Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նախարարը՝ վայրկենաչափով

Սեպտեմբեր 20,1995 15:31

Հայաստանի Ոստիկանության բարձրագույն դպրոցում քննող դասախոսներին ոստիկանական մեքենաներով էին տանում, որպեսզի հետո պահակախմբով չտանեն։

Այսօր Երեւանում միայն խոսում են Ոստիկանության բարձրագույն դպրոցի ընդունելության քննություններից: Քիչ է, որ քննությունները տեղի էին ունենում մայրաքաղաքի կենտրոնական համերգասրահում՝ Կամերային երաժշտության տանը, քիչ է, որ դիմորդների գրեթե մեկ երրորդը թույլ սեռի ներկայացուցիչներ էին, ովքեր երազում են ոստիկան դառնալ, դեռ ընդունելության հանձնաժողովն էլ գլխավորում էր ներքին գործերի նախարարն անձամբ։ Ըստ լուրերի, նախարարն անձամբ էր ստուգում լեզվի գրավոր աշխատանքները, անձամբ էր մարզադաշտում վայրկենաչափը ձեռքին հետեւում, թե ինչպես են դիմորդները հաղթահարում արգելավազքը։ Իսկ պատմության ընդունելության քննության հանձնաժողովին, որպեսզի նրա անդամները դիմորդների ծնողներին չառնչվեն, քննությունից անմիջապես հետո թիկնապահ խմբով տանում էին ամառանոց եւ առավոտյան, կրկին ոստիկանական մոտոցիկլների ուղեկցությամբ, բերում քննության…

Ընդհանրապես ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Հայաստանի քաղաքական երկնակամարում թերեւս ամենագունեղ դեմքն է։ Ոչ վաղ անցյալում նշանավոր արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր, ներկայումս՝ հայոց ոստիկանության շեֆը շատ անսովոր անձ է։ Նրան նույնիսկ ամենաչսիրողները խոստովանում են, որ հանցագործությունների ալիքը հանրապետությունում նա վերացրեց շատ արագ եւ վճռական։ Իսկ եթե ձեզ ինչ-որ խախտման համար կանգնեցնի ավտոտեսուչը կամ կարգուկանոնի մեկ այլ պահապան եւ ստուգելով փաստաթղթերը հետաքրքրվի, թե որպես ինչ եք  աշխատում, չասեք,  թե

դուք ֆիրմայի նախագահ եք, կամ ասենք՝ շատ խիստ մարդ, կարող է վատ լինել։ Ավելի լավ է անմիջապես ասեք, որ պոետ եք։ Կամ՝ նկարիչ, կամ՝ ռեժիսոր, կամ՝ կոմպոզիտոր։ Ամենայն հավանականությամբ, ձեզ բաց կթողնեն։ Վերջին տարիներին նույնիսկ շարքային անձնակազմը հիմնովին հասկացել է իր շեֆի թույլ կողմը։

Եվ երբ լուրեր պտտվեցին, թե նախարարը անձամբ է ստուգում ստուգողական աշխատանքները, ճիշտն ասած, հավատացի, եւ երբ հնարավորություն ստեղծվեց, հարցրեցի հենց նախարարին, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը։

– Բոլոր աշխատանքներն, իհարկե, չեմ ստուգել, միայն մեկ-երկու թելադրություն։ Բայց փաստորեն 2 շաբաթ իմ առանձնասենյակ չեմ մտել, քննությունների տեղում էի լինում եւ մարզադաշտում։ Ստուգողական աշխատանքները սկզբում ստուգում էին, ապա՝ վերաստուգում։ Իսկ պատմության ընդունելության      հանձնաժողովին ամառանոց տանում էին անցյալ տարի: Այժմ այդ միջոցից հրաժարվել ենք: Հարգված մարդիկ են, խոշոր մասնագետներ, իսկ դուրս էր գալիս, որ մենք հրավիրում ենք՝ ի սկզբանե նրանց չվստահելով։ Այս տարի մեր դիմորդները թելադրությունը գրեցին ոչ հեռու նստած իրենց ծնողների ներկայությամբ։

Հրավիրված մասնագետները միայն քննությունից առաջ էին իմանում, թե այդ օրը իրենցից ովքեր պետք է ստուգեն աշխատանքները։ Ստուգում էին հենց այդտեղ, առանց դահլիճից դուրս գալու եւ 2 ժամ անց հայտարարում արդյունքները: Հաջորդ օրը քննում էին արդեն ուրիշները։ Նույն ձեւով նաեւ պատմության գրավորը, թեեւ դրանց ստուգումը ավելի շատ ժամանակ էր պահանջում։ Այդ պատճառով մենք նրանց հրավիրեցինք աշխատանքներն ստուգել ՆԳ նախարարությունում:

– ՆԳՆ-ո՞ւմ։

– Միայն այն պատճառով. որ այդտեղ նրանց համար ստեղծված էին ամենահարմարավետ պայմանները- հարմար սենյակներ, լույս, օդափոխիչ, սուրճ։ Նրանք աշխատանքն ավարտում էին գիշերվա ժամը 3-4-ին: Նույն պահին ստանում էին պայմանագրով նախատեսված հոնորարը, եւ հերթապահ մեքենաները յուրաքանչյուրին իր տուն էր տանում։ Այս է բոլորը։ Նրանք ազնվորեն էին կատարում իրենց աշխատանքը։ Հաջորդ քննությունները ուրիշ մարդիկ էին ընդունում: Եկող տարի կրկին լրջորեն կզբաղվեմ ընդունելության քննություններով, այս մեխանիզմը կհասցնենք պահանջվող մակարդակին, իսկ այնուհետեւ, որպես փորձի փոխանակում, կարելի է առաջարկել այլ բուհերի:

– Իսկ կողքից այս բոլորին ի՞նչ անուն կարելի է տալ։

– Հանցագործության դեմ պայքարի պրոֆիլակտիկա։

Վարդան ԱԼՈՅԱՆ

«Կոմսոմոլսկայա պրավդա»

15-ը սեպտեմբերի 1995 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930