Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասի գերին

Հոկտեմբեր 19,1995 13:10

Լինում է չի լինում, Ստեփանավանում մի գործարար մարդ է լինում։ Ոչ թե ինչ-որ «սուպերբիզնեսմեն», այլ ետխորհրդային շրջանի սովորական առեւտրական։ Իր վրացի գործընկերների հետ նա «բենզինի գործ» էր անում։ Եվ ահա, օրերից մի օր հերթական հաշվառման ժամանակ պարզվեց, որ նա իր ընկերներին պարտք մնաց 2000 դոլար։ Դա մեծ ողբերգություն չէր։ Գործընկերներն իրար լիովին վստահում էին։ Այդ ժամանակ պարտատերը առաջարկեց. «Ձեզ մոտ, Վրաստանում, մեքենաներն ավելի թանկ արժեն։ Վաճառեք Թբիլիսիում իմ «Նիսան- Պատրոլը», հանեք պակասող 2000-ը, իսկ մնացյալով բենզինի նոր խմբաքանակ բարձեք»։

Այդպես էլ բարիշեցին։ Պատմությունը դրանով էլ կվերջանար, եթե ճանապարհին, Թբիլիսիի մոտակայքում, մեքենան չկանգնեցնեին Ջաբա Իոսելիանիի «հեծյալները», որոնք հինգ առեւտրականներին էլ դուրս գցեցին «Նիսանից» եւ տարան այդ շքեղ մեքենան։ Հիմա արդեն վրացական կողմը պարտք մնաց, ընդ որում՝ շատ ավելի շոշափելի գումար։ Անհաջողակներից մեկը ներկայացավ Ստեփանավան եւ հայտնելով տխուր լուրը ընկերոջը, արեց հետեւյալ առաջարկությունը. «Որպեսզի դու չնյարդայնանաս, մտածելով, թե մենք քեզ «քցել» ենք, ես քեզ մոտ հյուր կմնամ մինչեւ որ տղաները չգտնեն մեքենան կամ չհավաքեն անհրաժեշտ գումարը։ Մի խոսքով, համարիր, որ ես քեզ մոտ գրավ եմ մնացել»։

Վրացին հյուրընկալվում է մեկ օր, երկու օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, այդպես անցնում է յոթ ամիս։ Ոչ մեքենան կա, ոչ էլ գ գումարը։ Այդ ժամանակ «Կովկասի գերին» արձանագրում է. «Ինչ-որ բան այն չէ։ Արի ես գնամ փողը ճարեմ, իսկ իմ փոխարեն քեզ մոտ, որպես գրավ, կթողնեմ իմ տղային»։

Այդպես 11-ամյա Ջանոն բնակվեց Ստեփանավանում եւ ապրեց այնտեղ 10 ամիս։ Երբ ծանոթացա հետը, նա արդեն լիովին տիրապետել էր իր համար անծանոթ լեզվին եւ հայերեն էր խոսում առանց որեւէ ակցենտի։ Տղայի խոսքերով, խնամակալներն արդեն պատրաստվում են նրան տեղական դպրոց ուղարկել, որպեսզի ուսումնական տարին բաց չթողնի։ Եվ դեռ պարզ չէ, թե որքան կձգվի այդ պատմությունը։ Գործը մեռյալ կետից չի շարժվում, սակայն կողմերից ոչ մեկը ոչ մի տեղ չի բողոքում։

Ամեն ինչ բացվեց պատահականորեն։ Ստեփանավանցի տղաներից մեկը տուն վերադարձավ ֆուտբոլ խաղալուց հետո, զգալիորեն կաղալով։ «Այդ ո՞վ է քեզ նախշել»,- հարցրեց տղայի հայրը, որը ոստիկան էր։ «Դատարկ բան է, վրացի Ջանոն էր, խաղում էր պաշտպանությունում, կոպիտ խաղաց իմ դեմ, որի համար էլ տուգանային հարված ստացան»։

– Վրացի Ջանոն ո՞վ է։

– Դե, էն տղան է, որը Դավիթ քեռու մոտ մի տարի արդեն ապրում է՝ «Նիսան Պատրուլի» փոխարեն։

Գործով զբաղվեցին երկու երկրների ոստիկանությունները եւ, իհարկե, նախեւառաջ որոշեցին տուն վերադարձնել տղային։ Սկզբում Ջանոն կտրականապես հրաժարվեց վերադառնալ հայրական օջախը. «Մինչեւ Դավիթ քեռու մեքենան չվերադարձնեն, ոչ մի տեղ չեմ գնա»։ Բայց հետո եկան վրացի ոստիկանները եւ երդվեցին, որ մեքենան արդեն գտնվել է, մնում է մի քիչ ներկել եւ մի երկու օրից հանձնել տիրոջը։

Ջանոն վերադարձավ տուն։

Վարդան ԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031