Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ

Օգոստոս 08,1998 00:00
henrik khaxatryan

Կրակոցներ, որ ցնցեցին Հայաստանը

Ինչպես միշտ, այս անգամ էլ ոչինչ մինչեւ վերջ հայտնի չէ։ Հանրապետության դատախազի սպանության մասին նույն օրը որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: Սպանության փաստն իր հեռուստաելույթում արձանագրեց հանրապետության նախագահը։ Ռ. Քոչարյանը նշեց, որ համապատասխան իրավապահ մարմիններին հանձնարարված է շուտափույթ բացահայտել հանցագործությունը։ Համապատասխան իրավապահ մարմիններն առայժմ լռում են։

Կարելի է ենթադրել, որ ստեղծվել է համապատասխան քննչական խումբ, սակայն հայտնի չէ, թե որ գերատեսչությունների աշխատակիցներ են ներգրավված հանձնաժողովում։ Ազգային հեռուստատեսությունն ու մամուլը պնդում են, որ դատախազի աշխատասենյակում կատարվել է սպանություն եւ ինքնասպանություն։ Թերթերի մի մասն արդեն հրապարակել է իր բաժին դատավճիռը՝ Արամ Կարապետյանին որակելով մարդասպան։ Վերջին տարիներին Հայաստանում որոշ չափով ձեւավորվել էր դատաիրավական կիսաանկախ համակարգ։ Կարելի է հիշել դատական շատ պրոցեսներ, որոնք կապացուցեն, որ դատաիրավական համակարգը իշխանությունների այնքան էլ հլու կամակատարը չէր։

Մամուլի համար ամենակոնկրետ օրինակը, թերեւս, «Գոլոս Արմենիի» թերթի դատավարությունն էր, երբ դատարանում պետական մեղադրողը հետ վերցրեց իր հայցը։ Մինչդեռ թերթին ներկայացվում էր այդ պահին գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արժանապատվությունը վիրավորող հրապարակումների մեղադրանք։ Օգոստոսի 6-ին կատարված դեպքերի մանրամասները ճշտելն առայժմ անհնար է, սակայն հասարակական կարծիքն արդեն հրաշալիորեն ու միանգամից «մշակված» է։ Նախաքննության տեսանկյունից էլ կարծես գործը չի կարելի դժվար բացահայտվող որակել։

Երեկ «Առավոտը» փորձում էր պարզել կատարված դեպքերին վերաբերող մանրամասներ։

Օգոստոսի 6-ին ժամը 11-ին հանրապետության դատախազը Կառավարության շենքում մասնակցում էր կառավարության նիստին։ Հետմիջօրեին նա նիստը նախագահող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ժամանակից շուտ նիստը լքելու թույլտվություն է խնդրել։ Ենթադրվում է, որ դատախազը պետք է ներկայացներ լուրջ փաստարկ։ Գլխավոր դատախազի հարեւաններից ոմանք նշեցին, որ ժամը 14-ին մոտ նա կարճ ժամանակով այցելել է տուն։

Առավոտյան թերթի խմբագրություն նախապես զանգահարելուց հետո այցելեց դատախազության մի աշխատակից։ Ներկայանալով՝ նա խնդրեց չհրապարակել իր անունը եւ որոշ մանրամասներ պատմեց։ Ըստ նրա՝ գլխավոր դատախազը մահացել է երեք կրակոցներից։ Հրազենի վերքեր կան Հենրիկ Խաչատրյանի ձեռքի, ուսի եւ գլխի վրա (ծոծրակի մասում)։ Բոլոր վերքերը, ըստ նրա, հասցվել են թիկունքից։ Հանրապետության դատախազի ձեռքին գրիչ է եղել Հ. Խաչատրյանի դիակը ընկած է եղել աշխատասենյակի դռան մոտ։ Արամ Կարապետյանի դիակի վրա հրազենի մեկ վերք կա՝ բերանի խոռոչում։ Նրա դիակը ընկած է եղել դատախազի աշխատասեղանի մոտ։ Դեպքի մանրամասները ներկայացնողը հակված էր լրացուցիչ փաստարկներով պաշտպանել «պաշտոնական» կարծիքը, այն է՝ սպանություն եւ ինքնասպանություն, որոնք անմիջապես հաջորդել են իրար։

Մեր հյուրի աշխատասենյակը գտնվում է դատախազի աշխատասենյակի ներքեւի հարկում, ուր լսվել են կրակոցները։ Պատմածից կարելի էր ենթադրել, որ կրակոցներն այս շենքում սովորական երեւույթ են, ինչին, իհարկե, դժվար էր հավատալ։ Նրա պատմածով ներքեւի հարկում դատախազության աշխատակիցներն ընդամենը փնթփնթացել են, դժգոհելով կրակոցի փաստից, եւ սպանության մասին լուրը շենքում տարածվել է կրակոցներից մոտ 10 րոպե հետո։

Ըստ դատախազության աշխատակցի՝ Արամ Կարապետյանը դեպքից առաջ երկու անգամ է մտել Հ. Խաչատրյանի աշխատասենյակ։ Առաջին անգամ մտնելու պահին աշխատասենյակում է գտնվել նաեւ սուրճ մատուցած մի աշխատակցուհի, իսկ դատախազի ընդունարանում օգնականի փոխարեն եղել է նրան փոխարինող մեկ այլ աշխատակից։

Այլ աղբյուր եւս հաստատեց, որ Կարապետյանը երկու անգամ է մտել դատախազի աշխատասենյակ։ Երկրորդ անգամ՝ իբրեւ աշխատանքից ազատվելու դիմումով։ Օրվա ընթացքում մեզ հաջողվեց պարզել այսքանը։ Ավելի ճիշտ՝ հարկ համարեցին իրենց նախաձեռնությամբ պատմել այսքանը։ Մնում է սպասել պաշտոնական հետաքննության ավարտին։ Իսկ փաստն այն է, որ տարօրինակ հանգամանքներում իր աշխատասենյակում զոհվեց հանրապետության եզակի իրավաբաններից մեկը։ Հենրիկ Խաչատրյանը երկար տարիներ դատախազության ոլորտում պաշտոնավարելով, միաժամանակ իրավագիտության ոլորտի լուրջ մասնագետ էր, եւ դժվար է պատկերացնել, որ հենց նրա սպանության հանգամանքներն այնպես են ներկայացվում, կարծես հետաքննությունն այլեւս անելիք չունի։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31