Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՈՎՅԱՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Սեպտեմբեր 09,1998 00:00
moskva

Մեծ երկրներում սովորաբար դժվար է միանշանակ պատասխանել այն հարցին, թե որ իրադարձությունն է տվյալ ժամանակ ամենակարեւորը այդ երկրի համար։ Մոսկովյան մեկ շաբաթը մեզ եւս չբավականացրեց այդ հարցի պատասխանը գտնել։ Սեպտեմբերի 1-ը Մոսկվայում անձրեւոտ օր էր, ու քաղաքին աշխույժ տեսք հաղորդողը միայն բազմաթիվ պաստառներն էին՝ քաղաքի օրվան նվիրված ու քաղաքին սեր խոստովանող։ Գովազդային վահանակները, խանութների ձեւավորումը գրեթե միայն ռուսերեն էին։

Մոսկվացիները խոստովանեցին, որ Ռուսաստանի անկախության առաջին տարիներին իրենց մոտ էլ տուրք տրվեց անգլերենին, բայց հետո, հատկապես Լուժկովի քաղաքապետության ժամանակ, ռուսերենը փայլուն հաղթանակ տարավ։ Ուստի ամենուր կախված՝ «Մոսկվա իմ, երկիր» կամ «Մենք սիրում ենք քեզ, մեր չքնաղ Մոսկվա» խոստովանությունները բնական եւ հուզիչ էին թվում։ Մարդիկ, իրոք, սիրում են իրենց քաղաքն ու իրենց երկիրը։ Թեեւ, բոլորս գիտենք, սեպտեմբերը քաղաքական առումով ամենեւին էլ սիրո կամ նման այլ զգացմունքի արտահայտման ամիս լինելու որեւէ շանս չուներ Մոսկվայում։

ԱՄՆ նախագահի այցին շատ ավելի քիչ տեղ էին հատկացնում ինֆորմացիոն ծրագրերն ու մամուլը, քան, ասենք, քաղաքի օրվան, որը նշվեց սեպտեմբերի 5-6-ը։ Բիլ Քլինթոնի այցի կապակցությամբ խոսվում էր միայն Ռուսաստանում ստեղծված իրավիճակի համատեքստում, առ այն, թե եկել է «Արգենտինյան մոդելը մեզ հրամցնի» կամ «Իր աչքերով տեսնի մեր մեծ երկրի փլուզումը»։ Սա, անշուշտ, ազգայնական տեսակետներ էին, ոմանք վստահ էին, թե ուր որ է հաստատվելու է պրոլետարիատի դիկտատուրան եւ «հրեաներն ու սեւերը ռադները քաշելու են մեր երկրից»։

Դրամի փոխանակման կետերում սեպտեմբերի առաջին օրերին առանձնապես աշխուժություն չէր նկատվում, թեեւ ամեն օր դոլարի կուրսը բարձրանում էր 3 նիշով։ Սեպտեմբերի 1-ին 1 դոլարը վաճառվում էր 10 ռուբլով, երկու օր անց՝ 16-ով, սեպտեմբերի 5-ին դոլարն արժեր 20 ռուբլի։ Սակայն, կրկնեմ, որեւէ իրարանցում այս կապակցությամբ տեղի չունեցավ։ Մոսկվացիները փոխանակում էին այնքան դրամ, որ բավական լիներ 1-2 օրվա ապրուստի համար։ Գործարարները, ում հետ հաջողվեց զրուցել, միայն ժպտում էին հայերիս ավանդական ի՞նչ է լինելու հարցին։

«Երկիրը քանդվում է» մեզ հարազատ արտահայտությունն այստեղ ողբերգական երանգավորում չստացավ։ Ռուսաստանյան մամուլն արդեն քննարկում է երկրի մոտալուտ տրոհման հարցը, ու ոչ ոք ոչ մի լավ բան չի ակնկալում։ Ի տարբերություն հայերիս` ոչ ոք կարծես երկրի (ազգի) փրկության ծրագրեր չի հնչեցնում։ Ինչ լինում է, լինի, կամ՝ կապրենք՝ կտեսնենք։ Սա էր մթնոլորտը։ Թեեւ դոլարի կուրսն օրեցօր բարձրանում էր, պաշտոնապես գների բարձրացումն արգելվեց։ Մի քանի օրից, սակայն, սննդամթերքի ու տրանսպորտի գինը գրեթե 50%-ով թանկացավ։ «Թանկ» խանութների մի մասը փակվեց, մյուսներում նվազեց ապրանքների ու սննդամթերքի տեսականին։ Հայտարարվեց, որ, հավանաբար, կփակվեն Մոսկվայի 3 խոշոր շուկաները, Կենտրոնական բանկը հորդորեց բնակչությանը՝ ներդրումները փոխանցել խնայդրամարկղեր։ Մոսկվայի կառավարությունը փորձում էր միջոցներ ձեռնարկել մայրաքաղաքից սննդամթերքի դուրսբերումը կանխելու։ Ապարդյուն։

Մեծածախ ապրանքի շուկաներից պարկերով էին կրում շաքարը, օճառը, մակարոնեղենը եւ այլն։ Օգոստոսի 7-ին, երբ արդեն նշմարվում էր ֆինանսական ճգնաժամը, Յուրի Լուժկովը որոշում ընդունեց նշել Քաղաքի օրը։ Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոսկվայի քաղաքապետն ասաց, որ սա լինելու է ամենաէժան տոնը, քանի որ տրամադրված է ընդամենը 250 մլրդ ռուբլի, իսկ մնացած հոգսերն իրենց վրա են վերցրել բարերարները։ Յուրի Լուժկովը նշեց նաեւ, որ նախորդ տարվա համեմատությամբ Քաղաքի օրվան նվիրված ծախսերը կրճատվել են մոտ 40%-ով, եւ նախատեսված շատ միջոցառումներ տեղի չեն ունենալու, քանի որ մի քանի բանկ հրաժարվել է քաղաքապետարանին փող հատկացնել։ Չնայած այս ամենին՝ սեպտեմբերի 4-5-ը Մոսկվան տոնեց իր 851-ամյակը եւ տոնակատարություններին, ի թիվս այլ հրավիրյալների, ներկա էր Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը։

«Երբեք հայերս նման ընդունելության չէինք արժանացել»,- ասաց Երեւանի քաղաքապետը։ Ու ավելացրեց, որ 90 թվականից հետո Մոսկվայում չի եղել։ «Ի՞նչ նվիրեցիք Մոսկվային» հարցին պատասխանեց. «Վագրի ձագ»։ Բայց իրականում քաղաքապետը այլ նվեր էր տարել Յուրի Լուժկովին։

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930