Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՌԻՍԿԸ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է

Սեպտեմբեր 09,1998 00:00
miav

Հայաստանում այսօր ՁԻԱՀ-ի 70 վիրուսակիր կա (70%-ը՝ Երեւանում), իսկ 13 հիվանդներից 7-ը մահացել են։ Վիրուսակիրների եւ հիվանդների տարիքը 18-57 է (միջինը՝ 28)։ «Այս վիճակագրությունն ինչքանո՞վ է արտացոլում իրական պատկերը» հարցը բացեց ՁԻԱՀ-ի ուսումնասիրման եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Լեւոն Զոհրաբյանի հետ մեր զրույցը։

– Իրական պատկերը դա չի արտացոլում, որովհետեւ այսբերգի նման, այս դեպքում էլ մենք տեսնում ենք միայն վերեւի փոքրիկ մասը։ Իսկ հիմնական պրոբլեմը ջրի տակ է, չի երեւում։ Առավել եւս, եթե մենք չենք ուզում այն տեսնել։

– Իսկ ի՞նչ եք անում, որպեսզի հասարակությունը այս պրոբլեմը տեսնել ուզենա։

– Մենք խնդրում ենք, որ դուք (հավանաբար, պրն Զոհրաբյանը նկատի ուներ զանգվածային լրատվամիջոցներն ընդհանրապես – Ա. Գ.) անընդհատ լուսաբանեք այդ պրոբլեմը եւ բացատրեք մեր ազգաբնակչությանը. պրոբլեմի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ մենք հայտնաբերում ենք այն։ Ոչ թե թողնենք այնքան հասունանա, որ այլեւս չկարողանանք լուծել։

«Պահպանակը ձեր լավագույն ընկերն է» կամ ձեռքներդ հեռու մեր զավակ-մատաղ սերնդից

Կենտրոնի հիմնական նպատակներն են ՁԻԱՀ-ի կանխարգելումը եւ համաճարակի վերահսկողությունը։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները տեղեկատվական եւ կրթական բնույթ ունեն։ Հասուն անձանց հետ տարվում են, կոպիտ ասած, «բացատրական» աշխատանքներ՝ «Այսպիսի պրոբլեմ կա, այն աֆրիկաներում չէ։ Ձեզ կարգին պահեք, զգոն եղեք, ճիշտ վարք դրսեւորեք։ Թե չէ, մեկ էլ տեսաք մի վիրուս էլ ձեզ եկավ-կպավ»։ Կրթական աշխատանքները նպատակ ունեն շատ ավելի ջահելներին «կրթել, բացատրել՝ վտանգը որտեղից է գալիս, որոնք են կանխարգելման մեթոդները»։

Դրա համար են ՁԻԱՀ հայկական կենտրոնը եւ կրթության ու գիտության նախարարությունը մշակել եւ առողջապահության նախարարության հաստատմանը ներկայացրել մի ուսումնական ձեռնարկ, որը փաստերի, օբյեկտիվ տեղեկատվության հավաքածու է։ Խաչբառների, ռեբուսների եղանակով գրված դասագիրքը 8-10-րդ դասարանցիներին բացատրում է՝ որն է պրոբլեմը, որտեղից է գալիս, ինչպես կանխարգելել, ինչից խուսափել, ինչից պետք չէ վախենալ։ Անցյալ ուսումնական տարվա ընթացքում Երեւանի 20-30 դպրոց ընդգրկվել է այդ կրթական աշխատանքի մեջ։ Պրն Զոհրաբյանը նշեց, որ «ծնողների կողմից բավականին էմոցիոնալ (պարզապես չասաց՝ բացասական – Ա. Գ.) ռեակցիա է եղել, թե ինչու են իրենց երեխաների հետ «էդ» թեմաների շուրջ խոսում։ Բայց իրենց՝ երեխաներին, մեծապես հետաքրքրել են «էդ» թեմաները։ Սա պարզապես, ըստ ՁԻԱՀ տնօրենի, նշանակում է, որ երեխաները ինֆորմացիայի պակաս ունեն։

Մինն այսպես, մյուսն՝ այնպես

– Ձեզ մոտ ինչպե՞ս են գալիս եւ գալի՞ս են, թե՞ ոչ։

– Մեզ մոտ դոնորական արյան եւ ստուգվող քաղաքացիների երկու աղբյուր կա։ Առաջինը բժշկական համակարգն է, երկրորդն, այսպես կոչված, «ինքնահոսը»-ը։

– Այդ աղբյուրներից ո՞րն է գերակշռում։

– Դժվար է այդ հարցին պատասխանել։ Որովհետեւ որոշակի ժամանակահատվածներում այդ աղբյուրների հոսունությունը փոփոխվում է։ Ամենակարեւորն այն է, որ մեզ մոտ հետազոտությունը կատարվում է անվճար, խիստ գաղտնի եւ անանուն։

– Բուժման նպատակով ի՞նչ է կատարվում։

– Գործնականում հիվանդները բուժում ստանում են, կախված այն բանից, թե ինչ պրոբլեմ ունեն։ Եթե սպիդով հիվանդը տառապում է մաշկային հիվանդությամբ, գնում է մաշկային հիվանդանոց, ինֆեկցիոնը, ուռուցքայինը՝ համապատասխանաբար ինֆեկցիոն, ուռուցքային։

– Այսինքն չկա՞ կոմպլեքս բուժում։

– Ամեն երկիր պիտի ինքը իր համար որոշի՝ ինչպես է այդ հարցը լուծում։

– Կարելի՞ է ասել, որ մեր պետությունն այդպես է որոշել, որովհետեւ, որքան ես, որպես ոչ մասնագետ, հասկանում եմ, դա արդյունավետ չէ։

– Որպես ոչ մասնագետ դուք չեք կարող գնահատել՝ դա արդյունավե՞տ է, թե՞ ոչ։

– Այդ դեպքում դուք գնահատեք։

– Ես էլ չեմ կարող գնահատել, որովհետեւ գիտեմ՝ տարբեր երկրների փորձը տարբեր է։ Կան երկրներ, որ ստեղծում են կենտրոնացված հիվանդանոց, որտեղ բոլոր հնարավորությունները կան, եւ սպիդով հիվանդները բուժվում են այնտեղ։ Որոշ երկրներ էլ դիմում են դեցենտրալիզացիայի մեթոդին։ Դա քաղաքականություն է, այն ստրատեգիկ որոշում պիտի լինի։

– Մեր դեպքում այդ որոշումը կա՞, թե՞ ուղղակի սա է հարմար, ուրիշ ելք չունենք։

– Ըստ երեւույթին հարմար է կամ նույնիսկ համարվում է, որ դա ավելի ճիշտ է։ Այս դեպքում չեն ստեղծվում կոպիտ ասած «արգելոցներ»։

Եվ դո՞ւ, Հիպոկրա՛տ

– Տեղյա՞կ եք, թե ինչպես են Ձեզ հայտնի հիվանդներն ու վիրուսակիրներն ընդունվում հասարակության կողմից։

– Կոնկրետ չեմ կարող օրինակներ բերել, բայց պարզ բան է, որ եթե հասարակությունն ունի ինֆորմացիայի պակաս, նա ադեկվատ ռեակցիա տալ չի կարող։

– Իսկ իրե՞նք՝ բժիշկները։

– Բժիշկները նույն ձեւի մարդիկ են, ինչպես մյուսները։ Այս դաշտը դեռ հերկել-ցանել է պետք 1997 թ. փետրվարին ԱԺ-ն ընդունել եւ նախագահն էլ ստորագրել է ՀՀ օրենքը «ՄԻԱՎ-ից» (մարդու իմունային անբավարարության վիրուս) առաջացած հիվանդության կանխարգելման մասին»։

– Սա բավարա՞ր է աշխատանքի համար, թե՞ այլ օրենքներ կամ օրենսդրական ակտեր էլ են անհրաժեշտ ձեր աշխատանքի համար։

– Ես գիտեմ, որ հիմա առողջապահության նախարարությունը մշակում է օրենք՝ «Դոնորական արյան մասին» (ներկայացվել է ԱԺ)։

– Արդեն գործող, վերը հիշատակված օրենքում ի՞նչ թերություններ կան։

– Ժամանակը արագ է անցնում, փոփոխություններ այս ասպարեզում արագ են կատարվում եւ ի հայտ գալիս։ Բացի դրանից, մենք նոր ենք սկսել այս պրոցեսը։ Չկա այն օրենսդրական դաշտը, որով անձին պահանջ ներկայացվի ապրելու այնպես, որ ռիսկի գործոնները առավելագույնս պակասեցվեն։ Այլապես եթե ինչ-որ մեկը անում է «էս-էս» բաները, ինչու պիտի հարկեր մուծող քաղաքացին վճարի նրա բուժման համար։

Իսկ դո՛ւք, այսպե՞ս եք վերաբերվում սպիդին

– Հասարակությունը չի ուզում լսել այս մասին, չի ուզում հասկանալ։ Մարդիկ կարծում են, որ դա կարեւոր չէ։ Բայց եթե ունենք երեւույթը, որը, գիտենք, որ մեկ-երկու, հինգ տարի հետո բավական մեծ վտանգ է դառնալու, արդյոք բարոյական իրավունք ունե՞նք սպասելու, որ այդ 70 դեպքը դառնա հազար կամ երկու հազար։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930