Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՐԱՆՔ ՀԱՑԸՆԿԵՐՆԵՐ ԷԻՆ»

Օգոստոս 08,1998 00:00
Vladimir Nazaryan

Ասաց 1988-90-ին հանրապետության գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանն այդ ժամանակ Էրեբունու շրջանային դատախազ Հենրիկ Խաչատրյանի եւ Արաբկիրի դատախազ Արամ Կարապետյանի մասին։

Դատախազության դռները երեկ էլ շարունակում էին փակ մնալ լրագրողների համար։ Չփարատված կասկածների եւ տարակույսների տեղիք էր տալիս ե՛ւ դա, ե՛ւ այն, որ իրավապահ գրեթե բոլոր մարմինների ներկայացուցիչները հրաժարվում էին հանգամանալից պարզաբանումներից։

ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ Վլադիմիր Նազարյանը բավական մտերիմ է եղել ե՛ւ Հենրիկ Խաչատրյանի, ե՛ւ Արամ Կարապետյանի հետ։ Ու մեր զրույցը նախ նրանց բնութագրումներից սկսվեց։

Ո՞վ էր գլխավոր դատախազին սպանողը

Եթե Հենրիկ Խաչատրյանը հանրածանոթ անձնավորություն էր, ապա նույնը չի կարելի ասել նաեւ Արամ Կարապետյանի մասին։ Ուստի, մեր զրույցից կներկայացնենք միայն վերջինիս վերաբերող հատվածները։

«Արամ Կարապետյանն իմ ուսանողն է եղել։ Բաղրամյանի շրջանի դատախազ եղած ժամանակ աշխատանքը շատ օրինակելի էր կազմակերպել։ Պատկերացրեք 80-ականների վերջերին Բաղրամյանի դատախազությունում համակարգիչներ կային (մինչդեռ այսօր Գերագույն դատարանում ոչ մի համակարգիչ չկա՝ 4-5 գրամեքենաներ են)։ Ես նրան համարյա զոռով բերեցի 26 կոմիսարների շրջանի դատախազ, ասում էր. «Այստեղ արդեն ստեղծել եմ էլի, Ռուբենիչ»։ Բայց դատախազության համար շենք կառուցեց, էլի համակարգչային աշխատանքի անցան։ Դեպքի վայրից մի կես ժամ անց գալիս էր ինձ զեկուցելու՝ արդեն լուսանկարները ձեռքին էին լինում։ Ապշած էի նաեւ նրա ճշտապահությունից, ինչպես էր մարդկանց հետ աշխատում եւ այլն։ Այդ ժամանակ նրանք գործընկերներ էին։ Հավասար նույն պաշտոնի էին, եւ հացընկերներ էին։ Կարող եմ երաշխավորել, որ հետո էլ նրանց միջեւ անձնական փոխհարաբերություններում որեւէ լարվածություն չի եղել»։

Միայն այն, ինչ «ջրի երեսին» է

Պաշտոնական հաղորդագրությունների մեջ ի սկզբանե որդեգրվեց սպանության եւ ինքնասպանության վարկածը՝ բացառելով որեւէ երրորդի մասնակցության հնարավորություն։ Ինչ-որ երրորդի կողմից զույգ սպանություններ իրագործած լինելու վարկածը մերժելի էր համարում նաեւ Վլադիմիր Նազարյանը. «Քանի որ դեպքը տեղի է ունեցել իմ նախկին առանձնասենյակում, կարող եմ դա վստահ հայտարարել։ Հենրիկ Խաչատրյանը, եթե զգացած լիներ, թե որեւէ վտանգ է սպառնում, կարող էր ուղղակի կողքի դռնից անցնել, այն փակել, եւ դառնում էր անմատչելի։ Ընդ որում, հիմնականից բացի էլի երկու դռներ կան, որոնցով նա կարող էր հեռանալ։ Հարակից սենյակներում ե՛ւ «սուպեր», ե՛ւ այլ հեռախոսներ կան, որոնցով կարող էր ահազանգել, որ գան հանցագործին վնասազերծեն»։

Ո՞րն է թիկնապահների իմաստը

«Ինձ համար ոչ զավեշտական, ոչ ողբերգական, այլ ուղղակի նողկալի են այդ, այսպես կոչված, թիկնապահները»,- Վլադիմիր Նազարյանն իր այս վերաբերմունքի համար իբրեւ հիմնավոր պատճառ բերեց մասնավորապես իր իսկ տեսածը՝ «Ծաղկաձորում միջազգային համաժողով էր անցկացվում, Հենրիկի թիկնապահները մտնում էին նրա եւ գերմանացի պրոֆեսոր Հոֆմանի արանքը, որը բյուրեղացած մի գիտնական է։ Նա պիտի գար սպանե՞ր մեր դատախազին, որ եկել, պաշտպանում էին Հոֆմանից» եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի պատմածը. «Ասում է, որ թիկնապահները Հենրիկի հետ իր առանձնասենյակն էին «գցվում»՝ Սահմանադրական դատարանի նախագահից պաշտպանելով ՍԴ նախկին անդամին։ Բայց եթե նրանք դատախազի ընդունարանում լինեին՝ առաջին կրակոցից հետո (4-6 կրակոցներ են եղել)՝ կարող էին ներս մտնել ու կանխել։ Այնտեղ նախ քաշքշոց է եղել, ուստի կանխել հնարավոր էր»։

Մեկ այլ «եթե»

«Հենրիկ Խաչատրյանը նախ ինքը կանչել եւ տեւական ժամանակ՝ մի 30 րոպե, զրուցել է Արամ Կարապետյանի հետ։ Դուրս գալուց հետո նա վերադարձել է արդեն աշխատանքից ազատվելու դիմումով։ Դժբախտաբար, դատախազի օգնականը տեղում չի եղել։ Իսկ փոխարինող հերթապահը՝ Աղասի Չիթչյանը, թույլ է տվել նույն մարդուն երկրորդ անգամ գլխավոր դատախազի մոտ մտնել։ Ինձ համար ապշեցուցիչ է, որ առանց թույլտվության, դատախազի գրաֆիկից դուրս՝ թույլ են տվել ներս մտնի։ Այս փնթիությունը ես ուղղակի դատապարտում եմ»։

Ի՞նչ է թաքնված այս դեպքի հետեւում

Մեր զրույցի պահին դեռեւս հրապարակված չէր պաշտոնական այն հաղորդագրությունը, որով դրդապատճառները հանգում էին Արամ Կարապետյանի պաշտոնավարման օրոք տրանսպորտային դատախազությունից մի քրեական գործի անհետացման եւ սկսված ստուգումների հանգամանքին։ Սակայն Վլադիմիր Նազարյանն անսխալ կռահել էր. «Կասկածում եմ, որ մերկացման ինչ-որ վտանգ է եղել, որն ահավոր հետեւանքների հետ է կապված եղել։ Արամը շատ պատվախնդիր, արժանապատվության զգացումով մարդ էր։ Երեւի որոշել է չապրել, քան պատվազուրկ քարշ գալ։ Թե չէ պաշտոնի կամ այլ բաների համար… այդ տղան չէր:

Իմ ներկայությամբ, ժամանակին ԽՍՀՄ դատախազությունում աշխատելու մի փայլուն առաջարկ էր մերժել։ Ու նաեւ, իմ համոզմամբ, Արամի կողմից ինքնասպանության որոշումն ընդունվել է ավելի շուտ, քան սպանելու վճիռը։ Այսինքն՝ նա բոլոր դեպքերում պիտի ինքնասպան լիներ, պահի տակ վճռել էր, որ միտք չունի ապրելը, հետո էր որոշել իր հետ «տանել» այն մարդուն, որը հրաժարվել էր իրեն զորակցել»։

Արամ Կարապետյան եւ Համբարձում Ղանդիլյան

«Ամբողջ հարցն այն է, որ Ղանդիլյանի ողջ գործունեությունն ընթացել է Արամի հետ միասին։ Նույն ժամանակահատվածում մեկը եղել է Երկաթգծի վարչության պետ, մյուսը՝ տրանսպորտային դատախազ»։ Պրն Նազարյանն այդ շրջանը վերհիշեց. «Կրիմինալ ժամանակահատված էր։ Ղանդիլյանի մասին ոչինչ չեմ ուզում ասել, ողորմի նրան։ Բայց այնպիսի հափշտակումներ էին տեղի ունենում՝ վագոններով բարձած ապրանքներ… Չեմ կարող մեղադրել նաեւ Արամին, որ պատշաճ հսկողություն չէր սահմանել։ Արամն ո՜վ էր, որ բեռների թալանի դեմն առներ…»։

Մեր այն հարցին ի պատասխան, թե այս գործը կարո՞ղ է առնչություն ունենալ բենզինի, մազութի, էներգակիրների ներմուծման հետ. պրն Նազարյանն ասաց. «Չեմ բացառում։ Բոլոր դեպքերում էլի ցիստեռններով էին բերում։ Էներգակիրները մեծ փողեր են։ Հիշում եք, ինչ արժեին սոլյարկան, բենզինը… Իմ կարծիքով, քանի որ Հենրիկն աշխատում էր Համբարձում Ղանդիլյանի սպանության բացահայտման վրա եւ պիտի նախորդող շրջանն էլ ուսումնասիրեին հանցագործության դրդապատճառները բացահայտելու համար՝ երեւի ինչ-որ փաստեր էին այդ «տարածքում» ի հայտ եկել, որոնք կարող էին տհաճ ու անցանկալի լինել Արամի համար»։

Պատահականությո՞ւն էր Վանո Սիրադեղյանի նույն օրը հարցաքննվելը

Գրեթե բոլոր լրատվամիջոցները կապ էին ենթադրել օգոստոսի 6-ին դատախազությունում տեղի ունեցած այդ երկու փաստերի միջեւ: Պատահական զուգադիպությո՞ւն է. «Չեմ կարող ասել: Բայց եթե միայն պատահական էլ է՝ միեւնույն է, կապելու են, ասելու են՝ «համենայնդեպս…» Ի՞նչ ասեմ, եթե Արամը գոնե ՀՀՇ-ական լիներ՝ ես էլ հիմա շատ բաներ կմտածեի: Բայց նա անկուսակցական էր ու լավ մասնագետ: Պարզ է, այն ժամանակ ահավոր ճնշման տակ էր՝ ինչպես մեր ամբողջ դատախազությունը, որն ուղղակի ողբերգական վիճակի էր հասել Գեւորգյանի օրոք: Այդպիսի ստորացումներ դատախազությունը երբեւիցե չի կրել:

Ասենք, ինքը կամ իր տեղակալը գնացել՝ 5 ժամ նստել էին Վանոյի ընդունարանում, չէր ընդունել: Իսկ Գեւորգյանը կարող էր գործից դուրս գալ, բայց նա քարշ է եկել՝ բառիս բուն իմաստով եւ վարկաբեկել այդ հիմնարկը: Իսկ շրջանի կամ տրանսպորտի դատախազի մեջքը հանրապետության դատախազն է: Եթե նա թույլ է, «կզում է» ՆԳ նախարարի դեմ՝ տեղի ոստիկանապետն էլ դատախազի գլխին կնստի»: Այս ամենը զրույցի ընթացքում շատ ավելի մանրամասն է հնչել, ավելի «ընտիր» մակդիրներով ու համեմատություններով: Ինչեւէ:

«Հենրիկը չտեսնված ռեաբիլիտացիայով էր զբաղված: Դատախազությունը սկսել էր արդեն հեղինակություն ձեռք բերել: Վառվեց այդ կռվի մեջ: Բահն ավելի խորն էր խրել, քան ինքը, ցավոք, ուժ ուներ բարձրացնելու»:

Անհրաժեշտ հետեւություններ

«Ուզո՞ւմ եք ավտոմատով ԱԺ մտնեմ: Ցանկացած դռնից»,- լուրջ-լուրջ առաջարկեց պրն Նազարյանը: Ընդհանրապես շատ քիչ վայրերում են ստուգում: Դատախազները զենք կրելու օրինական իրավունք ունեն: «Բայց ինչո՞ւ պիտի շենքի ներսում էլ այն կրեն, ինչո՞ւ մտնելիս չեն հանձնում: Զինված մարդիկ ներսում չպիտի լինեն»,- կարծում ենք, որ Վլադիմիր Նազարյանի այս հարցերը ոչ միայն դատախազության, այլեւ պետական այլ մարմինների վերաբերյալ էլ են տեղին: «Ինչո՞ւ միայն: Ձեր խմբագրություն էլ են կարող զենքով բարձրանալ,- վախեցրեց պրն Նազարյանը,- ու կուզենայի, որ այս ահավոր ահազանգը խթան դառնար, որ ստուգումները պարտադիր դառնան: Մանավանդ այն մարդիկ, որոնք կոռուպցիային, մաֆիային առնչվող բացահայտումներով են զբաղվում՝ պիտի պաշտպանված լինեն: Թե չէ տասնյակ միլիոններ ունեցողների համար ի՞նչ է դրսից մի 30 հազարով քիլլեր բերելը, իսկ տեղական մարդասպան 5 հազարով էլ կարելի է գտնել:

Ես չեմ ուզում այս ամենի մեջ դիտավորություն տեսնել: Երբ մարդուն չես երաշխավորում, չես տալիս տեխնիկական ու նյութական, կյանքի ապահովման միջոցներ եւ պայմաններ ու հանձնարարություններ ես տալիս՝ ուրեմն ուզում ես, որ նրան խփեն: Սա ահավոր դիտավորություն չէ, կրկնեմ, ես փնթիություն եմ տեսնում այստեղ, որը իր հետեւանքների իմաստով ոչնչով տարբեր չի դիտավորությունից: Եվ այս փնթիությունը պատճառ է դառնում նաեւ, որ իրական պայքար չտարվի կոռուպցիայի դեմ: Հենրիկի պես էնտուզիաստներն էլ իրենց կյանքով կվճարեն…

Ես սա ողբերգություն եմ համարում: Երկու մասնագետ կորցրեցինք՝ լավ դատախազի եւ լուրջ գիտնականի: Այս անտեր կյանքն այնպես արեց, որ թշնամիներ դառնան: Հանցագործ աշխարհը ստվերում մնալով, լավայի պես տակը եռում է: Իսկ այդ լավայի գոլորշիներից շատ մարդիկ թունավորվում ու մահանում են: Շատ կարեւոր է, որ մեր իշխանությունները իրավապահ մարմինների համար իրենց երազանքները կամ երբեմն էլ՝ անձնական նախասիրությունները խնդիր չդարձնեն, այլ այնպիսիք, որ այդ մարմինները ի վիճակի են լուծել իրենց համեստ ուժերով: Հակառակ դեպքում էլի կվարկաբեկվեն: Եվ ես թերթերից զգում եմ այդ շունչը»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31