Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն վստահում է Վանոյին

Մայիս 10,1998 00:00
vano

Ուրբաթ՝ մայիսի 8-ին, ՀՀՇ վարչության շենքում տեղի ունեցածի վերաբերյալ «Առավոտին» մանրամասներ հաղորդեց կուսակցության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը։ «Նիստը անակնկալ սկիզբ ունեցավ, դա շատ անսպասելի էր մեզ համար։ Վանո Սիրադեղյանը դրեց իր վստահության հարցը եւ ՀՀՇ վարչությունից վստահության քվե խնդրեց»։ Այնուհետեւ զրուցակիցս պարզաբանեց, որ նշյալ նիստին մասնակցել են ՀՀՇ վարչության 26 անդամ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընդամենը երկու քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել։ Այսպիսով՝ Վանո Սիրադեղյանն ըստ էության ՀՀՇ վարչության վստահության քվեն ստացել է, քանի որ մյուս բոլոր քվեաթերթիկները եղել են հօգուտ նրա։ Ինչո՞վ է պայմանավորված ՀՀՇ նախագահի այս քայլը։

«Առավոտի» հետ զրույցում Վանո Սիրադեղյանը խուսափեց ասել, թե որն է իր ձեռնարկի իրական հիմքը ու նույնիսկ չցանկացավ էլ խոսել, մի կողմից՝ իր եւ վարչության մյուս անդամների, իսկ մյուս կողմից էլ՝ ՀՀՇ-ի, այսպես կոչված, էլիտայի միջեւ, գոյություն ունեցող հակասության մասին։ Անցած յոթ տարիներին այդ խմբակը փոքրամասնություն է եղել ժողովրդի նկատմամբ, հավանաբար, գալիք յոթ տարիներին էլ այդ կարգավիճակը կունենա սեփական կուսակցության մեջ։ Հնարավոր է, սակայն, որ այդպես չլինի, եւ Բաբկեն Արարքցյանի շուրջ խմբված Արա Սահակյանը, Բագրատ Ասատրյանը, Ավետ Գրիգորյանը եւ այլք, որոնք դեռեւս չեն ընտելացել իշխանություն չլինելու փաստին, նորից վերադառնան այնտեղ, որտեղ իրենց չեն սպասում։ Մի խոսքով, բացի վերոնշյալից կա նաեւ այլ հանգամանք. Վանո Սիրադեղյանի նկատմամբ վերջին ամիսներին վերապահ վերաբերմունք են ունեցել ՀՀՇ-ի նաեւ այլ անդամներ։

Նշյալ հարցերի շուրջ ՀՀՇ նախագահի «Առավոտին» տված պարզաբանումները։

-Այս մի քանի ամսվա մեջ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, նախանշելով այն ճանապարհը եւ տակտիկական այն քայլերը, որոնք պետք է արվեն եւ որոնցով պետք է առաջնորդվի ՀՀՇ-ն՝ մինչեւ իր հաջորդ համագումարը, որը, փաստորեն, տեղի կունենա Ազգային ժողովի նոր ընտրություններից առաջ, անկախ նրանից՝ դրանք վաղաժամկետ են լինելու, թե՝ ոչ։ Ես ուզում էի իմանալ, ՀՀՇ վարչությունը ի՞նչ չափով է կիսում իմ հայացքները, ի՞նչ չափով է պաշտպանում ինձ։ Մի բան է, իհարկե, բաց խոսելը՝ սրտում այլ բան ունենալով. դա մարդկայնորեն հասկանալի է, սակայն շատ ավելի իրական պատկեր է տալիս այդ ամենի մասին փակ գաղտնի քվեարկությունը։ Առաջին հերթին ինքս ինձ համար պարզեցի, որ ՀՀՇ վարչությունն ինձ պաշտպանում է։

-Ձեր վստահության քվե ուզելն, արդյոք, պայմանավորված չէ՞ ՀՀՇ տարբեր անդամների, ասենք՝ Ալեքսան Հակոբյանի պահանջով, թե՝ պետք է հրաժարվեք վարչության նախագահի պաշտոնից, կամ՝ Կարապետ Ռուբինյանի վերապահումով, որը կասեցրել է անդամությունը ՀՀՇ վարչությանը, քանի դեռ դուք եք կուսակցության ղեկավարը։

-Դրանք մանրամասներն են, իսկ հիմքում այն է, ինչի մասին արդեն ասացի։

-Պարոն Սիրադեղյան, օրեցօր ավելի հավաստի են հնչում այն խոսակցությունները, թե հակասություններ կան ձեր եւ Բաբկեն Արարքցյանի միջեւ։

-Մեր այսօրվա հակասությունն այնքան է, որքան եղել է մեր իշխանության տարիներին. ոչ ավելի, ոչ պակաս, քան նախորդ 7 տարիներին եղածն էր։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031