Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե 44-օրյա պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված համերգի համար չպե՞տք է պաշտոնանկություններ լինեին Հ1-ում։
«Հանրային հեռուստատեսության տնօրենը և տեղակալը նկատողություն են ստացել, և իրենք գիտակցել են իրենց սխալը։ Իրենք նույնպես հայտարարություն տարածեցին, և նաև շատ խիստ հանձնարարական տրվեց առաջիկայում շատ ուշադիր լինել նման վրիպումները, սխալները, անպատեհ թողարկումները բացառելու վերաբերյալ»,- ասաց Դարբինյանը։
Հարցին, թե ինչպե՞ս են հիմնավորել իրենք արարքը՝ անփութությո՞ւն է եղել, Վասակ Դարբինյանը պատասխանեց․ «Ծանոթ բոլոր մարդիկ հասկանում են, թե ով է ցանկը կազմում։ Այո, ուղղակի անփութություն, անուշադրություն, և միմիայն դրա հետևանքն է»։
«Թող որևէ մեկը չմտածի, թե շատ ավելի վշտացած է, քան մենք։ Ի՞նչ եք առաջարկում՝ քառատե՞ինք, կախե՞ինք, հրկիզեի՞նք մի քանի հոգու, թե՞ ինչ անեինք։ Պաշտոնանկությունը ծայրահեղություն է, որովհետև, այնուամենայնիվ, հեռուստաընկերության ղեկավարությունը՝ և տնօրենը, և տեղակալը, շատ բարեխիղճ, շատ պրոֆեսիոնալ մարդիկ են, և նաև իրենք են գիտակցել իրենց սխալը, այդ մասին հրապարակային հայտարարությամբ են հանդես եկել։ Այդ պատճառով իրենց աշխատանքից ազատելը ես կհամարեի չափից դուրս խիստ վերաբերմունք»,- հայտարարեց Վասակ Դարբինյանը։
Կարդացեք նաև
Հարցին, թե Հանրային հեռուստատեսության լուրերը դիտո՞ւմ է, անաչառություն կա՞, նա պատասխանեց․ «Անաչառությունը, կարծում եմ, պատշաճ մակարդակի է, այլ հարց է, թե ով ինչպես է մեկնաբանում։ Եթե դուք ակնկալում եք, որ Հանրայինի լուրերը պիտի օրնիբուն քննադատի իշխանությանը կամ որևէ կուսակցության․․․ Հավասարակշռությունը պահպանում է ըստ իս»։
Նա նշեց, որ իրենք միշտ պահանջում են պահպանել հավասարակշռությունը։
«Եվ ես, ճիշտն ասած, արտառոց ինչ-որ բաներ չեմ նկատում․ այլ հարց է, թե ինչ դիտանկյունից եք նայում։ Օրինակ՝ նաև շատ դժգոհություններ կան Պետրոս Ղազարյանի հաղորդաշարից, բայց փաստն այն է, որ Պետրոս Ղազարյանը հրավիրում է բոլոր կողմերին անխտիր, և այլ հարց է, թե ով ինչպես է արձագանքում․ կամ գնում են, կամ չեն գնում, իրենք իրենց մղում են լուսանցք, հետո ասում են՝ մենք մղվել ենք լուսանցք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային



















































