Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱ ՄԻՆՉԵՎ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ԱՊԱՐԱՏ ԳՆԱՑԵԼ Է»

Հոկտեմբեր 23,1998 00:00
tarec kin

Նա՝ Ժենյա Հոբոսյանը, Մետաքսի կոմբինատի նախկին աշխատակցուհին, այժմ արտադրական վնասվածքի պատճառով ցմահ հաշմանդամ դարձած կին է։ Կարեն Դեմիրճյանի օրոք, իր ասելով, եղել է Կենտկոմի բյուրոյի անդամ։ Հիմա՞… հիմա ինքն էլ չգիտի, թե ում եւ ինչպես ապացուցի, որ իրեն մայիսի 22-ին անարգել ու անպատվել են, վիրավորել ու ծաղրել են։ Տնօրեն Ա. Հովհաննիսյանը ճիշտ է, մինչեւ «պրեզիդենտի ապարատ է գնացել», դիմել է վարչապետին, քննչական մարմիններին, բողոքել է, պահանջել։

Ժենյա Հոբոսյանը իր բողոք-նամակը բերեց նաեւ «Առավոտի» խմբագրություն։ Մենք լսեցինք-լսեցինք, ու եթե իրոք ամեն ինչ եղել է հենց նրա պատմածի պես, ապա այս աշխարհում իրոք ինչ-որ բան սխալ է։ Որոշեցի գնալ փաստերի հետեւից եւ պարզել իսկությունը։ Ստացվեց լրագրողական մի հետաքննություն, որի մանրամասները այժմ կներկայացնենք ձեզ։

Նամակ-բողոքը

Նամակը ներկայացվում է առանց խմբագրման՝ որոշ կրճատումներով

«30 տարի աշխատում եմ Շահումյան շրջանում գտնվող Մետաքսի կոմբինատում, չմոռանամ ասել, որ բնակվում եմ կոմբինատի հանրակացարանում։ 20 տարի առաջ կոմբինատում ստացա արտադրական տրավմա։ Երկար ժամանակ բուժում ստանալուց հետո բժիշկները եկան այն եզրակացության, որ հարվածը եղել է ուղեղիս եւ այլեւս բուժման ենթակա չէ, այսինքն՝ մինչեւ կյանքիս վերջը պետք է ապրեմ դեղերով՝ օրական 3-6 հաբ (ոպվջՏվՈս), որի արժեքն է 5000 դրամ։ Ինձ նշանակեցին երկրորդ կարգի ցմահ թոշակ, որովհետեւ կորցրել էի առողջությանս 70 տոկոսը, եւ անաշխատունակ եմ։ Ստանում էի 17 հազար դրամ վնասի հատուցում, որը բավականացնում էր միայն իմ դեղերը գնելու համար։ Բայց արդեն երրորդ տարին է, ստանում եմ 3 հազար դրամ վնասի հատուցում եւ ամեն ամիս դեղ գնելու համար այսօր իմ վրա կուտակվել է 120 հազար դրամ պարտք, չմոռանամ ասել, որ հատուցման գումարի պակասեցման մասին ինձ անգամ տեղյակ չի պահվել։

Նկատի ունենալով այդ ամենը, ես 22.05.98 թ. գնացի կոմբինատ, որպեսզի խնդրեմ տնօրեն Ա. Հովհաննիսյանին ինչ-որ ձեւով օգնելու ինձ։ 5 տարի եղել եմ Շահումյանի ժողդատարանի ատենակալ, 5 տարի Կարեն Դեմիրճյանի օրոք եղել եմ Կենտկոմի անդամ եւ ունեմ բարձրագույն կրթություն։ Իսկ նա, հակառակ այդ ամենին, արհամարհական տոնով պատասխանեց ինձ եւ կարգադրեց իր աշխատակիցներին, որ վռնդեն ինձ այնտեղից, պատասխանելով, որ «դեպքը չի կատարվել իմ օրոք եւ չեմ կարող օգնել ձեզ ոչ մի հարցով»։ Բայց դեպքը հաստատող փաստաթղթերը կոմբինատում են, դրան տեղյակ են ղեկավարությունը եւ բոլոր աշխատակիցները։ Եվ, հակառակ իմ կամքին, մի կերպ դուրս շպրտելով, քարշ տալով աստիճաններից, դուրս հանեցին կոմբինատից։

Այդ ժամանակաընթացքում նա հասցրեց ահազանգել Շահումյան շրջանի միլիցիա, մուտքի մոտ ինձ ձերբակալեցին եւ տարան միլիցիա։ Երեք հոգով սկսեցին հարցաքննել, եւ ես, պատմեցի իրենց այս ամենը։ Վերցնելով իմ երկրորդ կարգի ցմահ թոշակառուի գրքույկը, նայեցին, ծիծաղեցին եւ արհամարհական տոնով երեսիս շպրտեցին։ Մոտավորապես մեկ ժամ անց եկավ «Կարմիր խաչի» շտապ բուժօգնության մեքենան, բռնի ուժով շպրտեցին ինձ մեքենայի մեջ, դռները փակեցին։ Վարորդն այդ պահին իջավ մեքենայից, արագ-արագ մոտեցավ ինձ, մեքենայում գտնվող երկու հոգու հետ կոտրեցին թեւերս եւ պարանով կապեցին հետեւիցս։

Ես ցավերից գալարվում էի, իսկ նրանք, դահիճի պես, օգտվելով առիթից, վերցրին պայուսակս, ակնոցս դրեցին իրենց աչքերին եւ դրամապանակիցս հանելով 11 հազար դրամ, որը ճարել էի հարեւանիցս՝ պարտքերս մարելու նպատակով, յուրացրին։ Պատառոտեցին զգեստս, որը վերջերս էի նվեր ստացել ծննդյանս օրվա կապակցությամբ, եւ որն արժեր 15 հազար դրամ, եւ ինձ տարան հոգեբուժական հիվանդանոց։ Իմ իրավունքները վերականգնելու համար ստիպված դիմել եմ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, վարչապետ Ա. Դարբինյանին, ՀՀ նախագահի խորհրդական Պ. Հայրիկյանին, որոնք հանձնարարել են ՆԳ եւ ԱԱ նախարարությանը քննել հարցը։

Այդ ամենից հետո գործն ուղարկվել է Շահումյանի ՆԳ բաժին՝ տարածքային կարգով լուծում տալու համար։ 16.09.98 թ. Շահումյանի ՆԳ քննչական բաժնի պետ Ա. Ղարիբյանից ստացա պատասխան, որտեղ նշված է քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Գրությունն ստանալուց հետո եղա ՆԳ քննչական բաժնում, եւ շատ կոպիտ եւ արհամարհական տոնով, նույնիսկ չուզենալով լսել, դուրս վռնդեցին, ասելով. «գործն այդպես է պահանջում, բողոքեք որտեղ կամենում եք»։

Ես ստիպված խնդրում եմ Ձեր միջամտությունը, օգնելու ինձ իմ իրավունքները վերականգնելու համար, գոնե այս ամենից հետո հատուցեն ինձ հասցրած վնասի համար, եւ հավատացնում եմ Ձեզ, որ գործը մերժվել է զուտ կաշառակերության միջոցով»։

Ժ. ՀՈԲՈՍՅԱՆ

Տնօրենի հետ հեռախոսազրույցից

-Պարոն Հովհաննիսյան, ձեր գործարանի նախկին աշխատակցուհին, որն այժմ հաշմանդամության թոշակ է ստանում, բողոք-նամակ է գրել՝ ուղղված խմբագրությանը։ Ժենյա Հոբոսյանն ասում է, թե…

-Գիտե՞ք, այդ կինը հոգեկան հիվանդ է, ինքն անընդհատ բուժվում է հոգեբուժարանում։ Ես այդ կնոջը ե՛ւ հանրակացարան եմ տվել, ե՛ւ մեծ գումարներ եմ տվել։ Հիմա, այս պահին գումար չկար, կարող է մեկ ամիս էլ ուշանա։ Նա շատ մեծ գումարներ է ստացել, մինչեւ 200-300 հազար։ Մնացել է մի 20-30 հազարը։ Իսկ մեր ձեռնարկությունն անվճարունակ է։

-Ճի՞շտ է, որ ձեզ հետ մայիսի 22-ին զրույցից հետո դուք դիմել եք իրավապահ մարմիններին, թե՝ եկեք սրան տարեք։

-Մենք միլիցիա չենք զանգահարել։ Նրան հոգեբուժարան են տարել իր բնակավայրից։ Իրեն ոչ ոք չի անպատվել, ինքն է բազմիցս բոլորին անպատվել։

Հանրակացարանի կանայք

Նրանք, չգիտես ինչու, հատուկ պատրաստվածի տպավորություն թողեցին ու սկսեցին «Էդ Ժենյայի» մասին ամեն ինչ ասել։ Ասածներս էլ միայն վատ-վատ բաներ էին, մոտավորապես այս կարգի. «Երբ որ իրեն ձեռնտու է՝ գիժ է, բայց երբ որ ձեռնտու չէ՝ շատ էլ խելոք է»։ Պատմեցին, թե ինչպես է գնացել կոմբինատի տնօրենի փողկապը քաշքշել։ Ասացին նաեւ, թե մի անգամ էլ լույս չունենալու պատճառով ծեծել է «ընկեր Թերեզային»։ Ընկեր Թերեզան հանրակացարանի պարեկն է եւ ակնհայտորեն դժգոհեց, «որ մի բան խոսում եք, չափներդ ճանաչեք»։ Որոշ ժամանակ անց որոշելով, որ կանայք մեզ խանգարում են, ասաց. «Գնացեք, գնացեք, հերիք է խոսեք, թե չէ մի քիչ էլ մնաք, շատ բան կխոսեք»։

Քննչական բաժնի պետը Շահումյանի ՆԳ քննչական բաժնի պետ Ա. Ղարիբյանի հետ հեռախոսազրույցի սկզբում, թվաց, թե հարցերիս պատասխանը կստանամ։ Հետո էլ պրն Ղարիբյանը հիշեցրեց, որ ինքը քննչականի պետն է եւ լավ կլինի ոչ թե հեռախոսով զրուցենք, այլ հանդիպենք։ Հանդիպեցինք։ Բաժնի պետի առանձնասենյակում երկու այլ անձինք եւս կային։ Զրույցը սկսվեց նրանց ներկայությամբ։ Պրն Ղարիբյանը նախ մի փոքր ծանրութեթեւ արեց հարցը, հետո էլ որոշեց.

-Եթե խոստանաս, Մարգարիտ ջան, որ ոչ մի բան չես գրելու, ես քեզ ամեն ինչ կպատմեմ։ Այսպիսի բան չէի կարող խոստանալ եւ պրն Ղարիբյանը հիշեց, որ իրենք «ինֆորմացիա տալու իրավունք ունենք միայն «02»-ին, դուք կարող եք նրանց միջոցով ձեր ուզած ինֆորմացիան ստանալ»։

Հարցս կրկնեցի.

-Ինձ պարզապես հետաքրքրում է, Ժենյա Հոբոսյանի անունով դուք բողոք-նամակ ստացե՞լ եք, եւ եթե այո՝ ի՞նչ ընթացք եք տվել։

Պարոն Ղարիբյանը ինչ-որ մեկի հետ «էն գիժ կնոջ մասին, որ եկել էր թղթերի հետեւից» երկար խոսեց հեռախոսով։ Հետո մի պահ լռեց ու ավելի կտրուկ պնդեց «02»-ի տարբերակը։ Դարձյալ կրկնվեց ընկերական զրույցի առաջարկը, «նստեք խոսենք, էդ կնոջ մասին ամեն ինչ կպատմեմ, միայն թե ոչ մի տող չպետք է գրեք»։ Ինչպես տեսնում եք, զրույցը չկայացավ։

Վերջաբանի վերջը

Այն, ինչ կատարվել է ՀՀ քաղաքացուհու հետ, իրոք, հերթական ապացույցն է, որ մարդիկ այս երկրում անպաշտպան են։ Եվ նույնիսկ «պրեզիդենտի ապարատ» գնացող հարցը, ի վերջո, հետ է գալիս եւ նույն մարդկանց ձեռքն ընկնում։ Նրանք էլ վարվում են «ընկերաբար ու մարդավարի»։ Եվ քանի դեռ հարցերն այս երկրում այդպես կլուծվեն, ուրեմն իզուր է այս ամբողջ աղմուկը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031