«Դուք էլ պաշտպանեցիք, որ փակվել է ինչ-որ բան։ Ես կառաջարկեի այդ դեպքում ձեր խորհրդի կազմը կրճատել, ավելացած գումարով աշխատավարձ բարձրացրեք»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին դիմեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
Վասակ Դարբինյանի ելույթից առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել էր, որ այս իշխանությունը փակել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։ Վասակ Դարբինյանն իր խոսքում սատարեց այդ հայտարարությունը։ Սա հարուցեց Սիսակ Գաբրիելյանի զայրույթը։
«Եթե դուք համակարծիք եք պարոն Հակոբյանի հետ, որ ինչ-որ բան է փակվել, ապա ձեր աշխատանքը կրճատվել է, հետևաբար, կարելի է մտածել կամ ձեր խորհուրդը փակելու, կամ թիվը նվազեցնելու մասին»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
Կարդացեք նաև
Վասակ Դարբինյանը ևս առաջարկով հանդես եկավ․ «Ես հանդես գամ հանդիպակաց առաջարկով՝ դուք կարող եք նաև օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերել, փակել Հանրային ռադիոն և Հանրային հեռուստաընկերությունը։ Միևնույն է, շուկայում կան բազմաթիվ ընկերություններ, մենք լրատվության պակաս չունենք, նաև բովանդակության պակաս չունենք։ Խնդրում եմ՝ ոչ միայն խորհրդի կազմը կրճատեք, այլև ցրեք ընդհանրապես հանրային բոլոր գործող ալիքները»։
Մանրամասները՝ տեսանյութում
Սիսակ Գաբրիելյանի և Վասակ Դարբինյանի միջև բանավեճ տեղի ունեցավ, Դարբինյանն առաջարկեց կառուցողական դաշտում ծավալել քննարկումը։
«Եթե ձեզ թվում է, թե խորհրդի 7 անդամները շատ են և նրանք անգործության են մատնված, թիվը կարելի է կրճատել, ես դա համարում եմ ոչ կոռեկտ առաջարկ, նա նույնիսկ վիրավորական է»,- ասաց Վասակ Դարբինյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































