Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 9 ԳԼԽԱՆԻ ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Մայիս 19,1998 00:00
gov

ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը, հիրավի, բեկումնային փաթեթ է մեր ժողովրդի պատմության մեջ։ Այն մեր դարավոր իղձերի ու երազանքների արտահայտությունն է, մեր ազգային իմաստնության վառ դրսեւորումը։ Դժվար է ներկայիս իմացական մակարդակով գնահատել ծրագրի պատմական արժեքը, սակայն իմ պարտքն եմ համարում հայտնել մի քանի հիացական նկատառում։ Նախ՝ առաջին անգամ միախառնվել են առաջին հայացքից միմյանց հետ կարծես թե կապ չունեցող ոլորտներ. «Մշակույթ» ենթագլուխը բարեհաջող մուտք է գործել «Սոցիալական համակարգ» գլխի մեջ եւ գրավել իր պատվավոր տեղը։ Ենթագլխի առաջին նախադասությունն ավետում է. «Հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործում չափազանց կարեւոր է մշակութային արժեքների ամրապնդման դերը»։

Անշուշտ, հիշում եք, որ վերջերս Գերմանիային վերադարձվեցին մշակույթի շատ արժեքներ։ Այդ կերպ չափազանց կարեւորեցինք ոչ միայն դրանց ամրապնդման դերը, այլեւ ամրապնդեցինք դրանց տեղը։ Եվ մեր հասարակությունն, ինչպես նկատեցինք, միանգամից առողջացավ։ Հաջորդ մշակութային արժեքը, որի ամրապնդման դերը պիտի չափազանց կարեւորենք՝ Գառնիի տաճարն է։ Երրորդը կլինի Սունդուկյանի «Կտակում» Լորենց Առուշանյանի դերը։ «Չափազանց կարեւոր է» խորիմաստ արտահայտությունը երկրորդ պարբերության մեջ վերափոխվել եւ հանդես է եկել «առանձնապես կարեւորվում են» տեսքով։

Թե ինչերն են մեր հարազատ կառավարության համար առանձնապես կարեւորվում՝ թող ընթերցողը դատի. «մարդու եւ քաղաքացու ստեղծագործական, կրթական ազատության իրավունքի եւ պետական երաշխիքների միջոցով մշակութային, կրթական գործընթացներին հնարավորության սահմաններում առավելագույնս մասնակցության ապահովումը»։ Մենք էլ մեր հերթին չափազանց կարեւորենք եւ առանձնապես վերակարեւորենք մարդ եւ քաղաքացի հասկացությունների տարանջատումը, սույնով՝ դրանց փոխկապակցվածությունը։ Ոչ ժողովրդավարական երկրներում, օրինակ, այդպես չէ։ Մեզանում թե՛ մարդու, թե՛ քաղաքացու համերգ-բան գնալն առանձնապես կարեւորվելու է, մինչդեռ, օրինակ, բռնատիրական Արեւմուտքում ով ուզում՝ համերգ է գնում, ով չի ուզում՝ չի գնում։ Խոստումնալից են նաեւ հաջորդ պարբերությունները. դրանք կարդացողի ծնկները հուզմունքից կծալվեն, շունչը կկտրվի, քանզի խոսվում է ինչ-որ ծրագրի եւ ֆինանսավորման մասին։

Ահա թե ինչ ուշագրավ մտքեր է պարունակում «Մշակույթ» ենթագլխի վերջին պարբերությունը. «Մշակութային կազմակերպությունների ապակենտրոնացումը, հանրապետական ենթակայության մշակութային կազմակերպությունների ցանկի կազմումը, պատմամշակութային ժառանգության, հատկապես նշանակալի օբյեկտների ընդգրկումը պետական նախահաշվի՝ ամբողջովին ֆինանսավորվող պաշտպանված ընթացիկ ծախսերի ցանկում»։ Սա ավելին է, քան նախադասությունը, որն, ինչպես հայտնի է, արտահայտում է մեկ ամփոփ միտք։ Քանի՜-քանի՜ միտք կա այս բառեր-բառեր-բառերում, որոնք, մեր խորին համոզմունքով, կարելի է փորագրել պատմամշակութային հուշարձանների պատերին։ Որ սերունդները կարդան ու արտասվեն։ Արտասվեն ու գնահատեն մեր կառավարության տիտանական ջանքերը մշակույթը զարգացնելու ուղղությամբ։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հ. Գ. Նրանք, ովքեր դեմ են այս ծրագրին, թող հիշեն, հրաշապատում հեքիաթներում եւ դրանց մոգական ազդեցության փշրանքներն իրենց մեջ կրող կառավարական ծրագրերում մի չգրված կանոն կա. որեւէ գլուխ կամ ենթագլուխ կտրելուց հետո փոխարենն աճում են ուրիշները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031