Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրադեղյանական երեկո՝ Խնկո Ապոր գրադարանում

Նոյեմբեր 13,2026 23:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 13-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Ֆակտում» փաստագրական կենտրոնի և Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ նշվեց պետական գործիչ և գրող Վանո Սիրադեղյանի ծննդյան 80-ամյակը։

Միջոցառումը համախմբել էր Սիրադեղյանի գաղափարակից ընկերներին, մտավորականներին և ընթերցողներին՝ հիշելու նրա անցած բարդ ուղին, գրական ժառանգությունն ու դիտելու նրա ստեղծագործության հիման վրա նկարահանված մրցանակակիր ֆիլմը։

 

Երեկոն բացեց ՀԱԿ վարչության անդամ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ ամբողջ օրը սոցիալական ցանցերը ողողված են եղել Սիրադեղյանի խոսքերով ու ելույթներով, ինչը ոչ թե պարզապես մխիթարանք է, այլ ժամանակի կողմից տրվող իրական գնահատական․

«Մարդ, որը պատմական է։ Մի անգամ ես ասել էի՝ «հիմնադիր հայր»։ Աստված տա՝ ժամանակին Վանոն գնահատվի ճիշտ այնքան, ինչքան ինքն է արել այս երկրի համար։ Ես վստահ եմ, որ այդպես է լինելու»։

Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն իր ելույթում ընթերցեց 2015 թվականին Վանո Սիրադեղյանին նվիրված իր խոսքը՝ շեշտելով, որ Սիրադեղյանը չտեղավորվեց մեր երկրի ու նրա հնարավորությունների սահմաններում և ձգտեց կատարյալին․

«Նա չուներ պատասխանատվության չափի զգացողություն, ավելին՝ դրա ժամանակը չուներ. մարտահրավեր է նետված, և պետք է բաց չթողնել մեր երկրի կայացման եզակի հնարավորությունը։ Եվ Վանոն առանց երկնչելու իրեն նետեց այդ անհանդուրժելի մսաղացի մեջ ու գնաց առաջ։ Ինչպես կատարյալ էր իր գրիչը կարճ պատմվածքի ժանրում, այնպես էլ ինքը կատարյալ եղավ երկրակերտման բնագավառում»։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձավ գրող և պետական գործիչ Սիրադեղյանի կերպարին՝ նշելով, որ Ղարաբաղ կոմիտեում Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանն ու Աշոտ Մանուչարյանը նախագծեր էին մշակում, բայց վերջնական խոսքը միշտ Վանոյինն էր՝ որպես ժողովրդի զարկերակը զգացողի․

«Գրողը նախ և առաջ մի մարդ է, որի հոգին բնակեցված է մարդկանց հոգով։ Ոչ ոք այդքան լավ չէր հասկանում հայ ժողովրդին, ինչպես Վանո Սիրադեղյանը։ Իր համար պետությունը բյուրոկրատիա չէր, կարիերա չէր, այլ իր ընտանիքն էր։ Ինքը պետական պաշտոնում զբաղված էր իր ընտանիքի գործերը կարգավորելու, իր ընկերների ու քույրերի արժանապատվությունն ու անվտանգությունը պաշտպանելու գործով»։

Զուրաբյանը նաև հիշեցրեց Սիրադեղյանի հայտնի միտքը պատմական և իրական հայրենիքների մասին՝ ընդգծելով, որ Սիրադեղյանը դա ասում էր իրական Հայաստանի հաղթանակը կռելու համար․
«Վանոն ասում էր՝ հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում։ Ինքը շատ լավ գիտեր, որ գնալու է ամբողջ գողական, քրեական աշխարհի դեմ, գիտեր՝ ինչ անեծք ու ատելություն է վերցնում իր վրա, գիտեր, որ հայրենիքը իրեն շնորհակալության փոխարեն օստրակիզմի է դատապարտելու, բայց գնաց այդ ռիսկին»։

Միջոցառմանը ներկա էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ներկայացուցիչները։ Կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ներսիսյանը պատմեց, որ իրենց մոտ նոյեմբերի 9-ից 13-ը «Սիրադեղյանական շաբաթ» է, և 7-12-րդ դասարանների սովորողներն ակտիվորեն ընթերցում ու վերլուծում են գրողի պատմվածքներն ու հրապարակախոսությունը․
«Պատանիներին շատ է տպավորում հատկապես «Գառ ախպերիկ» պատմվածքը։ Սիրադեղյան կարդում ենք նաև մեր ուսուցչական գրական ակումբում»։

Երեկոյի ավարտին ցուցադրվեց ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի՝ հայ-լեհական համատեղ արտադրության «Կաթնեղբայր» կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է 2014 թվականին՝ Վանո Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքի հիման վրա։ Ռեժիսորը ֆիլմի վրա աշխատել է շուրջ 14 տարի՝ հաղթահարելով բազմաթիվ ֆինանսական դժվարություններ։

«Այս ֆիլմը ստացել է 40 միջազգային մրցանակ՝ լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգերում՝ Իտալիայում, Լեհաստանում, Եգիպտոսում, Չեխիայում, Ուկրաինայում և այլ երկրներում։ Լեհաստանում այն հիմա դասագրքային նյութ է կինեմատոգրաֆիայի ֆակուլտետների ուսանողների համար», — նշեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ 2014-2015 թվականներին ֆիլմը մասնակցել է նաև «Օսկար» մրցանակաբաշխությանը, հաղթահարել առաջին փուլը և հայտնվել երկար ցուցակում (long-list), սակայն լուրջ լոբբինգի և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի ընդգրկվել կարճ ցուցակում (short-list)։

 

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30