Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում «ցեխ» են դրել

Օգոստոս 28,1998 00:00
karavarutyun

Ո՞վ կերավ փողերը

1995-98 թթ. Վլադիմիր Նազարյանի ղեկավարած աշխատանքային խումբը տարբեր երկրների շուրջ 2 տասնյակ գիտնականների հետ միասին մշակեց ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որն ունի 1293 հոդված։ Օրենսգիրքն անցել է 6 միջազգային փորձաքննություն, ճանաչվել է լավագույնը ԱՊՀ բոլոր երկրների քաղաքացիական օրենսգրքերի մեջ։ Խմբի անդամները որեւէ վարձատրություն չեն ստացել։ Չնայած ակնկալիքներ էլ չկային, սակայն, Նազարյանի խոսքերով. երբ «Առավոտում» տպագրված՝ Սկադենի հետ կապված պատմությունից հետո վերահսկիչ պալատում փորձաքննություն է կատարվել, ապշել են, որ գոյություն չունեցող 350-400 հոդվածների համար դուրս է գրվել, եւ ոմանք «ըռխել» են մոտ 850 հազար դոլար…

Խոտանչիները

Հետագա պատմությունը Վլադիմիր Նազարյանը ներկայացրեց այսպես. «Նախ, մտքովս չէր անցնի, որ «Պաշտոնական տեղեկագիրը» վերածվել է շահութաբեր ձեռնարկության՝ փակ բաժնետիրական ընկերության։ Նույն այս օրենսգրքում գրված է, որ դա արգելվում է։ Երկրորդը, երբ Գերմանիայից վերադարձա (այնտեղ էի օրենսդրության մշակման հարցերով), տեսա հրատարակված տեղեկագիրը, որի շապիկին օրենսդրության խախտմամբ ավելացրել են «ՀՀ քաղաքացիական օրենսգիրք» տողը։ Սա դեռ ոչինչ։ Տպագրել էին ոչ թե 800, այլ 3000 օրինակ։ Դա էլ, ասացի, ոչինչ։ Բայց եկեք տեսեք, որ տպագրել են այնպես, որ դա անգործածելի է։ Սա չի կարելի օգտագործել, որովհետեւ նույնիսկ ես՝ նախագծի հեղինակս չեմ կարող ինձ հետաքրքրող հարցերը պարզել։

Բանն այն է, որ ցանկացած օրենսգիրք պետք է ունենա նվազագույնը՝ բովանդակություն, որտեղ պետք է լինի հոդվածների ցանկը (ի դեպ, մեր հրատարակած օրենսգրքում այդ ցանկը կազմում է 80 էջ), եւ անպայման պետք է լինի այբբենական-առարկայական ուղեցույց։ Տեղեկագրում դրանք բացակայում են։ Սա դեռ բավական չէ՝ օրենսգիրքը հրատարակել են նաեւ գրքով։ Պարզ է, որ շահութաբեր գործունեություն են իրականացնում։ Ցավալին այն է, որ այս ամբողջը խոտան է։ Եթե սա սովորական ապրանք է, ապա հենց իրենց հրատարակած գրքի 485-րդ հոդվածում ասված է. «Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանք, որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է»։ Ու շարունակում է. «Ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում… գնորդն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել ապրանքից եւ պահանջել վճարված գումարը»։ Ու ես հիմա, որպես 40 տարի իրավագիտության բնագավառի աշխատող, կուզեի խորհուրդ տալ, նախ՝ չգնել, որովհետեւ շուտով պատշաճ հրատարակություն կլինի, կարող են այն ժամանակ ձեռք բերել, եւ երկրորդ. ով գնել է, թող տանի ետ տա։ Անմիջականորեն կառավարության ներսում ստեղծվել է շահույթ ձեռք բերելու նպատակ հետապնդող բաժնետիրական ընկերություն»։

Խոստացեք, որ չեք հափշտակի

Թերի հրատարակություն իրականացնելու պատճառների մասին Վ. Նազարյանի գնահատականները առանձնակի ներողամտությամբ են փայլում։ «Կողոպտել են այն, ինչ ունեցել են ձեռքի տակ։ Բայց իրենք այնքան կրթություն չեն ունեցել, որ խորհրդակցեին որեւէ իրավաբանի հետ։ Խորհուրդ կտայի նախ սովորել, հետո նոր միայն օրենսգիրք տպել»։ Սակայն մեղադրանքների այս հեղեղն առայժմ անհասցե է։ Նազարյանն առաջարկում է «Առավոտին» լրագրողական հետաքննություն անցկացնել մեղավորներին գտնելու համար։

Ովքե՞ր են բաժնետերերը, ո՞վ է հրատարակիչը, ինչո՞ւ են բացակայում ուղեցույցները…

Փոխարենը՝ «Կասկածներ ունենք, որ կարող է 350 չգրված հոդվածի համար դուրս գրված հարյուր հազարավոր դոլարների պատմության պես հիմա էլ արդեն իսկ գրվածի համար վարկեր դուրս գրվեն։ նԱյդ պատճառով էլ, եթե կառավարությունն ինձ հավաստիացումներ տա, որ Նազարյանի ղեկավարած հեղինակային կոլեկտիվի կողմից ստեղծված քաղաքացիական օրենսգրքի կապակցությամբ ինքը խոստանում է վարկ դուրս չգրել ու չհափշտակել, ես բավարարված կլինեմ։ Եվ, ի վերջո, ի՞նչ բան է այս հրատարակությունը։ Սա փաթեթավորում է ու վաճառք։ Ապրանքը ինտելեկտուալ աշխատանքն է։ Հումքը ինտելեկտն է։ Ու հիմա ես հարց եմ տալիս. էդ հումքը ձեզ որտեղի՞ց։

Կառավարությունն ինձ հետ պիտի պայմանագիր կնքեր ու նախագիծս օգտագործելու իրավունք ձեռք բերեր։ Այդ դեպքում ես թույլ չէի տա նման բացթողումներ։ Զավեշտն այն է, որ տպել ու վաճառում են իրենց գործունեությունն արգելող մի օրենք։ Ես այս ամենի մեջ նաեւ ցինիզմի տարր եմ տեսնում։ 15-20 հոգի ամիսներով չարչարվել են, 143 ժամ միայն ինքնաթիռներում ենք եղել, 6 միջազգային փորձաքննություն, դրանց արդյունքների իրացում, տասնյակ քննարկումներ Ազգային ժողովում… Մեր մտքով չէր անցնի, որ այս աստիճանի ցինիկ են»։

Զրույցը գրի առավ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31