Լրահոս
Օրվա լրահոսը

Թզենու շպրտված վերջին տերեւը

Դեկտեմբեր 22,1995 20:47
groxneri miutyun

Ճիշտ որ՝ եթե մի խենթ քարը փոսն է նետել, հազար խելոք չեն կարող հանել…

Մեր լրագրային միջավայրում անցած ամսավերջի ամենից աղմկահարույց երեւույթը, երեւի, դրամանյութական ծանր պայմանների պարտադրանքով պարբերականության «իր շավղից դուրս սայթաքած» «Գրական թերթին» մատուցված անակնկալն էր, նրա «հավելվածը»՝ կրկնակ ծավալով։ Այն, ըստ «խաչաձեւության սկզբունքով» հավաքված-համադրված տվյալների լույս աշխարհ է եկել Հայաստանի ԳԱ երիտասարդ գրողների սեկցիայի նախաձեռնությամբ ու համառ պահանջներով, ստեղծագործական հիշյալ կազմակերպության վարչության քարտուղարների բարեհոգի ընդառաջմամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած թղթով, «Հայմամուլ» գործակալության հոգացած տպագրական ծախքերով, թողնում է ոչ թե թերթի, այլ ալմանախի ու անթոլոգիայի տպավորություն։ Հեղինակային կազմով էլ չի տեղավորվում տարիքային ենթադրվող շրջանակներում։ Համենայնդեպս, գրեթե բոլոր բանաստեղծներն ու արձակագիրները անցել են այն սահմանը, որի «բարձունքից» երբեւէ երիտասարդ գրող չկոչված Վահան Տերյանն ասում էր՝ «Ինչո՞ւ ես ջահել չմեռա», այսինքն՝ միջին սերնդից են, կան նույնիսկ ավագների շարքն անցնելու հայտագիրներ։

Պիտի ենթադրել, որ գրաքննադատությունը չի կարող չանդրադառնալ այդ հրատարակության ամբողջ պարունակին, որն աչքի է ընկնում նաեւ մի քանի պայծառ շողարձակումներով։ Ասելիք, իրո՛ք, հիանալու առիթներ, իհարկե՛ կան։ Եվ աղմկահարույցը ոչ թե այդ ամբողջն է, այլ նրա սոսկ մի մասը, ուր շոշափվում են առնականության ու կանացիության, սեռախտի կենսաբանական ու սոցիալական որոշ կողմեր եւ անշուշտ բխում են մեզանում տիրապետող նախապաշարումները մեղմելու շահեկան նպատակից։

Ցավոք՝ «դուռը դարպասից շատ մեծ է ստացվել»։ Ըստ էության, հնչել է ժողովրդյան բարոյական ըմբռնումներին հանդուգն մարտահրավեր նետելու հանգի մի բան, որը հռչակագրային այսպիսի ձեւակերպումներով է մատուցվել. «…կան մարդիկ, որոնք ունեն գեղագիտական նախասիրություն եւ ստեղծագործական շահագրգռություն։ Նրանց տեսակը կենսաբանորեն խոցելի է, եւ օրինաչափ էր, որ պիտի տեւական դեպրեսիաների, մղձավանջների, նեւրոզների զոհ լինեն։ Նրանց լռությունը, որ իբրեւ բարոյական դիմազրկություն կարող է պիտակվել, իրականում ջղաձիգ կրավորական հայեցողականություն է։ Երբ թնդում են բոզի տղերքը, մուսաները լռում են։ Ու թե բան էլ ասում են, ապա՝ շշնջոցով, մի քանիսի ականջին…»։

Եվ կամ՝ «գրականությունն իմ ազատությունն է, այստեղ միայն ինքս իմ առաջ եմ պատասխանատու….»։ Ահա ինքնալուսավորման այս շերտերում է նկատելի դառնում, թե ինչու «Կեսգիշեր» չափածո հյուսվածքի մեջ առասպելի աստիճանի գեղեցկություններին հարեւանում է բացարձակ գռեհկությունը, որն իր հիպերբոլիկ արտահայտությամբ ու Օդրի Բերդսլեյի վուլգար գծապատկերի զուգորդմամբ չի կարող նողկանք չպատճառել մեր ժողովրդի բարոյական ըմբռնումներին։

«Միայն ինքս իմ առաջ պատասխանատու» լինելու դավանանքին հավատարիմ «Դռներ, աստիճաններ, դռներ…» եւ «Յոթ, վեց կամ ութ» պատմվածքների հեղինակը, իր տարերքը ներդնելով սեքսային նատուրալիզմի մեջ, գեղագիտական հաճույքի շիթ անգամ չի կարող փոխանցել ընթերցողին, քանզի նրա որոնումները սահմանափակվում են կանացի «ազդրերն ի վար կպչուն ծորանքի», «սպիտակ, պարարտ հետույքի» ու լորձունքի աշխարհում։

Խոստովանենք, որ այս ամենը դժվար է մարսել, ու շատ է ստվերում հավելվածի լավագույն գործերը։ Իրոք, դատապարտելի է տրված ազատությանը ստրուկի հոգեբանությամբ արձագանքելը՝ միանգամից ու ագահաբար։ Պոռնոքարոզչության աստիճանին մոտեցող, սնկի պես բազմացող բուլվարային լրագրերի հրապարակումներից զզվելու չափ կուշտ մեր հայրենակիցները, համենայնդեպս, նման «ընտրանու» կարիքը չունեին, քանզի համոզված են, որ իրոք գեղեցկությունն է աշխարհի դատավորը, եւ որ այսօր իրենց ափերից ելած, մեզ խորթ զգացմունքներն ու կրքերը վաղ թե ուշ վերստին պիտի հանդարտվեն, մտնեն ու հոսեն բարոյականության հունով ու դրա պարտավորը գրողներն են։

Այդ է պատճառը, որ հավելվածի վաճառքի հանված տպաքանակը մնում՝ է կրպակներում, եւ ընթերցվում են գերազանցապես այն օրինակները, որ գրական միջավայրում փոստատարի պայուսակներով շրջող նրա հրատարակիչները ձրի բաժանում են ծանոթ-բարեկամներին եւ՝ ում պատահի։

Ժաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031