կարդացվում էին…

– Ի՞նչ եք կարծում, հիմա՞ էլ կարիք կա ենթաշարադրանքի, տողատակերի։

– Բոլոր ժամանակներում էլ, բոլոր իրավիճակներում էլ կարիքը կզգացվի։ Չէ՞ որ ենթաշարադրանքը միայն սքողված բողոքի իմաստ չի ներառնում, դա ինչ-որ տեղ նաեւ հոգեբանական նրբերանգ է հաղորդում գրական գործին։

– Սերն ի՞ նչ կերպարանքով է հայտնվում ստեղծագործողին։

– Մուսայի կերպարանքով, որը, ցավոք սրտի, մշտական չէ։

– Ի՞նչ առումով։

– Ինչպես ստեղծագործական լիցքի կայունության, այնպես էլ կյանքում սիրո վայելումով երջանկություն զգալու առումով։ Ցավոք սրտի, կյանքում շատ լավ բաներ միայն ժամանակավոր են…

Հարցազրույցը վարեց՝ Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930