Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Օգոստոս 07,1998 00:00
Garun

Վերջերս թերթերից մեկում կարդացի, որ Հայաստանի կառավարությունը բյուջեից 80 միլիոն դրամ ($160 000) է հատկացնում՝ մամուլին աջակցելու նպատակով: Նույն հաղորդագրությունից տեղեկացա նաեւ, որ գումարը բաշխվելու է գրական-գեղարվեստական հրատարակություններին՝ մասնավորապես «Գրական թերթին», «Գրքերի աշխարհին» եւ այլն: Այս շարքում չկար «Գարուն» ամսագիրը: Չկարծեցի, թե մոռացել են, չմտածեցի, թե դիտավորյալ են դուրս թողել: Պարզապես մեր երկրում ավանդույթ է դարձել աջակցության նպատակով հատկացված գումարների անիմաստ օգտագործումը:

Որքան հիշում եմ, «Գրական թերթը» մի քանի տարի լույս չէր տեսնում, հետո հրատարակվում էր ընդհատումներով, վերջին մեկ տարում ընդհանրապես լռել էր, վերջերս նորից տպվեց մի քանի համար: Եւ առաջ, եւ հիմա, երբ կրկին լույս է տեսնում, եւ էլի շատ առաջ, այսինքն՝ շատ-շատ առաջ, այդ թերթը չի փայլել իր խմբագրական հաջողություններով: «Գրական թերթ»-ն ու ՀԳՄ Ծաղկաձորի հանգստյան տունը, կարծես, նույն գործառույթն ունեն: Ինչպես ՀԳՄ ամեն անդամ իրավունք ունի անվճար հանգստանալ Ծաղկաձորում, նույնպես ունի «Գրական թերթում» տպագրվելու իրավունք՝ անկախ տպագրվելիք նյութի որակից եւ արժեքից: Միայն մի տարբերություն կա: Ծաղկաձորի հանգստյան տունը միշտ եղել է հարմարավետ ու մաքուր, վերափոխվել ու նորացվել է ժամանակի պահանջներին համապատասխան (տաք ջրի բաքեր, արբանյակային հեռուստատեսություն), իսկ «Գրական թերթը» գնալով կորցրել է իր դեմքն ու արժեքը:

«Գրքերի աշխարհի» վերջին մի քանի տարում լույս տեսած մի քանի համարներն ինքնին վկայում էին այդ թերթի նշանակության ու գործառույթի կորստի մասին: Չեմ կարող, սակայն, չխոստովանել, որ այն խորհրդային տարիներին, իրոք, հետաքրքիր ու ընթերցվող թերթ էր: Բայց այսօր, երբ ոչ է հայ գրահրատարակչության, գրավաճառքի ու գրադարանավարության նախկին հզորությունը, երբ պատահական հրատարակություններն ու ինքնաֆինանսավորող ինքնաբավարարման դրսեւորումներն ավելի շատ են, քան արժեքավոր ԳԻՐՔԸ, երբ կտրուկ (վախենում եմ՝ անվերադարձ) անկում է ապրում «պոլիգրաֆիա» արվեստը, հաստատ անիմաստ է կառավարության աջակցությամբ «Գրքերի աշխարհ» ֆինանսավորելը:

Դառնալով «Գարունին», որպես ընթերցող խոստովանեմ, որ վերջին մի քանի տարիներին ամսագրի բովանդակային որակը կտրուկ անկում է ապրել: Այդ անկման պատճառը ես կբացատրեի հոնորարի ֆոնդի բացակայությամբ: Եթե մի պահ երեւակայենք, որ գրողը, բանաստեղծը, հրապարակախոսը, արվեստաբանը, թարգմանիչը նույնպես մարդ է եւ բոլորի նման կարիք ունի սնվելու, հագնվելու, կոմունալ վարձեր վճարելու, ապա անպայման պարզ կդառնա, որ հոնորարը ոչ թե նվեր է, այլ աշխատանքի դիմաց տրվող վարձատրություն:

«Գարունն» այսօր որակյալ չէ, որովհետեւ նրանից հեռացել են ստեղծագործող մարդիկ: Նրանք պարզապես կատեգորիկ հոգնել են էնտուզիազմից: Խորհրդային շրջանում էլ «Գարունի» հոնորարներով որեւէ մեկը տուն չէր պահում, բայց չի կարելի ասել, թե հաճելի չէր տարին մեկ-երկու անգամ 35-50 մինչեւ 100 ռուբլի հոնորար ստանալը: Էլ չասած, որ նույն հեղինակը կարող էր հոնորար ստանալ նաեւ «Գրական թերթից», «Հայրենիքի ձայնից», «Սովետական գրականությունից», «Պիոներից», ռադիոյից եւ այլ ոչ գրական ու գեղարվեստական պարբերականներից: Նա դրանով էլ գուցե չէր կարողանում տուն պահել, բայց հաստատ զգում էր գնահատված լինելու հաճույքը:

Ինչեւէ, անդրադառնանք «Գարունին»: «Գարունն» այսօր որակյալ ու ինքնաբավ չէ, որովհետեւ ընթերցող չունի: Ընթերցող չունի, որովհետեւ չունի հեղինակներ: «Գարունը», սակայն, նմանատիպ պարբերականների նկատմամբ մի առավելություն ունի: Այն երբեւէ կանգ չի առել, երբեւէ չի դադարել նրա լույս ընծայումը: Եթե կա «Գարունից» բացի մեկ այլ գրական-գեղարվեստական պարբերական, որն իր 30-ամյա կենսագրությանը կգումարի նաեւ այս առավելությունը, ուրեմն նրան է պետք օգնել: Ի վերջո, աջակցության ցուցակում տեղ գտած պարբերականների ներկա կամ ապագա հեղինակները լրիվ կամ մասամբ «Գարունի» հեղինակներն են:

Ժամանակին առաջարկել եմ (ինչպես եւ պետք է ենթադրել, առաջարկս չի անցել) բոլոր ԲՈՒՀ-երի բազմատպաքանակ թերթերին հատկացվող միջոցները մի տեղ կենտրոնացնելով, հրատարակել մեկ ուսանողական-երիտասարդական թերթ, դարձնել այն հետաքրքիր ու արդիական: Այդ դեպքում եթե Հայաստանի ուսանողության գոնե տասը տոկոսը դառնար թերթի ընթերցողը, այսօր գուցե ունենայինք առնվազն 30 հազար տպաքանակով մի պարբերական: Իսկ հիմա այդ ԲՈՒՀ-ական թերթերի մի մասը փակված է, մի մասն էլ գոյատեւում է ջղաձգումներով: Եթե այսօր կառավարության հատկացրած գումարն ուղղենք «Գարունի» բարելավմանն ու ակտիվացմանը, վստահաբար կարելի է ասել, որ շատ շուտով կունենանք հին ու բարի ավանդույթները շարունակող լավ ամսագիր եւ միաժամանակ հնարավորի սահմանում կթեթեւացնենք ստեղծագործող մտավորականության սոցիալական վիճակը:

Գուցե տպավորություն ստեղծվի, որ ես առաջարկում եմ ամբողջ գումարով՝ 80 միլիոնով, աջակցել «Գարունին»: Այդպես էլ կա: Ավելի լավ է մեկ ամբողջական գումարն ուղղել մեկ միավոր պարբերականի ուժեղացմանն ու զարգացմանը, որովհետեւ Հայաստանի նման փոքր երկրում, ըստ իս, հնարավոր է ունենալ մեկ լիարժեք, բովանդակալի գրական-գեղարվեստական ամսագիր: Եւ այդ դեպքում շատ ավելի հեշտ կլինի հատկացված գումարների գործադրումն ու արդյունավետության ստուգումը:

ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Հ. Գ. Ու թեեւ խոսքը մեր՝ հարկատուներիս, հարկերից գոյացած գումարի մասին է (ուրիշ էլ որտեղի՞ց կառավարությանը 80 միլիոն), ես խոստանում եմ «Գարունում» տպագրվելիս բոլոր հոնորարներս փոխանցել Տիգրան Լեւոնյանի, Պարույր Հայրիկյանի եւ Ռաֆայել Համբարձումեանի պաշտպանության ֆոնդերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31